Իրենք իրենց սարքած արժեւորումից վախեցան

06/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին օրերին մեր բնակչությունն ականատես եղավ մի հետաքրքիր երեւույթի։ Երկուշաբթի օրը փոխանակման կետերը դոլարը գնում էին 370 դրամով, օրվա ընթացքում այն իջավ մինչեւ 360 դրամ, իսկ հետո կրկին սկսեց բարձրանալ։ Երեկ արդեն փոխանակման կետերը 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարում էին 375-376 դրամ։

Ընդհանրապես, փոխարժեքի վարքագիծը մեր երկրում շատ դժվար է բացատրել, որոշ դեպքերում՝ անգամ անհնարին։ Ի՞նչ իմանաս՝ այն որ ուղղությամբ եւ ինչ արագությամբ կլողա։ Մենք չենք էլ փորձի բացատրել կամ կանխատեսել, պարզապես կներկայացնենք վերջին օրերի ժամանակագրությունը։

Մի քանի օր առաջ կառավարությունը ԱԺ ներկայացրեց «2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն, որով գնաճի թույլատրելի շեմը 3%-ից դառնում է 5%, +/- 1.5%։

Հետո Ազգային վիճակագրության ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց 2006թ. առաջին 9 ամիսների գնաճի ցուցանիշները։ Այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.3% գնանկում օգոստոսի նկատմամբ։ Սակայն նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ (տասներկուամսյա) գնաճը կազմել է 5.9%։ Եթե հիշում եք, ԿԲ-ն կանխատեսում էր, որ 3% նպատակային ցուցանիշը չի պահպանվի, տարվա վերջին գնաճը կտատանվի 6%-ի շրջակայքում։

Եվ վերջապես, հոկտեմբերի 3-ին ԿԲ-ն տարածեց հաղորդագրություն, որը վերաբերում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքին եւ գնաճին։

Կառավարության առաջարկությանը դեռ կանդրադառնանք, սակայն մինչ այդ առանց փոփոխության ներկայացնենք ԿԲ հաղորդագրության՝ գնաճին վերաբերող մասը։

«Թեեւ վերջին ժամանակաշրջանում գրանցվել է նավթի միջազգային գների որոշակի նվազում, դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ռիսկերը՝ հիմնականում կապված էներգակիրների եւ այլ ապրանքների (բազային մետաղներ, շաքարավազ) տարվա ընթացքում արդեն իսկ ձեւավորված միջազգային գների բարձր մակարդակով, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում հացահատիկի բերքի սպասվող նվազմամբ: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ շինարարության եւ ծառայությունների ոլորտների շարունակվող աննախադեպ բարձր աճով պայմանավորված եկամուտների ավելացումը՝ զուգորդվելով գյուղատնտեսության ոլորտի անկմամբ պայմանավորված գյուղատնտեսական ապրանքների գների աճի հետ, շարունակում է ստեղծել գնաճային ճնշումներ: Հարկաբյուջետային տեսանկյունից, մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերի՝ գնաճի վրա բարձրացման ուղղությամբ լագային ազդեցությունը կդրսեւորվի արդեն 2007 թ.-ի առաջին կեսին: Թեեւ ըստ ԿԲ գնահատումների, միջին տարեկան գնաճը չի գերազանցի 3%-ը, այնուամենայնիվ, տարեվերջին գնաճի ցուցանիշը կգերազանցի 3% նպատակային մակարդակը»։

Տարօրինակն այն է, որ այստեղ որեւէ խոսք չկա տրանսֆերտների մասին։ Իսկ էական տեմպերով աճող տրանսֆերտները, թերեւս, գնաճային ճնշում առաջացնող ամենամեծ գործոնն են։ Գնաճ առաջանում է այն դեպքում, երբ շուկան չի հասցնում բավարարել պահանջարկը։ Իսկ պահանջարկը ձեւավորվում է եկամուտներից։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ «շինարարության եւ ծառայությունների ոլորտների շարունակվող աննախադեպ բարձր աճով պայմանավորված» եկամուտների մասին խոսք գնում է, իսկ դրանք մի քանի անգամ գերազանցող տրանսֆերտների մասին՝ ոչ մի խոսք։ Բացատրությունը թերեւս այն է, որ շինարարության եւ ծառայությունների ոլորտները խոսում են «տնտեսական աճի մասին», իսկ տրանսֆերտները հակառակի մասին են վկայում։

Անցնենք առաջ։ ԿԲ հաղորդագրության մեջ կա նաեւ մեկ այլ հետաքրքիր կետ՝ ԿԲ-ն պատրաստ է բավարարել դրամի նկատմամբ ավելացած պահանջարկը՝ ներքին արժութային շուկայում արտարժույթ գնելով։ Ուշադրություն դարձրեք «դրամի նկատմամբ ավելացած պահանջարկ»՝ արտահայտությանը։ Արտարժույթ գնելու նպատակը բոլորին հասկանալի է՝ դրամն արդեն չափից դուրս շատ է արժեւորվում եւ դժգոհություններ առաջացնում, եւ արտարժույթը գնվում է՝ փոխարժեքը կայունացնելու համար։ Սակայն ձեւակերպումն է այլ։ Իսկ մինչ այդ ԿԲ-ն մեկ նախադասությամբ հիմնավորել է այս քայլը. «Խորհուրդը միակարծիք է, որ ՀՀ տնտեսությունում արագացել է ապադոլարացման երեւույթը»։

Սա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ վստահել դրամին, եւ ԿԲ-ն էլ ընդառաջ է գնում այս պրոցեսին՝ արտարժույթ գնելով եւ դրամ «սրսկելով» շրջանառության մեջ։

Նշենք նաեւ, որ Կենտրոնական բանկը ոչ միայն պատրաստ է, այլեւ արդեն իսկ ձեռնարկել է որոշ քայլեր։ Ինչպես մեզ հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ներքին շուկայից գնել է մոտ 32 մլն ԱՄՆ դոլար։ Մեր տեղեկություններով, մեծ քանակությամբ դոլար է գնվել նաեւ այս շաբաթվա առաջին օրերին։ Ցավոք, ճշգրիտ տեղեկություններ ծավալների մասին չենք կարող նշել։ Պարզապես կարող ենք համեմատություն անցկացնել Հայաստանի Ֆոնդային բորսայի (ՀՖԲ) տվյալների հետ, որոնց համաձայն` օգոստոս ամսին իրականացվել է 38.769 մլն դոլարի առք ու վաճառք։ ՀՖԲ փոխտնօրեն Կարեն Զաքարյանի խոսքերով, ԿԲ-ն ներքին շուկայում արտարժութային գործարքներ իրականացնում է միայն իրենց կազմակերպության միջոցով (թեեւ հնարավորություն ունի նաեւ այլ ձեւով իրականացնել)։ Ստացվում է, ողջ ամսվա ընթացքում կատարվել է 38.769 մլն դոլարի գործարք, որից 32 միլիոնը բաժին է ընկնում միայն վերջին շաբաթվան եւ միայն ԿԲ-ին։ ՀՖԲ տվյալներով, հոկտեմբերի 2-ին կատարվել է 4.1 մլն դոլարի, իսկ հոկտեմբերի 3-ին՝ 1.795 մլն դոլարի գործարք։ Որեւէ կերպ չկարողացանք պարզել, թե դրանց մեջ որն է ԿԲ-ի մասնաբաժինը։ Սակայն հաշվի առնելով, որ երկուշաբթի օրվանից սկսած փոխարժեքը մի փոքր կայունացել է, եւ անգամ նկատվել է դրամի որոշակի արժեզրկում, կարելի է ենթադրել, որ երկու օրվա ընթացքում իրականացված մոտ 6մլն դոլարի գործարքները կատարել է հենց Կենտրոնական բանկը՝ արտարժույթ գնելով։ Եվս մի հանգամանք։ Մեր տեղեկություններով, որոշ բանկեր այս մի քանի օրվա ընթացքում բավական շահել են՝ դոլարը գնելով 370 դրամով, եւ ԿԲ-ին վաճառելով 381 դրամով։ Մի մոռացեք, որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին։

Ինչեւէ, պարզ է դառնում, որ ԿԲ-ին վերջապես սկսել են մտահոգել արժեւորման բացասական հետեւանքները, եւ որոշել են ինչ-որ քայլեր անել։ Սակայն այդ քայլերը կարող են բերել գնաճի։ Սրա դեմ էլ ԿԲ-ն քայլեր է ձեռնարկել՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 4.75%։ Գնաճի դեմ պայքարելու համար, սակայն, դա բավարար չէ։

Հիմա վերադառնանք ամենասկզբին ու փորձենք պատկերացնել, թե ի՞նչ է տեղի ունենում։ ԿԲ-ն կատարում է իր պարտականությունը, աշխատում է զսպել գների աճը։ Սակայն, դրան զուգահեռ` դրսից գալիս են շատ մեծ գումարներ, որոնք, բնական է, ինչ-որ կերպ պետք է ազդեն տնտեսության վրա։ Իսկ այդ ազդեցությունը կարող է արտահայտվել կա՛մ գնաճի, կա՛մ փոխարժեքի վրա։ Երկար ժամանակ նախապատվությունը տրվել էր գնաճին։ Սակայն փոխարժեքն արդեն իջավ վտանգավոր մակարդակի, եւ կառավարության տնտեսական քաղաքականությունը կարող է հայտնվել վտանգի տակ։ Բացի այդ, առջեւում ընտրություններ են, իսկ դրամի արժեքավորումն՝ իր բացասական հետեւանքներով հանդերձ, դառնալու է ընդդիմության կարեւոր խաղաթղթերից մեկը։ Բնականաբար, դա ոչ մեկին ձեռնտու չէ։

Երեւակայությանը զոռ տալու դեպքում կարող ենք պատկերացնել մի այսպիսի խոսակցություն՝ կառավարության եւ ԿԲ-ի միջեւ։

Կառավարություն – Դրամը շատ է արժեւորվում, լավ չի, մի բան պետք է անել։

ԿԲ – Չենք կարող։ Եթե անենք, գնաճը կգերազանցի 3%-ը (արդեն սկսել է գերազանցել)։ Իսկ այդ 3%-ն էլ դուք եք որոշել, ԱԺ-ում հաստատել եք եւ տվել մեզ։

Կառավարություն – Միայն մենք չէ, միասին ենք որոշել։ Բա ո՞նց անենք։ Դե լավ, դուք մի բան մտածեք՝ փոխարժեքի հետ կապված, մենք էլ այդ 3%-ի հարցը կլուծենք։ Քանի՞ տոկոս գնաճ կարող եք ապահովել։

ԿԲ – Դե էդպես, մի 5.5-6%։

Կառավարություն – 6 տոկո՞ս։ Դե լավ, կես տոկոս էլ ձեզ «փեշքեշ»՝ կսարքենք 5%, +/- 1.5 տոկոս։ Բայց նպատակային ցուցանիշը փոխելու հետ կապված հարցերի տակից դուք պիտի դուրս գաք ու գրագետ ձեւով հիմնավորեք այս քայլերը։

Այս խոսակցությունն, իհարկե, դժվար թե այսպիսի «տնավարի» բնույթ կրած լինի (եթե այն, իհարկե, տեղի է ունեցել)։ Հավանաբար մասնակցել են մասնագետներ, օգտագործել են տերմիններ, եւ այլն։ Սակայն իմաստը դրանից չի փոխվում։ Իսկ դատելով ժամանակագրությունից՝ կարելի է ասել` կողմերը հասել են փոխհամաձայնության։ Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխություն կատարելու առաջարկով, ԿԲ-ն էլ սկսել է ինտենսիվ կերպով արտարժույթ գնել։ Մի քիչ գնաճ, մի քիչ փոխարժեք։

Սակայն դժվար է ասել՝ այս գործընթացը մինչեւ ե՞րբ կշարունակվի եւ ի՞նչ չափով կազդի փոխարժեքի վրա։ Իսկ որ գները կշարունակեն աճել նաեւ դրամով (անգամ պաշտոնական վիճակագրությամբ), դա կասկած չի հարուցում։