Հրադադար են հայտարարում

06/10/2006

Հայաստանում գործող «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Չարքյազ Ռեզա Մստոյանն ու կոմիտեի անդամ Կնյազ Հասանովը երեկ հայտարարել են, որ Քուրդիստանի կազմակերպությունների միությունը հոկտեմբերի 1-ից հրադադար է հայտարարում եւ Թուրքիայի իշխանություններին կոչ անում «ձեռք քաշել ուժային եղանակով քրդական հարցը լուծելու հնարավորությունից, քրդերին նվաստացնող քայլերից եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Քուրդիստանի կազմակերպությունների միությունը համոզված է, որ 21-րդ դարում կստեղծվի Քուրդիստան պետություն: Քրդերը նշում են, որ Թուրքիայում քրդերի նկատմամբ պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացվում, ավերվել է 5000 գյուղ, 10.000 քուրդ աղջիկ եւ տղա թուրքական բանտերում խոշտանգվում է, պայթեցվել է մանկապարտեզ եւ զոհվել են 11 երեխա եւ երկու ծնող: Եվ միայն միջազգային հանրության ուշադրությունն այս հակաքրդական գործողությունների վրա բեւեռելու համար քրդերն իրականացրել են պայթյուններ: «Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը, որտեղ էլ որ այն լինի»,- հայտարարել է «Քուրդիստան» կոմիտեն, հավելելով, որ այսօրինակ քայլերով Թուրքիան կասկածի տակ կդնի իր կայունությունը եւ երկիրը կտանի քայքայման: Քրդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ իրենք հրադադար են հայտարարում քուրդ ժողովրդի առաջնորդ, Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի հանձնարարականով: