Բեռնափոխադրումները նորից կաթվածահար վիճակում են

06/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանը դադարեցրեց Վրաստանի հետ օդային, ծովային եւ նույնիսկ փոստային հաղորդակցությունը: Ցամաքային ուղին չէր գործում դեռեւս հուլիսից, երբ ռուսները վերանորոգումների պատրվակով փակեցին Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Այն ժամանակ վրաց պաշտոնյաները հայտարարեցին, որ Ռուսաստանն իր սահմանը փակել է Վրաստանին անհնազանդության պատճառով պատժելու համար:

Վրացիները նաեւ պարզ ասացին, որ սահմանի փակումը վատ է անդրադառնալու ոչ այնքան Վրաստանի, որքան Հայաստանի վրա: Նրանք ճիշտ էին: Վրաստանն արտաքին ելք ուներ նաեւ Սեւ ծովով ու Ադրբեջանով: Մինչդեռ Հայաստանի հնարավորություններն այդ առումով խիստ սահմանափակ են: Մեր բեռների մեծ մասը Ռուսաստանից գալիս է Վրաստանի ցամաքային ճանապարհով: Արտահանվող բեռների որոշ մասն էլ տեղափոխվում էր Վերին Լարսի անցակետով:

Անցակետի փակման ժամանակ մեր բեռնափոխադրումը կաթվածահար եղավ եւ մնաց միայն Փոթի-Նովոռոսիյսկ-Բուրգաս-Փոթի երթուղին շաբաթը մեկ գործող լաստանավով: Իսկ լաստանավ բարձրանում են նախ` ռուսական եւ բուլղարական, հետո` ուկրաինական ու վրացական, ամենավերջում նոր` հայկական բեռները: Անցակետի փակման առաջին օրերին Փոթիի եւ Նովոռոսիյսկի նավահանգիստներում մեծ կուտակումներ էին առաջացել, որովհետեւ Վերին Լարսում հավաքված մեքենաները երկու կողմից էլ ետ էին դարձել, որպեսզի իրենց ճանապարհը ծովով շարունակեն: Մեր բեռնափոխադրողներն այն ժամանակ պատմում էին, որ լաստանավի վրա իրենց բեռների համար շատ հաճախ տեղ չէր լինում, եւ սպասում էին նրա երկրորդ շրջապտույտին՝ յոթ օր հետո: Բացի դրանից, ծովային ճանապարհը թանկացնում է բեռնափոխադրումը:

Հայ բեռնափոխադրողները հազիվ ու մեծ դժվարությամբ էին հարմարվել այդ վիճակին, բայց այս օրերին նորից հայտնվել են խուճապի մեջ: «Մաքս Գրուպ» ընկերությանը պատկանող թռչնակերի մի խմբաքանակը մնացել է Ազովի ծովի նավահանգիստներից մեկում, մյուս մասը՝ Փոթի նավահանգստում: Ըստ ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանի՝ Ռուսաստանը Վրաստան ուղեւորվող նավին լոցման (ուղեկցորդ) չի տրամադրում: Իսկ նավն առանց ուղեկցորդի չի կարող շարժվել: Փոթիում կուտակված բեռներն էլ չեն թափվում, որովհետեւ Ռուսաստանը Վրաստան չի ուղարկել իր կոդային համարով կոնտեյներները: Նավահանգստում Հայաստանի ապրանքը Վրաստանի ու Ադրբեջանի կոդերով կոնտեյներներով չեն բեռնաթափում: Եվ Փոթիի նավահանգստում բեռնաթափման հետաձգման յուրաքանչյուր օրն ընկերությանը կպատճառի 2000 դոլարի վնաս: Բացի այդ, անորոշ է նաեւ լաստանավի ուղեւորման ճակատագիրը: Անցած երկուշաբթի լաստանավը Փոթիից դուրս է եկել եւ երեքշաբթի հասել է Նովոռոսիյսկ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի այդ լաստանավը Նովոռոսիյսկից պետք է գնար Բուրգաս: Սակայն երեկվա դրությամբ այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասաց, որ լաստանավից դեռ ոչ մի տեղեկություն չունեն: Նրանց բեռնափոխադրող մեքենաները նույնպես լաստանավի վրա են: «Մինչեւ հիմա նավից ոչ մեկը չի իջել, որ կարողանանք տեղեկություն ստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Համբարձումյանը:

Հնարավոր է, որ Ռուսաստանն արգելել է Նովոռոսիյսկում ընդունել Վրաստանից դուրս եկող լաստանավը: Հնարավոր է, որ լաստանավը կընդունվի, եթե վրացական բեռները ետ իջեցնեն Փոթի: Սակայն այդ դեպքում էլ չի բացառվում, որ Վրաստանն առանց իր բեռների իր նավահանգստից թույլ չտա նավ դուրս գալ կամ էլ՝ նավ ընդունել: Եվ պարզ է, որ արդյունքում նորից ամենաշատը կտուժի Հայաստանը: Ճիշտ է, Հայաստանը նորից ելք կգտնի, կօգտվի ոչ թե Ռուսական Նովոռոսիյսկ, այլ, ասենք, ուկրաինական Իլյիչեւսկ նավահանգստից, սակայն դրա համար ժամանակ է պետք: Հայաստանը պետք է տնտեսական նոր կապեր ստեղծի: