Ֆրանսիացիները Երեւան են բերել նաեւ Փարիզի հիասքանչ պատկերները, որոնք որսացել է ֆոտոխցիկը մի ողջ դարաշրջանի ընթացքում: Փարիզը ոչ միայն նորաձեւության ու արվեստի կենտրոնն է, այլեւ` լուսանկարչության հայրենիքը, հենց այս քաղաքում է առաջին անգամ մետաղյա թերթի վրա` հատուկ քիմիական եղանակով իր լուսանկարներն արել Դագերը, ով պատմության մեջ առաջին անգամ որսաց ու հավերժացրեց հարափոփոխ ներկան ու ստեղծեց առաջին լուսանկարները` դագերատիպերը: Փարիզը ներշնչանք է, տոն, որը երբեք մարդուն չի լքում: Այս լուսանկարները (մեծ մասամբ` սեւ ու սպիտակ) չեն ծանոթացնում տուրիստական, տրիվիալ Փարիզի հետ, նրանք փոխանցում են հանդիսատեսին այդ քաղաքի հետ շփումից ծնված ներշնչանքը: Պետք է միայն քայլել այդ լուսանկարների մոտով ու տեսնել, թե ինչպես են սիրով ու մեծ վարպետությամբ արված Փարիզի ու փարիզեցիների պատկերները փոխանցում այդ քաղաքի ոգին ու շունչը: Դասական դարձած լուսանկարիչների կողքին ցուցադրվում են նաեւ ժամանակակից լուսանկարիչների գործերը: Առանց ծրագրված հայրենասիրության` բոլոր լուսանկարներն էլ մեծ քաղաք Փարիզի սիրո գովքն են անում:
Իսկ ժամանակակից լուսային էֆեկտների օգտագործման հետ է ծանոթացնում մեկ այլ` «Ֆրանսիան` լույսերի մեջ» սլայդների ցուցադրումը: Ճիշտ տեղակայված լուսային տեխնիկան քաղաքի գիշերային պատկերներին խորություն ու հեռանկար է տալիս, ընդգծում կամ քողարկում է ճարտարապետական կառույցների ու փողոցում տեղակայված հուշարձանների ուրվագծերը կամ որոշակի տարրերը: Լույսը հզոր գործիք է ստեղծագործելու համար, այն արթնացնում է երեւակայությունը` քաղաքներն ու փողոցները հեքիաթի մեջ սուզելով: Ուշագրավ է, որ այդ ցուցադրումը միտված է ազգային ժառանգության պահպանմանն ու արժեւորման գիտակցմանը: Պահպանելը ֆրանսիացիների համար միայն կաղապարել ու հսկել չի նշանակում, պահպանումը նաեւ զարգացում ու նորովի մատուցում է պահանջում: Այս ցուցադրումը կայացել է Ֆրանսիայի էլեկտրամատակարարման հիմնադրամի շնորհիվ: Արվեստով հագեցած Փարիզում ամեն ինչ արվեստով է արվում, նաեւ` էլեկտրաէներգիա է մատակարարվում: Իսկ ֆրանսիացի հեռանկարային լուսանկարիչների էքսպերիմենտները շարունակվելու են: Լույսի փունջը վարպետի ձեռքում կարող է վրձին դառնալ ու գունազարդել քաղաքը: Լավ կլինի, որ այդ ցուցադրումը հետք թողնի նաեւ լուսավորությամբ զբաղվող Երեւանի պատասխանատուների սրտում:
Իսկ ֆրանսիական օրերը թափ ու հասակ են առնում: Երկու ամիսների ընթացքում ֆրանիսական գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ցուցադրումներ կլինեն, կներկայացվի նաեւ ֆրանսիական նորաձեւությունը: Փարիզում ծնված մոդելյոր ու դիզայներ Կարին Արաբյանն Ազգային պատկերասրահում կներկայացնի իր հավաքածուն: Նա հայտնի անուն է մոդայի բնագավառում, պայուսակների ու զարդերի հավաքածուներ է արել «Սվարովսկի» բարձր նորաձեւության տան համար, իսկ արդեն հինգը տարի է, ինչ «Կարին Արաբյան» նորաձեւության տունն է հիմնել ու նրբագեղ աքսեսուարներ է ստեղծում: Ֆրանսիական թատրոնը ներկայացված կլինի Էրիկ-Էմանուել Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» (բեմադրությունը` Վահե Շահվերդյանի, գլխավոր դերակատարուհի` Անահիտ Թոփչյան) եւ Ալֆրեդ դե Մյուսեի «Մարիաննայի քմայքները» (բեմադրիչ Սերժ Ավետիքյան, դերերում` Համազգային թատրոնի դերասաններ) ներկայացումներով: Հայաստանում Ֆրանսիայի օրերի ընթացքում կհնչի նաեւ դասական երաժշտություն ու կցուցադրվեն հեռուստաֆիլմեր: