Ղարաբաղում ոչ թե բարեգործություն, այլ բիզնես է պետք

06/10/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել` Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ հայկական կազմակերպությունների միջոցներով: Սփյուռքահայերը մեծ ներդրում են ունեցել նաեւ պատերազմի տարիներին` Ղարաբաղ ուղարկելով դեղամիջոցներ, սննդամթերք եւ այլ ապրանքներ:

Բարերարների միջոցներով կառուցվել ու վերանորոգվել են բազմաթիվ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, ճանապարհներ եւ այլ շինություններ: Ծրագրերից ամենախոշորները, թերեւս, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված մարաթոնի միջոցներով իրականացվող Գորիս-Ստեփանակերտ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղիների կառուցումն էր (վերջինիս շինարարությունը դեռեւս շարունակվում է): Համայն հայության միջոցներով Արցախում իրականացվում է նաեւ «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որը սկսվել է Մարտակերտի շրջանից: Ի դեպ, օրերս ծրագրի շրջանակներում Մարտակերտում բացվել է մեքենատրակտորային կայան, ու Ղարաբաղ է բերվել որոշակի չափով գյուղտեխնիկա:

Բացի բարեգործություններից, սփյուռքահայերը մեծ ներդրումներ են կատարել Ղարաբաղի մի շարք ոլորտներում` բացելով տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ` բազմաթիվ ղարաբաղցիների ապահովելով աշխատանքով:

Ղարաբաղի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն նաեւ արտասահմանյան երկրներում գործող հայկական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ոչ միայն դպրոցների, մանկապարտեզների, բնակելի տների, բժշկական եւ այլ հիմնարկների կառուցման ու վերականգնման ծրագրերը, այլեւ ձեռնամուխ են լինում գյուղերի վերականգնմանը: Իսկ ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում Սփյուռք-Ղարաբաղ փոխհարաբերություններին: Ի՞նչ է պակասում լիարժեք փոխգործակցության համար: Ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, Սփյուռք-Ղարաբաղ կապը բավականին ակտիվ է. «Հենց Ղարաբաղն է դարձել այն մագնիսը, որը ոչ միայն միացրեց ներկայումս գոյություն ունեցող հայության երեք մասերը, այլեւ երկրորդ շունչ տվեց իր ազգային ինքնությունը Սփյուռքի կողմից պահպանելու դժվարին գործընթացին»: Ըստ Դ. Բաբայանի՝ Սփյուռքը Ղարաբաղին սկսել է ցուցաբերել ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար եւ տնտեսական աջակցություն, եւ նա անտարբեր չէ բանակցային գործընթացի ճակատագրի հանդեպ. «Դրա համար էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը եւ Արցախը պարզապես չեն կարող անտեսել եւ Սփյուռքի կարծիքը, հատկապես, որ եթե Սփյուռքը հակամարտության վերջնական կարգավորումն ընդունի որպես հայության պարտություն, ապա դա կարող է տանել ուժեղ էմոցիոնալ ցնցման, որը կարտադրի «զոհի մշտատեւ բարդույթ», որից շատ դժվար, հնարավոր է` եւ անհնար կլինի ազատվել»:

ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանի կարծիքով, կարելի է Ղարաբաղ-Սփյուռք համագործակցությունն ավելի էֆեկտիվ օգտագործել: «Եթե մենք էֆեկտիվ օգտագործենք մեր բնական ռեսուրսները, գյուղատնտեսության հզորությունները, ապա տնտեսապես շատ ավելի զարգացած երկիր կլինենք: Հիմա չունենք ինդուստրիալ գյուղատնտեսություն, նորմալ արդյունաբերություն եւ այլն: Այս ամենը, բնականաբար, հնարավոր կլինի վերականգնել Սփյուռքի աջակցության շնորհիվ: Այն կապիտալը, որ սփյուռքահայերը դնում են իրենց երկրներում, կարող են այստեղ դնել ու այդ օգուտն այստեղ ստանալ: Չեմ ասում, որ բարեգործություն անեն, այլ՝ բիզնես դնեն: Մեզ անհրաժեշտ է գյուղմթերքների վերամշակման արտադրություն բացել: Պետք է ունենանք անձեռնմխելի պահուստ, կռվող պետություն ենք: Եվ դրանք պետք է լինեն ներդրումների շնորհիվ»,- ասաց Հ. Մելքումյանը: