Օրակարգ չմտավ

05/10/2006

Երեկ առավոտյան ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը հապշտապ նիստ է անցկացրել եւ անմիջապես դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծին: Առավոտ շուտ նիստ անելու նպատակն այս օրինագիծն ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգ մտցնելն է: Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, օրինագիծը մինչ ԱԺ օրակարգում ընդգրկվելը պետք է երկու ժամ առաջ բաժանվեր ԱԺ խումբ-խմբակցություններին: Սակայն երեկ այն պատգամավորներին բաժանվել է նիստը սկսելուց ընդամենը 5 րոպե առաջ: Երեկ առավոտից Բուզանդի բնակիչները դարձյալ ԱԺ շենքի մոտ էին եւ սպասում էին, թե ինչ ճակատագիր է ունենալու օրինագիծը: Մեկուկես ժամ այս թեմայի շուրջ բուռն քննարկումներից հետո միայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը որոշեց հայտարարել, որ այդ նախագիծն ԱԺ օրակարգ չի մտնելու: «Ուշադիր, նախագիծը չենք ներառելու օրակարգ»,- հայտարարեց Տ. Թորոսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ շենքի մոտ հավաքված դժգոհ քաղաքացիներին, ինչի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն անընդհատ հիշեցնում էին, ապա Տ. Թորոսյանը նշեց, թե իրենք իրավունք չունեն միջամտել այն մարդկանց իրավունքներին, ովքեր նախընտրել են ԱԺ երեկվա նիստը լսել ԱԺ շենքի մոտ: