«ԵՄ հետ Ադրբեջանի անհատական գործողությունների ծրագրում ԼՂՀ-ն ոչ մի կերպ ֆիքսված չէ»,- երեկ Երեւանում հայտարարել է ԵՄ նախագահող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թումիոյան: Նրա խոսքերով՝ Ղարաբաղի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի անհատական գործողությունների ծրագրում նշված չէ, քանի որ դա ԵՄ խնդիրը չէ: «Դա կողմերի խնդիրն է, նրանք իրար հետ պետք է որոշեն դա»,- ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը: Նա նշել է նաեւ, թե ԵՄ-ն քաջալերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում եւ ակնկալում, որ համանախագահների տարածաշրջանային հերթական այցը կտա բանակցային գործընթացը շարունակելու եւ համաձայնության եզրեր գտնելու հնարավորություն: «Մենք կարծում ենք, որ գոյություն ունի հնարավորությունների պատուհան, որը դեռ բաց է, եւ մենք քաջալերում ենք, որպեսզի կողմերն օգտվեն այդ հնարավորությունից»,- հայտարարել է Է. Թումիոյան: Վերջինս եւ Վարդան Օսկանյանը երեկ Երեւանում ստորագրել են ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում ՀՀ անհատական գործողությունների ծրագրի մասին հայտարարություն: Այն կստորագրվի ավելի ուշ, Բրյուսելում, բայց Երեւանում այդ առնչությամբ ընդունած հայտարարությունը, ըստ Օսկանյանի, կնպաստի գործողությունների ծրագրին հանրության լայն ինտեգրմանը: