Թերթը գրում է, որ Շիրակի այցը Հայաստան կապված չէ միայն Ֆրանսիայում Հայաստանի օրերի բացմամբ, այլ թաքցնում է իր մեջ, քաղաքական իմաստով, առավել քան շոշափելի նպատակներ. «Շիրակի վերջերս կատարած հայտարարության խորապատկերի վրա, այն մասին, որ նա լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկությունները եւ երկու կողմերին կոչ է անում ստորագրել դրանք, Ֆրանսիայի նախագահի Հայաստան ժամանումը ոչ միանշանակ քաղաքական երանգ է ստանում: Ըստ էության, Շիրակն արդեն բացահայտ ցուցադրում է, որ հայերի մեծ բարեկամն է եւ սատարում է հայկականամետ դիրքորոշմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերմամբ նախկին հավասարակշռության քաղաքականությունից Շիրակի հեռանալը հատկապես լավ է երեւում, եթե հիշենք, որ դեռեւս հանգուցյալ Հեյդար Ալիեւի նախագահության օրոք Շիրակը հրավիրվել է Ադրբեջան, բայց այդպես էլ չի ժամանել: Ինչո՞ւ այն ժամանակ Շիրակը մերժեց մեզ, իսկ հիմա համաձայնեց հայերի հրավերին»: «Զերկալոյի» հետ զրույցում նախկին պետքարտուղար, այժմ՝ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, ասել է, թե Ֆրանսիայի նախագահն արդեն ի վիճակի չէ պայքարել հայկական լոբբիի հետ եւ ավելի ու ավելի է ընկնում դրա ազդեցության տակ. «Առհասարակ, Շիրակը առաջինը պետք է այցելեր Ադրբեջան: Դեռեւս 1998թ. նա ստացել է նախագահ Հեյդար Ալիեւի հրավերը, ինչին սկզբում դրական է պատասխանել: Շիրակի պատասխան նամակում ասվում էր. «Իմ թանկագին բարեկամ, ես հաճույքով կայցելեմ Բաքու», Բայց որոշ ժամանակ անց, մտափոխվելով, գրեց երկրորդ նամակը: Այնտեղ նա ասում էր, որ ստիպված է մերժել, քանի որ, Ադրբեջան այցելելով, ինքը չի կարող չայցելել նաեւ Հայաստան: Սկզբունքորեն, դրանով Շիրակը ցույց տվեց, թե որքան է ինքը կախման մեջ Ֆրանսիայի հայկական լոբբիից»:
«Բայց ամենացնցողը, հավանաբար, այն էր, որ իր նամակում Շիրակը, կարծես թե չուզելով, խոստովանեց այն մասին, որ եթե ինքը հետո այցելի Հայաստան, ապա այնտեղ նրան կարող է հարկադրեն այցելել Լեռնային Ղարաբաղ: Հենց դրա համար էլ նա չի կարող ժամանել Ադրբեջան, ասվում էր Շիրակի նամակում: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահը չայցելեց մեր երկիր»,- ավելացրել է քաղաքագետը:
Մեկնաբանելով Շիրակի Հայաստան կատարած այցը, Վ. Գուլուզադեն ասել է. «Նախ, Շիրակը համաձայնել է այցելել Հայաստան, այլ ոչ՝ Ադրբեջան: Եվ, երկրորդը, սատարելով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկությունները, որոնք Ադրբեջանի կողմից մերժվել էին, Շիրակը դրանով մեզ հասկացրեց, որ ինքը դրականորեն է վերաբերվում Հայաստանին եւ հաշվի չի նստում Ադրբեջանի հետ»: