Ամեն ինչ «սկսվեց» սեպտեմբերի 22-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ինչպես եւ խոստացել էր նախօրեին, միջազգային բարձր ամբիոնից ասաց «Ռուսաստանի մասին իր ողջ ճշմարտությունը»: Նրա ելույթն ամբողջովին նվիրված էր Ռուսաստանին:
Սահակաշվիլին մեղադրեց Ռուսաստանին Աբխազիային ու Հարավային Օսիային անեքսիայի ենթարկելու, այս շրջանների բնակչությանը ռուսաստանյան անձնագրեր հատկացնելու, նրանց իր քաղաքացիները համարելու համար, դատապարտեց Ռուսաստանին, քանի որ նա ոչ միայն չի կատարում միջնորդական առաքելությունը, այլեւ օգտագործում է իր խաղաղապահ ուժերը տարածաշրջանում լարվածությունը պահպանելու նպատակով: Սահակաշվիլին կոչ արեց միջազգային հանրությանը «ձերբազատվել Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ կապված պատրանքներից», քանի որ «նաեւ ՄԱԿ-ի ու Եվրամիության փաստաթղթերից պարզ երեւում է, որ ռուսաստանյան ուժերն ավելի շատ բարդացնում են հակամարտությունները, քան նպաստում դրանց լուծմանը»: Սահակաշվիլին ընդգծեց, որ ռուսաստանյան ուժերը պետք է փոխարինվեն «անշահախնդիր, չեզոք ուժերով», եւ ավելացրեց, որ որպես ինքնիշխան պետություն եւ հակամարտության կողմ` Վրաստանն ունի դա անելու իրավունքը: Պարզ է, որ չեզոք ուժեր ասելով` Վրաստանի նախագահը նկատի ուներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին:
Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը ստիպված էր արձագանքել Ժակ Շիրակի եւ Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում սեպտեմբերի 23-ին: Գուցե հենց այդ պատճառով էին Պուտինի գնահատականներն ընդգծված մեղմ: «Միխայիլ Նիկոլաեւիչը (Սահակաշվիլին – Լ.Բ.) տաքարյուն մարդ է, Կովկասում քաղաքական բոլոր գործիչներն առանձնանում են հատուկ զգացմունքայնությամբ», – ասաց նա:
Այդ ընթացքում հայտնի դարձավ նաեւ Վրաստանին այն երկրների խմբի մեջ ընդգրկելու որոշման մասին, որոնք պետք է շուտով անդամագրվեն ՆԱՏՕ-ին:
Ռուսաստանի դեմ տարած Սահակաշվիլու երեք հաղթանակները
Վերջին տարիների վրաց-ռուսական հարաբերությունների պատմության մեջ եղել են բազմաթիվ լարված փուլեր, որոնց ընթացքում երկու կողմերից էլ հնչել են այսօրվանից ոչ պակաս ծայրահեղականություն պարունակող հայտարարություններ: Սակայն սեպտեմբերի 23-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մի կողմից` թողնում են Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների ծրագրի հաջորդական քայլերի տպավորություն, իսկ մյուս կողմից` առաջացնում են իրենց նշանակությամբ եւ հնարավոր հետեւանքներով աննախադեպ աշխարհաքաղաքական փոխակերպումների զգացողություն:
Սեպտեմբերի 25-28-ի ընթացքում արդեն Վրաստան վերադարձած Սահակաշվիլին տարավ երեք խորհրդանշական հաղթանակներ Ռուսաստանի նկատմամբ: Սկզբում նա հայտարարեց, որ «ոչ ոք չէր մտածում, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու ընթացքում մենք կհաղթահարենք եզրափակիչի մեկ տասնվեցերորդի սահմանը, իսկ Վրաստանն արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ, եւ ոչինչ չի խանգարի նրան դուրս գալ նաեւ եզրափակիչ»: Նա ասաց այս խոսքերը քաղաքի ավանդական տոնի օրը հավաքված բազմաթիվ թբիլիսցիների առջեւ, այնուհետեւ միացավ գինու համար կախեթական խաղողի տրորման արարողությանը: Այս ամենի քարոզչական ազդեցությունը հսկայական էր, եւ ոչ միայն Վրաստանի հասարակ քաղաքացիների համար: Ռուսաստանում վրացական գինիների վաճառքն արգելվելուց հետո Վրաստանի բնակչությունը շատ էր վրդովվել իր հպարտության այդ առարկայի աննախադեպ եւ անսպասելի արժեզրկման պատճառով:
Երկրորդ հարվածը հասցվեց աբխազական ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ին Սահակաշվիլին հայտարարեց, որ այսուհետ Աբխազիայի այն հատվածը, որը 1992-1993թթ. պատերազմից հետո մնացել էր Վրաստանի հսկողության տակ (Կոդորի կիրճը), անվանվելու է Վերին Աբխազիա: Իրեն ուղեկցող Վրաստանի խորհրդարանի նախագահի, ուժային նախարարների եւ Համայն Վրաստանի կաթողիկոս – Պատրիարք Իլյա Երկրորդի հետ միասին Միխայիլ Սահակաշվիլին ուղեւորվեց Կոդորի կիրճ եւ պաշտոնապես բացեց Աբխազիայի վտարանդի կառավարության նստավայրը: Այս արարողության ընթացքում Վրաստանի նախագահը հայտարարեց, որ այդտեղից մինչեւ Սուխում ընդամենը երկու քայլ է` 70 կմ, եւ շուտով կվերադարձվեն նաեւ Աբխազիայի մյուս շրջանները: Վրաստանի նախագահի որոշմամբ այսուհետ այդ հատվածն անվանվելու է Ստորին Աբխազիա: Թեեւ Սահակաշվիլին ընդգծեց, որ Ստորին Աբխազիան վերադարձվելու է խաղաղ ճանապարհով, սա ոչ մի կերպ չփարատեց Սուխումի իշխանությունների անհանգստությունը, եւ նրանք միանգամից կայացրեցին Վրաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին որոշում:
Սակայն Ռուսաստանին ամենալուրջ հարվածը հասցվեց Թբիլիսիում եւ Բաթումում մի քանի ռուսաստանյան սպաների ձերբակալելու միջոցով: Նրանք մեղադրվում էին Վրաստանի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համար: Միաժամանակ ձերբակալվեցին նաեւ Վրաստանի 10 քաղաքացիներ երկրի դեմ մի շարք սադրիչ գործողություններ կազմակերպելու մեղադրանքով:
Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու հայտարարության մեջ նշվում է, որ «չեզոքացված հետախուզական խումբը գլխավորապես հետաքրքրված էր Վրաստանի մարտունակությամբ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության Վրաստանի նախագծերով ու ծրագրերով, Վրաստանի էներգետիկ անվտանգությամբ, ընդդիմադիր կուսակցություններով ու ոչ կառավարական կազմակերպություններով, Վրաստանի Պաշտպանության նախարարության առանձին ստորաբաժանումներով, անձնակազմով, ռազմական գնումներով, նավահանգիստներով, երկաթգծային հաղորդակցություններով»: Նախարարը նաեւ մատնանշեց ռուսաստանյան զինվորական հետախուզության գնդապետ Անատոլի Սինիցինի անունը, որը «2005թ. փետրվարի 1-ին Գորի քաղաքում կազմակերպել էր ահաբեկչական գործողություն, եւ գործողությունների ղեկավարությունն իրականացնում է Երեւանից, ՌԴ ԶՈՒ N 44843 զորամասից»: Հայաստանում դեռեւս ոչ ոք չի մեկնաբանել այս վերջին հանգամանքը: Իսկ ռուս-վրացական ներկայիս սրացման առիթով ինչպես ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, այնպես էլ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը դեռեւս արձագանքել են դասական ձեւակերպումներով` Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն արագորեն, քանի որ դրանք ուղղակիորեն անդրադառնում են երկրի վրա:
Երեք պատիժ Վրաստանի համար
Առաջին հակաքայլերը Ռուսաստանն արդեն արել է: Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի քաղաքացիներին անցագրերի տրամադրումը, օդային, ջրային եւ ցամաքային բոլոր կապերը, բանկային եւ այլ փոխանցումները, դուրս է բերել Վրաստանից ռուսաստանյան դիվանագետների եւ զինվորականների ընտանիքներին, Վրաստանում Ռուսաստանի դեսպանատանը թողել է ընդամենը մի քանի աշխատակիցների, Վրաստանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եւ նույնիսկ սկզբում դադարեցրեց Վրաստանից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը:
Սակայն բոլոր այս քայլերը ռեֆլեքսիվ բնույթի են եւ չեն լուծում Ռուսաստանի համար գլխավոր հարցը` ինչպե՞ս կանգնեցնել Վրաստանը կորցնելու գործընթացը, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կորստին: Չէ՞ որ այդ դեպքում բավական շատ հանգամանքներ են առաջանալու, որոնց պատճառով նույնիսկ Ռուսաստանին անվերապահորեն հավատարիմ Հայաստանը ստիպված է լինելու կատարել իր ռազմավարական գործընկերոջ համար ոչ բարենպաստ քայլեր:
Կա Վրաստանին պատժելու երեք տարբերակ. տնտեսական պատժամիջոցներ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտոնական ճանաչում, կամ էլ Վրաստանին ԱՄՆ հզոր սատարումից զրկում, ինչի հետեւանքով կարգելակվի նաեւ Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին: Այս տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում, միեւնույն է, էլ ավելի է սրվելու տարածաշրջանում կամ տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական առճակատումը:
Ռուսաստանը Վրաստանին տնտեսական ուժեղ հարված հասցրեց վրացական գինիները վաճառքից հանելու մասին ավելի վաղ կայացրած որոշմամբ: Ռուսական շուկայում իրացվող վրացական ապրանքների էքսպորտում գինիները 50%-ից ավելի էին կազմում: Հայտնի չէ, թե որքան կտեւի Վրաստանի հետ բոլոր կարգի հաղորդակցությունների դադարեցումը: Իհարկե, եթե դա տեւի երկար, ինչը քիչ հավանական է, ապա Վրաստանի կրած ֆինանսական եւ տնտեսական կորուստները կգերազանցեն գինիներից ստացած վնասները: Սակայն առայժմ, ի տարբերություն, ասենք, Հայաստանի, Վրաստանը կարող է արագորեն կազմակերպել մթերքի եւ այլ տեսակի ապրանքների ներմուծումը մի քանի երկրներից` Ադրբեջանից, Թուրքիայից եւ նույնիսկ Հայաստանի տարածքով Իրանից: Մեր դեպքում փրկօղակը միայն Իրանն է, նաեւ մնացած այլ երկրների հետ օդային կապը, ինչով, իհարկե, երկար ժամանակ բիզնես չես անի: Որքան շրջափակված մնա Վրաստանը, այդքան ժամանակ Հայաստանի համար այն կլինի կիսափակուղի:
Հայկականի նման Ռուսաստանին զոդված Վրաստանի էներգետիկային հարված հասցնելու մեթոդը նույնպես փորձարկված է: Փորձը ցույց տալիս, որ այն ամենաշահավետը չէ եւ հղի է ոչ միայն բոլորի համար զգալի տնտեսական կորուստներով, այլեւ նույն Ռուսաստանի համար քաղաքական զգալի բացթողումներով: Նախ, այդ դեպքում հարվածի տակ է ընկնում նաեւ Հայաստանը: Շատերն են արդեն Ռուսաստանում «նկատել», որ ամեն նման դեպքում սովորաբար իրենց երկրի նկատմամբ լոյալ Հայաստանում դժգոհություններն արտահայտվում են ավելի բարձրաձայն եւ միանշանակ, ընդ որում` արդեն նաեւ երկրի իշխանական կառույցներում: Պարբերաբար տեղի ունեցող էներգետիկ խզումների պատճառով էր նաեւ, որ ձեռնարկվեց այլընտրանքային Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը, ինչը պետք է ամրացնի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը եւ նվազեցնի կախվածությունը ռուս-վրացական զիգզագաձեւ հարաբերություններից: Իհարկե, գազամուղի տարանցիկությանը հասնել «չհաջողվեց»: Հայաստանի իշխանություններն այն ժամանակ որոշեցին չփչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եվ բանը միայն Հայաստանը չէր, այլեւ այն, որ Իրան-Հայաստանի տարանցիկության դեպքում նաեւ Վրաստանն էր այսօրվանից ավելի անկախ լինելու ռուսաստանյան գազից: Հայաստանի իշխանությունների այս հարցում զիջողականությունն այն ժամանակ խստորեն քննադատվեց քաղաքական ուժերի եւ փորձագիտական շրջանակների կողմից: Սակայն այժմ, եթե այնուամենայնիվ Ռուսաստանում որոշեն երկարատեւ էներգետիկ պատժամիջոց կիրառել Վրաստանի (հետեւաբար` նաեւ Հայաստանի) նկատմամբ, արդեն քչերն են հանդիմանելու Հայաստանին իրանական գազամուղի լոկալ բնույթի մասին որոշումը վերանայելու համար: Վրաստանին երկարատեւ էներգետիկ հարված հասցնելու առաջին հայացքից տրամաբանական քայլը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իմաստով ձեռնտու չէ Ռուսաստանին: Այդ դեպքում հնարավոր չի լինի հաշվի չնստել նաեւ այն հսկա տնտեսական կորուստների հետ, որոնք նաեւ ինքն է կրելու: Չէ՞ որ հարավկովկասյան երկրներին ռուսաստանյան էներգետիկ համակարգին կցելն ուներ նաեւ հսկայական տնտեսական նշանակություն: Այս տեսանկյունից դժվար է լինելու ռուսաստանյան իշխանությունների համար լայն ըմբռնում գտնել իրենց իսկ երկրում, եթե Վրաստանն ու Հայաստանը ենթարկվեն երկարատեւ էներգետիկ շրջափակման:
«Ինչպե՞ս պատժել Վրաստանին իր իսկ համար նվազագույն կորուստներով» խնդիրը լուծելի չէ նաեւ երկրորդ տարբերակի դեպքում` եթե Ռուսաստանն ինչ-որ մի ձեւով (հաշվի առնելով անցկացվող հանրաքվեների արդյունքները, կամ նույնիսկ առանց դրանց) ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան:
Սեպտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հանդիպումը, այս հարցի առիթով ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հոկտեմբերի 2-ի հեռախոսազրույցը եւ միջազգային այլ ատյաններում ռուսաստանյան ներկայացուցիչների քայլերը ցույց են տալիս, որ ՌԴ ղեկավարությունը որոշել է անել այն, ինչի մասին արդեն երկար ժամանակ խոսում են այդ իսկ երկրի փորձագիտական-վերլուծական շրջանակներում` պայքարել ոչ թե Վրաստանի, այլ նրան աջակցություն ցուցաբերող երկրների ու կառույցների դեմ, նախազգուշացնել նրանց, որ Վրաստանի կոնֆլիկտային գոտիներում իրավիճակի հետագա սրման պարագայում Ռուսաստանը կողմնակի դիտորդի դերում չի մնա, եւ դրա ողջ պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ի երկրները:
Այժմ շատերն են պնդում, որ ռուս-վրացական հարաբերություններն այնպիսի մի փուլում են, որից հետո դժվար թե հնարավոր լինի վերադառնալ նախկին դիրքերին եւ լուծել հարցերը բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով, իհարկե, Վրաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումները կտրուկ շրջադարձել հնարավոր չէ: Ի դեպ, այդ կողմնորոշումները սկսել են ձեւավորվել աբխազական եւ հարավօսական հարցերում Ռուսաստանի բռնած դիրքորոշման պատճառով, սկսած 1996 թվականից: Սակայն մյուս կողմից, իր չլուծված հակամարտություններով Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ, քանի որ այդ դեպքում Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ կհայտնվի ՆԱՏՕ-ն: Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ Վրաստանի, ավելի ճիշտ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար չեն պատերազմի: Այս տարածքները կարեւոր են միայն Ռուսաստանի եւ Վրաստանի համար: Հետեւաբար` վրացական դիլեման այս անգամ էլ այստեղ եւ այժմ չի լուծվելու:
www.hetq.am