Տեղ-տեղ կաղացող վագրերի կյանքից

06/10/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այս օրերին երկրի ֆինանսական շուկան նորից տատանվում է: Կայուն ու անընդհատ արժեզրկվող տարադրամը մի քանի դրամով արժեւորվեց: Մամուլում հրապարակումներ եղան տարադրամի շուկայում նկատված անհասկանալի գործարքների մասին: Ու նորից շատերի շուրթերին Կենտրոնական բանկի անունն է: Հակառակի պես ԿԲ-ն հոկտեմբերի 3-ին խորհրդի նիստ էր գումարել: Այդ մասին հաղորդագրությունն ընթերցած մարդու մոտ միանգամից կարթնանան խորհրդային տարիների մասին հիշողությունները: Գյուղատնտեսության համար ամեն նպաստավոր տարվա վերջում ԽՍՀՄ-ում լուրջ աժիոտաժ էր սկսվում` «Օգնեք, բերքը շատ է» կարգախոսով: Գիտաշխատողներին, ուսանողներին եւ անգամ զինվորներին հանում էին դաշտ` անակնկալ մեծ բերքը փրկելու: Մեծ բերքը չարիքի պես մի բան էր, որ խաթարում էր բոլորի կյանքը: Դատելով ԿԲ-ի խորհրդի նիստի մասին հայտարարությունից` մեր տնտեսական կյանքում հիմա առնվազն երկու չարիք կա: Առաջինը` երկնիշ տնտեսական աճն է: «Խորհուրդը գնահատում է, որ 2006թ. ընթացքում կգրանցվի երկնիշ տնտեսական աճ, որը կզուգակցվի ուժեղացող գնաճային ճնշումներով»: Փաստորեն, վերջին տարիների մեր պաշտոնական հպարտությունը` երկնիշ տնտեսական աճը չարիք է, որից հարկավոր է պաշտպանվել: Թե չէ գնաճը մահացու ճնշում կգործադրի: Հատկապես, որ սպառնացող գնաճը, ներքին թշնամուց բացի, արտաքին սպոնսորներ էլ ունի: Առաջինը, ԿԲ-ի կարծիքով, նավթի միջազգային գներն են: Նավթի բարձր գներից մերոնք, չգիտես ինչու, սկսեցին զգուշանալ, երբ դրանք ընկնում են: Ճիշտ ԿԲ խորհրդի նիստի օրը միջազգային լրատվության առաջին թեման այն էր, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը(ՕՊԵԿ) սկսել է կրճատել արդյունահանումը: Նրանք վախենում են գների անկման արագությունից: Ամռան վերջին մեկ բարելն արժեր 78.5 դոլար, հիմա` 62: «Դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ռիսկերը»,- արձանագրում է ԿԲ խորհուրդը եւ, որպես օրինակ, էներգակիրների հետ, նշում շաքարավազի բարձր գինը: Շաքարավազի շուկան Հայաստանում ամենամոնոպոլիզացվածն է եւ պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Սա գիտեն բոլորը (կարելի է ենթադրել, որ գիտեն անգամ ԿԲ-ում): Ներքին բարձր գները միջազգային շուկայի օրինակով բացատրելը մի քիչ տարօրինակ, մի քիչ էլ անհաջող փորձ է: Որովհետեւ շաքարի գները` Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալներով, թարսի պես, ընկնում են: Գրաֆիկից կարող եք համոզվել ինքներդ: Դրանք բարձր են եղել հուլիսի սկզբին(490 կետից ընկնելով 370): Ըստ ԿԲ-ի` գնաճի արտաքին մյուս պատճառը պայմանավորված է «Ռուսաստանում եւ Ուկրաինայում հացահատիկի բերքի սպասվող նվազմամբ»: Ուշադրություն դարձրեք, այս տեքստը ԿԲ-ն տարածել է հոկտեմբերի 3-ին: Ու պատկերացրեք, թե ԿԲ խորհրդի նիստում այդ օրը քանի լուրջ մարդ է արտահայտվել Ռուսաստանում եւ Ուկրաինայում հացահատիկի սպասվող բերքի մասին: Ոչ ոք չի էլ ասել, որ այդ երկու երկրում էլ հացահատիկը հավաքում են հուլիս-օգոստոս ամիսներին: Հոկտեմբերին պետք է խոսել ոչ թե բերքի սպասման, այլ ծավալի մասին:

Արտաքին տնտեսական այս ծանրակշիռ վերլուծություններից հետո Խորհուրդը հայտարարում է, թե ինքը «միակարծիք է, որ ՀՀ տնտեսությունում արագացել է ապադոլարացման գործընթացը» եւ որպես գործողության ուղեցույց նշում` «Այս պայմաններում ԿԲ-ն պատրաստ է բավարարել դրամի նկատմամբ ավելացած պահանջարկը` ներքին շուկայում արտարժույթ գնելով»: Ճիշտ ժամանակն է անդրադառնալու մեր տնտեսական կյանքին սպառնացող երկրորդ չարիքին: Խոսքը դոլարի մասին է: Շատ երկրներ տառապանքով արտահանող տնտեսություն են ստեղծում` փորձելով ուրիշներին որեւէ բան վաճառել ու տարադրամ աշխատել: Մեր պարագան այլ է: Մենք աշխատուժ ենք արտահանել այլ երկրներ ու հիմա դրսից փող ենք ստանում: Պաշտոնապես հայտարարվում է, որ այս տարի ստացվող գումարը 1.5 մլրդ դոլար է կազմելու: Այդ փողն էլ հենց հայտարարվում է տնտեսական չարիք: Իհարկե, միամիտ բան է` ԿԲ-ից պահանջել, որ նա փորձի հավաքել երկրում շրջանառվող տարադրամի նկատելի ու տնտեսական իմաստով որեւէ հարց լուծող ծավալի տարադրամ: Մեր երկիրն այդքան հզոր տնտեսություն չունի: ԿԲ-ն կարող է միայն մի քանի տասնյակ մլն դոլար գնել: Ինչն իհարկե բարեխղճորեն անում է: Սակայն այդ գնումներն իրականում կոսմետիկ քայլեր են եւ տնտեսական էական ազդեցություն չունեն: Միակ ազդեցությունը կարող էր լինել ներքին շուկայում դրամի ծավալի ավելացումը: Բայց որպեսզի այս հարցում որեւէ մեկը իլյուզիաներ (դաշնակները կասեին` տեսլականներ) չունենա, ԿԲ-ն հենց հաջորդ պարբերությունում ավելացնում է, որ իր գործառույթների արդյունքում ավելացած դրամային միջոցները շուկայից հետ է քաշելու: Ավելին` նա ոչ միայն իր, այլեւ կառավարության ( բյուջետային) ծախսումների արդյունքում վճարված փողը հետ հավաքելու մասին է խոսում: Սեփական պարտատոմսեր թողարկելով` ԿԲ-ն ամեն ամիս մոտ 10 մլրդ դրամ է հանում շուկայից:

Երկրի տնտեսության վրա ազդող գործոնները նշելիս միակ անառարկելին «գյուղատնտեսության ոլորտի անկմամբ պայմանավորված» փաստարկն է: Հարազատ ու Ազգային վիճծառայությունը բարեխղճորեն գումարում է գյուղապետերի ներկայացրած տվյալները: Արդյունքում տարիներ շարունակ մեր գյուղատնտեսությունը թղթի վրա աճում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիշատակած վագրի ցատկերով: Հիմա մեր ղեկավարությունը կարծես հասկացել է, որ այսպիսի տվյալներ ունեցող երկրին կարող են հանել օգնություն ստացողների ցուցակից: «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում ստացվող օգնություններն էլ կարող են չտրամադրվել: Սփյուռքին էլ դժվար կլինի համոզել, թե` օգնեք, մեր գյուղերը զարգացնենք: Արդյունքում այս տարի եւ կհամարձակվեմ ենթադրել` մոտակա ապագայում եւս մեր վագրը գյուղատնտեսության ոլորտում կաղալու է: Ի պետս ԿԲ-ի եւ իշխանության մյուս օղակների` վագրի ցատկերը տեղափոխվում են այլ` շինարարության ու ծառայությունների ոլորտներ: Շինարարության աճն ակնհայտ է, իսկ ծառայությունների ոլորտը ստուգելն` անհնար:

Հ.Գ. Նշված հաղորդագրության մեջ տեղ գտած թերությունները, ինչպես նաեւ` տարադրամի ժամանակավոր արժեւորումը ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի Հայաստանից բացակայելու փաստի հետ կապելը, իմ կարծիքով, սխալ է: