Երեկ Աջափնյակ համայնքի ընտրատարածքային հանձնաժողովն ընդամենը մեկ թեկնածուի դիմում էր ստացել, մյուսները դեռ չեն կողմնորոշվել: Այդ թեկնածուն Աջափնյակ համայնքի «Երկրապահի» տարածքային կազմակերպության ղեկավար Արայիկ Գալստյանի եղբայրն է` Նորայր Գալստյանը, ով դեռեւս 4 ամիս առաջ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանի տեղակալն էր:
Մեր տեղեկություններով, այս թեկնածուին ոչ բացահայտ սատարելու է «Ոգու փորձություն» քաղաքական-հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարը երկրապահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Վերջինս, սակայն, դժգոհ է ստեղծված իրավիճակից, մասնավորապես` այն բանից, որ Արծրուն Խաչատրյանն ու Արման Սահակյանը չեն առաջադրելու իրենց թեկնածությունները: Բանն այն է, որ Հակոբ Հակոբյանը չի կարող թեկնածու առաջադրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի դեմ, ում անունն էլ շրջանառվում է որպես հիմնական թեկնածու: Հենց այդ պատճառով էլ Հ. Հակոբյանն աշխատում է մարդաշատ տեղերում չերեւալ, որպեսզի իրեն հարցնող չլինի Աջափնյակի ու այնտեղ սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Մինչ այդ նա լուրեր է տարածում, որ Ն. Գալստյանն իր թեկնածուն չէ, եւ որ ինքը չի սատարելու նրան, կամ` դեռ չի որոշել, թե ինչ է ինքն անելու այդ համայնքում ընտրությունների ժամանակ: Սակայն երեկ այդ լուրերին զուգահեռ մեկ այլ լուր էլ էր շրջանառվում այն մասին, որ Հակոբ Հակոբյանն ու Նորայր Գալստյանի թիմակիցները կիրակի օրը Գալստյանի նախընտրական շտաբում գառ են մորթել ու Նորայր Գալստյանին շնորհավորել արդեն իսկ «տեսանելի» հաղթանակի համար: «Եթե Արծրունն ու Արմանը չդնեն, հեն ա Նորոն կրած ա, բայց ստեղ ուրիշ պրոբլեմ կա, մեր վախն էն ա, որ Աղվանի ախպերը մեջտեղ չընկնի: Եթե ինքը մեյդան էլավ, սաղ պռավալ ա, ու Նորոն արդեն կարա վաաբշե խաղից դուրս գա, փասա-փուսան հավաքի ու ոչ էլ ընտրության մասնակցի»,- մեզ հետ զրույցում ասաց Աջափնյակի երկրապահներից մեկը` վստահեցնելով, որ դեռ հույսեր կան, որ Ռուբեն Հովսեփյանը չի մասնակցի ընտրություններին, քանի որ «էդ տղուն հո զոռով չե՞ն բերելու, ասեն` թաղապետ էլի»: Նրա խոսքերից հասկացանք, որ Ռ. Հովսեփյանը թաղապետ դառնալու ցանկություն ամենեւին էլ չունի, սակայն դեռեւս համոզում են, որպեսզի «թղթերը դասավորի» ու տանի ԸԸՀ:
Ինչ վերաբերում է Արծրուն Խաչատրյանին, ապա նա, ինչպես հավատացնում էին նրա ընկերները, իր թեկնածությունն այլեւս չի առաջադրելու, ու այդ պատճառով չի էլ ուզում ոչ մեկի «երեսը» տեսնել: Ասում են, որ նա, մի քանի օր է, նորմալ աշխատանքի էլ չի գնում, իսկ եթե գնում էլ է, ապա իրերը հավաքելու համար: «Քիչ-քիչ է հավաքում, որ կողքից չզգան, որ ճամպրուկները հավաքում է»,- ասում էին թաղապետարանի աշխատակիցները, ովքեր նաեւ չէին թաքցնում իրենց ուրախությունը, որ վերջապես Արծրուն Խաչատրյանից ու իր «թիմից» կպրծնեն: Սակայն նրանք անհանգստացած են նաեւ իրենց հաջորդ «շեֆի» ով լինելուց. «Տեսնենք` հիմա ո՞վ է գալու, արդեն հոգնել ենք»,- ասում էին նրանք` ավելացնելով, որ եթե աշխատանքի ուրիշ առաջարկ ունենային` հաստատ Աջափնյակի թաղապետարանից դուրս կգային ու մի հատ «օֆ էլ չէինք ասի»: «Խաչատրյանը ընենց տխուր ու նյարդային ա մտնում էս շենք, ոնց որ մենք իրա դուշմանը լինենք, ֆշացնելով կողքներովս անցնում ա ու մի հատ բարեւն ի՞նչ ա` էդ էլ չի տալիս»,- դժգոհում էին թաղապետարանի աշխատակիցները` բացատրելով, որ իրենք մեղք չունեն, որ իր «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահն էլ չի ուզում, որ ապարանցի Խաչատրյան Արծրունն Աջափնյակում թաղապետ լինի:
Եթե Աղվան Հովսեփյանը միայն դա ուզեր` թերեւս շատ ավելի հեշտ կլիներ Արման Սահակյանի համար, ով նույնպես հրաժարվում է առաջադրել իր թեկնածությունը, քանի որ քաղաքական համաձայնության են եկել, որ այդ համայնքը ոչ Արծրունի «թագավորության» տակ է լինելու, ոչ էլ Արման Սահակյանի: Երեկ Արման Սահակյանի հայր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար էին այդքան աղմուկ բարձրացնում, հարցը քննարկում ՀՀԿ խորհրդի նիստում` հայտարարելով, թե անկախ ամեն ինչից`
Ա. Սահակյանն առաջադրելու է իր թեկնածությունը, եթե, ի վերջո, չէր առաջադրելու: Ի պատասխան` Գ. Սահակյանն ասաց. «Արմանը չի հրաժարվում, մեկնաբանությունները կարող են տարբեր լինել: Փաստորեն, գործող թաղապետն իր թեկնածությունը չի առաջադրելու, եւ Արմանն այն անձնավորությունը չէր, որ պետք է պարտադրված թաղապետ դառնար: Խնդիր կար թաղամասում, եւ, կարծում եմ, ժողովրդի ոգեւորությունը, ոտքի կանգնելն Աջափնյակում այսուհետ ցանկացած թաղապետի համար որոշակի զգուշավորություն կստեղծի: Կարծում եմ` պետք է նաեւ կուսակցությանն ու մարդկանց լսենք: Արմանը գտնում է, որ եթե գործող թաղապետը չի առաջադրվում, ինքը կարող է իր թեկնածությունը չառաջադրել»: Իսկ ինչո՞ւ է Ա. Սահակյանը, ով հայտարարել էր, թե պատրաստ է անգամ ենթարկվել կուսակցական պատասխանատվության եւ դուրս գալ ՀՀԿ-ից, բայց չի կարող չառաջադրվել, մեկ շաբաթում մտափոխվել ու սկսել իր գործողությունները պայմանավորել Արծրուն Խաչատրյանի գործողություններով: Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Նախապես ասել էինք, որ նաեւ քաղաքական որոշ ուժեր կային, ովքեր հայտարարեցին, որ համագործակցել են թաղապետի հետ: Գտնում եմ, որ այդ համագործակցությունը կարող էր լինել գրադարանների, մանկապարտեզների փակման հետ: Կարծում եմ, այն պայմանավորվածությունները, որ մենք ունենք, կկարողանանք հաղթահարել, եւ թաղամասը կդառնա թաղամասի պես»: Իսկ «պայմանավորվածությունը», ինչպես նշեց Գ. Սահակյանն, այն է, որ իր թեկնածությունը չի դնելու ոչ Արծրուն Խաչատրյանը, ոչ էլ Արման Սահակյանը. «Արմանը ջենթլմենի քայլ է կատարում, ու չի դնում իր թեկնածությունը»,- եզրակացրեց Գ. Սահակյանը` ավելացնելով, որ 1992-93թթ. սկսած ամբողջ Աջափնյակը ոտքի է կանգնել եւ դարձել է «Արման Սահակյանի շտաբ»: «Բայց նաեւ իմ գործընկերների, կուսակցության, առանձին քաղաքական ուժերի հորդորներով ինքը համաձայնեց չդնել իր թեկնածությունը, որովհետեւ իր խնդիրը ոչ թե պաշտոնավարումն էր, այլ` հասարակությանը ներկայացված որոշակի դիրքորոշում: Համենայնդեպս, ինքը գտնում է, որ դա իրեն հաջողել է»,- վստահեցնում է Գալուստ Սահակյանը:
Հ.Գ. Երեկ ԱԺ-ում պատգամավոր Մանուկ Գասպարյանը լուրեր էր տարածում, թե հնարավոր է` Աջափնյակում իր «ԺՈՒԿ» կուսակցությունն էլ թեկնածու առաջադրի: Սակայն, ինչպես ինքը նշեց, դեռեւս հաստատ որոշում չկա: