Այս տարվա մարտին գերմանական KfW բանկը ՀՀ կենտրոնական բանկի հետ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» վարկային պայմանագիր է կնքել, որի շրջանակներում KfW-ն ընդհանուր առմամբ 12 մլն եվրոյի վարկ է տրամադրելու ԿԲ-ին` 40 տարի մարման ժամկետով եւ 0,75% տոկոսադրույքով: Հիփոթեքային շուկայի զարգացման համար նախատեսվող վարկային այս ծրագրի առաջին տրանշը` 6 մլն եվրոն, արդեն տրամադրվել է:
Երեկ հայտնի դարձան ծրագրի մասնակից գործընկեր ֆինանսական 8 կազմակերպությունների անունները` «Հայէկոնոմբանկ», «Արարատ բանկ», «Առէքսիմբանկ», «Կասկադ բանկ», «Ինեկո բանկ», «ԻՏԲ միջազգային առեւտրային բանկ», «Առաջին հիփոթեքային ընկերություն» եւ «Վաշինգտոն քափիթալ» վարկային կազմակերպություն: Ծրագրին մասնակցելու համար դիմել էին 15 առեւտրային բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ: Մրցույթի արդյունքները հաստատվել են ԿԲ-ի, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների եւ KfW բանկի ծրագրի ղեկավարի կողմից: Երեկ ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը նշեց, որ վերոնշյալ 8 կազմակերպություններն ընտրելիս ոչ միայն հաշվի են առնվել նրանց ներկայացված պահանջները, այլեւ բանավոր զրույցներ են եղել այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ի դեպ, գաղտնի է պահվում, թե ԿԲ-ն ի՞նչ տոկոսադրույքով է գումարները տալիս ֆինանսական կազմակերպություններին:
Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանի հավաստմամբ` վարկային ծրագրի շրջանակներում աշխատող բանկերը պետք է հետեւեն որոշակի պայմանների: Մասնավորապես, հիփոթեքային վարկերը պետք է տրամադրվեն միայն ՀՀ դրամով, յուրաքանչյուր վարկի գումարը չպետք է գերազանցի 12 մլն դրամը, իսկ մարման ժամկետը չի կարող 10 տարուց պակաս լինել: Կ. Գեւորգյանի խոսքերով, վարկային տոկոսադրույքները պետք է ձեւավորվեն շուկայում: Իսկ Ա. Ջավադյանի կարծիքով, տոկոսադրույքները կնվազեն: KfW-ի փողերով հիփոթեքային վարկերը կսկսեն տրամադրվել 2007թ. փետրվարից: Վարկային մյուս տրանշը կտրվի առաջին 6 մլն եվրոն տեղաբաշխելուց հետո:
Ա. Ջավադյանի հավաստմամբ` սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 19,5 մլրդ դրամ, որից ընդամենը 3 մլրդ-ն է տրամադրվել դրամով: Հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները տատանվել են 10-15%-ի շրջանակներում: Ըստ առանձին հաշվարկների, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի ընդհանուր պահանջարկը կազմում է 150-250 մլն դոլար: Հիփոթեքային շուկան զարգացնելու համար վարկային միջոցների ներգրավման նպատակով այժմ բանակցություններ են ընթանում միջազգային այլ կազմակերպությունների` Վերակառուցման եւ զարգացման ասիական բանկի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ:
Ծրագրի կազմակերպիչները նշում են, որ հիփոթեքային վարկերից կօգտվեն հիմնականում միջին խավի ներկայացուցիչները: Նկատենք, որ հիփոթեքային այս վարկերի պայմաններից մեկն էլ այն է, որ վարկի ամսական մարման գումարը չպետք է գերազանցի վարկառուի ընդհանուր եկամուտների 35%-ը: Այժմ ենթադրենք, քաղաքացին վերցրել է «իդեալական» հիփոթեքային վարկ` 12 մլն դրամ, 10 տարի մարման ժամկետով, 10% տոկոսադրույքով: Այս դեպքում ստացվում է, որ այդ վարկառուի ամսական եկամուտը պետք է լինի առնվազն 450.000 դրամ: Իսկ ՀՀ-ում այդքան եկամուտ ստացողին դժվար է միջին խավի ներկայացուցիչ համարել: Ուստի այս ծրագրի դեպքում էլ միջին խավը մնում է ստվերում: