Դառնում ենք Եվրոպայի հարեւանը

05/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններն ավարտվեցին, եւ դրանք կարելի է հաջողված համարել: Այս մասին երեկ իրենց հայտարարության մեջ նշեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Թուոմիոյան։

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի ունեցող այդ խորհրդակցությունները մեկնարկել էին դեռ 2005թ. նոյեմբերին։ Ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ԵՀՔ Գործողությունների ծրագրի վերջնական տեքստի վերաբերյալ:

Գործողությունների ծրագրի փաստաթուղթը ստորագրվելու է նոյեմբերին, Բրյուսելում։ Իսկ Վ. Օսկանյանի եւ Էրկկի Թուոմիոյայի երեկվա ասուլիսի ու հայտարարության ստորագրման նպատակն այն է, որ, ըստ Վ. Օսկանյանի, «…մեր հանրությունը կարողանա մաս կազմել այս պատմական իրադարձությանը»։ Սակայն դժվար է ասել` «հանրությունը մաս դարձավ» այս ամենին, որովհետեւ փաստաթղթի տեքստը չհրապարակվեց։ «Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային եւ սահմանամերձ համագործակցությունը, ինչպես նաեւ` պատասխանատվություն վերցնել հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում», – ահա այն ամենը, ինչ փաստաթղթի բովանդակության հետ կապված երեկ Օսկանյանից իմացանք։ Լրագրողների մոտ, բնականաբար, հարց առաջացավ՝ ինչ-որ գաղտնի կետե՞ր կան, որ տեքստը չի ներկայացնում։ Վ. Օսկանյանը շտապեց հանգստացնել՝ դա բացատրելով տեքստի մեջ կատարվելիք հնարավոր փոփոխություններով։ Իսկ փաստաթուղթն ամբողջությամբ հասարակությանը կներկայացվի ստորագրումից հետո, որը տեղի կունենա նոյեմբերին։ Տեքստին ծանոթ չլինելով՝ չենք կարող գնահատականներ տալ, թե հերթական այս փաստաթուղթը Հայաստանին ինչ է տալու։ Այնպես որ, ստիպված ենք առայժմ բավարարվել Վ. Օսկանյանի խոսքերով, որոնք բավական բոցաշունչ էին. «Այն կոչվում է Գործողությունների ծրագիր եւ իրավամբ այդպիսին է: Այն ոչ թե լոկ մտադրությունների, այլ կոնկրետ գործողությունների փաստաթուղթ է, որը Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերն ավելի կմոտեցնի Եվրոպային, քանի որ ենթադրությունն այն է, որ մենք փաստորեն ապրում ենք միեւնույն հարեւանության մեջ եւ փոխգործակցում ենք իրար հետ»։

Հարկ է նշել, որ Վ. Օսկանյանն իր խոսքում դրական առումով հիշատակեց նաեւ այն քայլերը, որոնք իրականացվել են մինչ Ռ. Քոչարյանի իշխանության գալը. «Այս բարեփոխումները ծայրահեղ կարեւոր են Հայաստանի համար: Մենք հասել ենք այս վիճակին շնորհիվ այն բանի, որ մենք մեր անկախության առաջին օրվանից ձեռնարկեցինք խիզախ տնտեսական բարեփոխումներ»: Սա հատկանշական է այն առումով, որ վերջին շրջանում իշխանությունների տարբեր ներկայացուցիչների լսելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը սկսվում է 2000 թվականից, իսկ մինչ այդ ոչինչ չի արվել։ Այսինքն՝ Հայաստանի նորագույն պատմությունը սկսում են Քոչարյանի իշխանության շրջանից:

Գործողությունների ծրագիրն առաջիկա 5 տարիների համար է, իսկ այդ ընթացքում, ինչպես գիտեք, մենք ունենք 2 ընտրություն (առնվազն)՝ խորհրդարանական եւ նախագահական։ Ինչպես նշեց Ֆինլանդիայի ԱԳ նախարարը, այդ ընտրությունները շատ կարեւոր քայլ են դեպի Եվրոպա ինտեգրվելու ճանապարհին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ընտրություններն անցնեն կեղծիքներով, այսինքն՝ այնպես, ինչպես միշտ։ Այդ դեպքում 5 տարվա համար ստորագրված փաստաթուղթը վտանգված կլինի, հետեւանքները հաստատ դրական չեն լինի։ Սակայն պրն Թուոմիոյան գերադասեց այդ մասին չխոսել՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը հասկանում է իր պատասխանատվության մասին։ «Մենք գիտակցում ենք, որ ընտրությունները կարեւոր չափանիշ են»,- իր ֆինն գործընկերոջը լրացրեց Վ. Օսկանյանը եւ հույս հայտնեց, որ դրանք նորմալ կանցնեն։ Չենք կարող ասել՝ որն է Օսկանյանի այդ լավատեսության պատճառը։ Սակայն եթե ենթադրենք, որ Հայաստանում ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես վայել է Եվրամիության հարեւանին, այդ դեպքում ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Հնարավո՞ր է արդյոք 5 տարի հետո նոր փաստաթղթի ստորագրում, որը կենթադրի ավելի խորը ինտեգրում դեպի ԵՄ։ Ըստ Պրն Թուոմիոյայի, դա կախված կլինի մեր երկրի ձգտումներից, թե որքանով մենք կցանկանանք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Վ. Օսկանյանի խոսքերով, այս փաստաթղթով նախատեսված գործողությունների հաջող իրականացումից հետո մենք հնարավորություն կունենանք անցնել մյուս մակարդակին։ Սակայն, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, ժամանակից առաջ ընկնել պետք չէ։ «Նախ պիտի առաջին փուլն անցնենք, որպեսզի բարոյական իրավունք ունենանք ձգտել ավելի խորը հարաբերությունների»,- կարծում է Վ. Օսկանյանը։ Բնականաբար, հարցեր հնչեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե Ղարաբաղն ինչպես է հիշատակվում այս փաստաթղթում՝ որպես վիճելի տարա՞ծք, թե՞ որպես Ադրբեջանի մաս։ «Մենք ոչ մի առումով փաստաթղթում չենք ֆիքսել Լեռնային Ղարաբաղը»,- պատասխանեց Է. Թուոմիոյան։

Լրագրողները հիշեցրին, որ որոշ ժամանակ առաջ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին հակամարտության առիթով մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ կողմերը կորցրին խաղաղության հասնելու իրենց հնարավորությունը։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Պ. Սեմնեբիի խոսքերը չմեկնաբանեց։ Փոխարենը նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է քաջալերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը։ Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա Է. Թուոմիոյան ավելի լավատես է, քան Պետեր Սեմնեբին։ «Գոյություն ունի հնարավորությունների պատուհան, որը դեռ բաց է։ Եվ մենք կքաջալերենք, որ կողմերն օգտվեն այդ հնարավորությունից»,- ասաց ֆինն նախարարը։