Ֆրանսիական լրատվամիջոցներն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այցին, գրում են, որ Ժակ Շիրակը, ով առաջին անգամ էր Հայաստանում, այն մարդն է, ով մի կողմից` ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերություններ է զարգացնում, մյուս կողմից` դրական է համարում Թուրքիայի մուտքը ԵՄ: Այս հարցին Շիրակն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Ժակ Շիրակի խոսքերով, ԵՄ-ի նման կառույցին անդամակցելու դեպքում ցանկացած պետություն պետք է ճանաչի իր սխալները: «Ես անկեղծորեն հավատում եմ, որ ամեն մի երկիր մեծ է դառնում` ընդունելով իր անցյալի սխալները: Արդյո՞ք Գերմանիան, որ ճանաչել է Հոլոքոստը, կորցրել է իր մեծությունը եւ իր հանդեպ վստահությունը: Ընդհակառակը: Ես կարծում եմ, որ Թուրքիան էլ պետք է լավ մտածի եւ ճանաչի անցյալը, հատկապես, երբ նպատակ ունի մտնել մի միության մեջ, որի գերակա արժեքը մարդու իրավունքն է»,- ասաց եվրոպական գերտերության ղեկավարը: Անդրադառնալով ԼՂՀ խնդրի լուծման բանակցային գործընթացն այլ հարթակ տեղափոխելու հնարավորության հարցին` Ժ. Շիրակը, ով նաեւ լավ փորձագետ է ղարաբաղյան հակամարտության հարցում, նշեց, որ տեղին չի համարում նման քայլը, քանզի ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ աշխատել է եւ լավ ծանոթ է գործընթացներին: «Այս առումով, ես անկեղծորեն կարծում եմ, որ Մինսկի խմբի պատասխանատվությունն այլ փորձագետների փոխանցելը, որոնք խնդրին ավելի վատ եւ ավելի քիչ ժամանակում են տիրապետում, արդարացված չէ եւ կարող է ավելի շատ դժվարություններ ստեղծել, քան արդյունքների հասնել»,- հայտարարեց Ժ. Շիրակը:
Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի եւ ՀՀ նախագահներն անդրադարձել էին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը: Ժ. Շիրակը նկատեց, որ լավատես լինելու հիմքեր կան, մասնավորապես` այն, որ ՀՀ տնտեսական աճը զարգանում է «շատ արագ ռիթմով»: Այս հանգամանքն, ըստ Ժ. Շիրակի, կնպաստի ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ աշխարհի հետ ՀՀ առեւտրային հարաբերությունների խորացմանը: «Պետք է իմանալ, որ այսօր ֆրանսիացի ներդրողները ՀՀ նկատմամբ վստահություն ունեն»,- ավելացրեց Ֆրանսիայի նախագահը: Ռ. Քոչարյանը նկատեց, որ Ժ. Շիրակի մանկության ընկեր պրն Պիժոնը ՀՀ-ում ներդրումներ է կատարել, էլեկտրակայաններ է կառուցել եւ, «որքան ինքը գիտի», պատրաստվում է այժմ կառուցել եւս մեկը: Ժ. Շիրակն էլ ասաց. «Նախագահն ամեն ինչ գիտի»: Ի դեպ, Ռ. Քոչարյանն ասաց, որ ապահովագրությունը ՀՀ-ում թույլ է զարգացած, եւ ֆրանսիացիներին «հրավիրեց» ներդրումներ անել հենց այդ ոլորտում:
Նկատենք, որ այս այցը լավ PR էր եւ Ժակ Շիրակի, եւ Ռոբերտ Քոչարյանի համար: Երկնիշ տնտեսական աճով զարմացած Ժակ Շիրակի (ի դեպ, բազմիցս ականատես ենք եղել եվրոպացիների` ՀՀ տնտեսական աճով հիրավի զարմանքին) խոսքի ժամանակ Ռ. Քոչարյանը «հպարտությամբ» ժպտում էր: Բացի PR-ից, Շիրակի այցն, ըստ էության, ոչինչ չտվեց` ոչ մի քաղաքական խնդրի լուծման բանալի չառաջարկվեց: Ժ. Շիրակը թեեւ իրավունք չունի մասնակցելու Ֆրանսիայի նախագահական առաջիկա ընտրություններին, սակայն այս այցի ընթացքում հնարավորինս «աշխատում էր» իր հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ նաեւ ի ցույց Ֆրանսիայի հայ համայնքի: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում հայ համայնքը թվով մոտ 500.000 է:
Շիրակի այս այցը PR ապահովեց նաեւ ՀՀ համար. ֆրանսիական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս ընթացքում ռեպորտաժներ էին պատրաստում ոչ միայն Շիրակի այցի մասին, այլեւ, առիթից օգտվելով, նաեւ Հայաստանի մասին: Այնպես որ, 2007թ. տուրիստների պակաս չենք ունենա, զբոսաշրջությունը կտրուկ կզարգանա: Մինչ երկու նախագահները բանակցում էին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Շիրակի հետ եկած ֆրանսիացի գործարարների հետ էր բանակցում: Ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ ՀՀ-ում գործում են 111 ընկերություններ, որոնք մինչ այժմ կատարել են 160 մլն դոլարի ներդրում: Ֆրանսիական պատվիրակության կազմում կային բավական խոշոր բիզնեսմեններ` նորաձեւության վարպետ Ալեն Մանուկյանը, օծանելիքի մասնագետ Ֆրանսիս Քյուրքջյանը, «Ալկատելի» տնօրեն Սերժ Չուրուկը, «Սանոֆի-Ավենտիսի» տնօրեն Ժան-Ֆրանսուա Դըեկը եւ այլք: Սակայն, ցավոք, այս գործարարների հետ ոչ մի կոնկրետ հարցեր չքննարկվեցին, հասարակությունը ոչ մի առաջարկ կամ հրապարակային խոսք չլսեց նրանցից:
Սեպտեմբերի 30-ին Երեւանի Օպերայի շենքին մերձակա հրապարակը պաշտոնապես անվանվեց «Պլաս դը Ֆրանս»` Ֆրանսիայի հրապարակ: Նույն օրը երեկոյան Ժ. Շիրակն ու Ռ. Քոչարյանը Հանրապետության հրապարակում մասնակցեցին Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ երգիչների` վաղուց սպասված համերգին: Ազնավուրին ուղեկցող արտիստների թվում էին նաեւ հայկական արմատներ ունեցող երաժիշտներ Միշել Լեգրանն ու Հելեն Սեգարան` «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարը: Որքան էլ կազմակերպիչները երկար պատրաստվեցին այս համերգին ու հայտարարեցին, թե հրապարակի մուտքն ազատ է, այնուամենայնիվ, «կենդանի» համերգը կարողացան վայելել միայն աթոռներին նստած «էլիտարները»: