Ռեսուրսներ չունե՞ր

05/10/2006

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատում է, որ 2007 եւ 2008թթ. կայանալիք ԱԺ եւ նախագահի ընտրություններն ազատ եւ արդար են լինելու: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Վերջինս վստահ է, որ ՀՀ-ն այլընտրանք չունի եւ պետք է ազատ ընտրություններ անցկացնի, հակառակ դեպքում՝ կեղծված ընտրությունները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը: Նիկոյանը վստահ է, որ ՀՀԿ-ն ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի «կարողանա կազմակերպել մաքուր, արդար, թափանցիկ ընտրություններ եւ այդպիսի ընտրությունների արդյունքում ընտրված լինի»: Սակայն Ս. Նիկոյանը չի մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունի` «ռեսուրս» ասելով: Փոխարենը` նրա հետ բանավիճող ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար եւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը կատակով նշել է, թե «ռեսուրս» ասելով` Ս. Նիկոյանը հավանաբար նկատի ունի «Ժողպատգամավոր» խմբի՝ վերջերս հանրապետական դարձած նախկին անդամներին: Ինչեւէ, ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու մասին հայտարարություններ իշխանությունները միշտ են արել, սակայն ընտրությունները կրկին կեղծվել են: Որո՞նք են Ս. Նիկոյանի լավատեսության հիմքերը, եւ արդյո՞ք, օրինակ, 2003թ. կարելի էր կեղծիքներ անել: Ըստ Նիկոյանի, 2003-ին ՀՀԿ-ն ազատ ընտրություններ անցկացնելու ռեսուրսներ չուներ, իսկ հիմա ռեսուրսը կա, կամքը կա, ընտրական օրենսգիրքն էլ փոփոխվում է: Քննարկման մյուս մասնակից Վ. Բաղդասարյանն էլ կարծիք է հայտնել, թե դատական համակարգը պետք է զերծ պահել քաղաքականությունից, մինչդեռ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է հակառակը: Վ. Բաղդասարյանը դեմ է ընտրական հանձնաժողովներում դատական համակարգին տեղ տալուն: Դատական համակարգի ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ վերապահումներ ունի նաեւ Ս. Նիկոյանը: Նա նշում է, որ աշխարհում կա ընտրական հանձնաժողովների ձեւավորման երկու սկզբունք` բացառապես քաղաքական եւ պրոֆեսիոնալ հանձնաժողով: «Ես, իհարկե, որոշակի վերապահումներ ունեմ կոնկրետ դատավորների վերաբերյալ: Բայց եթե Սահմանադրական դատարանում վիճարկվում է դատավորների՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու հարցի սահմանադրականությունը, եւ եթե Սահմանադրական դատարանը տա իր բացասական եզրակացությունը, ապա այդ դրույթը մենք կվերանայենք»,- նշել է Ս. Նիկոյանը:

Ռ.Թ.