Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հարկային պետական ծառայությունն (ՀՊԾ) ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը մասնավորապես քննարկել են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) առաջարկը: Կառավարության մամլո հաղորդագրության համաձայն, «կողմերը հակառակ մոտեցումներ են հանդես բերել միեւնույն հարկատեսակի գծով տարբեր արտադրատեսակների համար հարկերի հաշվանցման տարբեր սկզբունքների սահմանման վերաբերյալ առաջարկության հետ կապված»:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես ԵԿԳ-ն ակցիզային հարկ է վճարում ոչ միայն կոնյակի արտադրության համար, այլեւ կրում է ակցիզային հարկով հարկման ենթակա հումքային ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը:
Ենթադրենք, կոնյակի արտադրությունը կազմակերպելու համար գործարանը գնում է 1000 միավոր հումք` սպիրտ: Դրա դիմաց գործարանը պետությանը պետք է վճարի, օրինակ, 300 միավոր ակցիզային հարկ: Որոշակի քանակությամբ պատրաստի արտադրանք շուկա հանելու դեպքում գործարանը պետք է վճարի 5 միավոր ակցիզային հարկ: Բայց այդքան կոնյակն արտադրելու համար գործարանն արդեն 3 միավոր ակցիզային հարկ վճարել է սպիրտը գնելուց: «Այսինքն, գործող օրենքի համաձայն, պետությունը կոնյակ արտադրողին ասում է. «5 միավոր ակցիզային հարկից հանիր քո վճարածը, մնացած երկու միավորը տուր պետությանը»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեցին ՀՀ կառավարությունից:
Այժմ ԵԿԳ-ն առաջարկում է օրենքի մի փոփոխություն, որի համաձայն, մեր բերած թվերի օրինակով գործարանը 5 միավոր ակցիզային հարկից պետք է հանի ոչ թե 3 միավորը, այլ նախկինում վճարած 300-ը: Փաստորեն ստացվում է, որ որոշ ժամանակ ոչ թե հարկատուն պարտք կլինի կառավարությանն, այլ` հակառակը: Կառավարությունից մեզ ասացին, որ մասնավորապես ԵԿԳ-ն, կշարունակի նույն չափով ակցիզային հարկերը վճարել, միայն թե որոշ ժամանակ գերավճար կունենա պետության նկատմամբ:
ԵԿԳ-ի այս առաջարկության վերաբերյալ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՊԾ-ն փոքր-ինչ տարակարծիք են: Առաջինը գտնում է, որ առաջարկն իրատեսական է, իսկ ՀՊԾ-ն համաձայն չէ դրա հետ: «Հարկայինն ասում է, որ առաջարկը ճիշտ չէ, որովհետեւ բյուջեի մուտքերը կրճատվում են: ՀՊԾ-ն գտնում է, որ ակցիզային հարկը պետք է համամասնորեն վճարվի»,- ասաց կառավարության աշխատակիցը: