Ինչպես ասում են՝ դրան էլ հասանք: Ռուսաստանը հետ է կանչել իր դեսպանին, դադարեցրել է մուտքի վիզաների տրամադրումը, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթներով էվակուացրել է դեսպանատան հարյուրավոր աշխատակիցների: Ռուսաստանը նաեւ պատրաստ է էվակուացնել Վրաստանում բնակվող իր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այդպիսի ցանկություն կհայտնեն, սակայն այդպիսիք առայժմ չկան: Ավելին, ռուս-վրացական սահմանի մոտ խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսվում, իսկ Սեւ ծովում տարբեր էսկադրաներ են լողում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի ներկայիս կառավարությունը համեմատեց Լավրենտի Բերիայի ռեժիմի հետ, ՊՆ Սերգեյ Լավրովը խոսեց համարժեք պատասխան տալու մասին, իսկ արտգործնախարար Սերգեյ Իվանովը՝ «վրացական հարցը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու մասին: Ընդ որում, եթե Ռուսաստանին հաջողվի ՄԱԿ-ի նիստերի օրակարգ մտցնել վրացական թեման, ապա օրակարգը չի սահմանափակվի միայն Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից ռուսական լրտեսներին բռնելու իրավազորության հարցով: Ավելի շատ խոսք կլինի իրենից պոկված ինքնավար հանրապետությունների նկատմամբ Թբիլիսիի «վարքագծի» մասին՝ Կոդորի կիրճ զորք մտցնելու (որը նախագահ Սահակաշվիլու կողմից վերանվանվել է Վերին Աբխազիա), Ցխինվալիի ուղղությամբ զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու, ՊՆ Իրակլի Օքրուաշվիլու հերթական խոստման մասին՝ Նոր տարին դիմավորել Հարավային Օսիայում, եւն:
Չի կարելի Ռուսաստանի գործողությունները համարել վրեժ` բացահայտված լրտեսական ցանցի համար: Նա դրան վաղուց էր պատրաստվում եւ ուրախությամբ միջազգային ցուցադրական ծեծ կտար իր փոքր, բայց հպարտ եւ չափազանց անհնազանդ հարեւանին: Բայց խնդիր է առաջանում, ավելի շուտ, հարց է ծագում՝ ինչի՞ համար: Արդեն Ռուսաստանի առաջին դեմքերն են Սահակաշվիլու ռեժիմն ուղղակիորեն անվանում խամաճիկային, որը ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից: Եթե դա այդպես է, ապա օրինաչափ չէ՞ արդյոք հաշիվ ներկայացնել հենց Վաշինգտոնին՝ ո՞ւմ եք մեր կողքին դրել եւ ի՞նչ նպատակ եք հետապնդում, հարգելիներս: Եվ հետեւաբար, փորձել խնդիրը լուծել այնտեղ՝ ԱՄՆ-ում: Սակայն դա տեղի չի ունենում: Ամեն դեպքում, մեզ այդպիսի բան հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Ռուսաստանը սարսափելի նեղացած է, որ Վրաստանի իրավապահ կառույցները բացահայտել են իր լրտեսական ցանցը, կալանավորել են չորս սպաների եւ պահանջում են իրենց հանձնել հինգերորդին, որը գտնվում է Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի շենքում: Վերջինիս բռնելու համար արդեն գրեթե մի շաբաթ է՝ շենքի մոտ գիշեր-ցերեկ վրացի ոստիկանները հերթապահում են: Ընդհանրապես այս ամենը շատ տարօրինակ է՝ նեղանալ, բռունցք թափ տալ այն բանի համար, որ քեզ խանգարել են` ինչ-որ վնասակար գործողություններ կատարել: Եթե ձեր տուն անցանկալի հյուր է եկել եւ սկսել է փչացնել ձեր ծորակները, ջարդել զուգարանակոնքը եւն, դուք, հավանաբար, իրավունք ունեք, չէ՞, նրա քիթումռութին հասցնելու: Որոշ ժամանակ առաջ Վրաստանը բռնել էր Բոյկո ազգանունով ռուսական մի սպայի: Վրաստանի երեք քաղաքացիներ, որոնց ձերբակալել էին երկաթուղու վրա դիվերսիա կազմակերպելու եւ էլեկտրահաղորդման լարերը պայթեցնելու համար, ի դեմս նրա` ճանաչեցին իրենց հրահանգչին: Այդ Բոյկոյին Թբիլիսին բոլոր ապացույցներով ու փաստաթղթերով հանձնեց Մոսկվային՝ իբր` ինքներդ ձերոնց հետ հարցերը պարզեք: «Ի պատասխան բարի կամքի մեր այդ դրսեւորմանը՝ Ռուսաստանն ակտիվացրեց իր լրտեսական ցանցը: Ի՞նչ է մնում անել, եթե Մոսկվան, ըստ էության, մեզ ընտրության ոչ մի հնարավորություն չի թողնում եւ գնում է հարաբերությունների լարվածության մեծացման ճանապարհով»,- ՊՆ Իրակլի Օքրուաշվիլուն չես կարող առարկել նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
«Մոսկվան չի համարձակվում ռազմական գործողություններ սկսել. արդեն այդ ժամանակները չեն: Իսկ ինչ-ինչ սանկցիաներ կիրառելը՝ մուտքի վիզաներ չտրամադրելը, տնտեսական կամ էներգետիկ շրջափակումը՝ արդյունավետ չգտնվեցին: Այս ամենն արդեն եղել է, եւ Վրաստանը կարողացավ ինչ-որ կերպ դիմանալ այդ դժվարություններին»,- ասում է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի տնօրեն Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով՝ այս անգամ հիմքեր չկան չվստահելու իշխանություններին, կասկածելու նրանց հակալրտեսական գործողությունը «բեմադրելու» մեջ: «Ռուսաստանը չի թաքցնում իր դժգոհությունը Վրաստանի արեւմտյան կողմնորոշման նկատմամբ, որն ուղղված է դեպի ՆԱՏՕ-ն, այդ պատճառով միանգամայն տրամաբանական է եւ լրտեսական ցանցի գոյությունը, եւ այն, ինչով նրանք, ՆԳ նախարարի խոսքերով, հետաքրքրվում էին՝ բանակի մարտունակության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային ուղիների եւ այլ հարցերով»,- «168 Ժամ»-ին հայտարարեց Զաքարեիշվիլին:
Էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ Ռուսաստանի կողմից հնարավոր էներգետիկ շրջափակման արդյունքը զրոյական կլինի: «Ռուսաստանը գազի եւ էլեկտրաէներգիայի խոշորագույն մատակարարն է: Բայց մենք արդեն գործընկերային համաձայնագիր ենք կնքել Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ՝ հարկ եղած դեպքում էներգակիրների լրացուցիչ մատակարարման մասին»,- հայտարարեց նախարարը:
Ինչ վերաբերում է տնտեսական շրջափակմանը, ապա ըստ տնտեսական զարգացման պետնախարար Կախա Բենդուկիձեի՝ Վրաստանն արդեն զրկված է իր արտադրանքը ռուսական շուկաներ արտահանելու հնարավորությունից, «Վերին Լարս» անցակետի փակվելու հետեւանքով զրկվել է նաեւ ցամաքային տրանսպորտային կապից, այնպես որ, իրավիճակը դժվար թե վատթարանա:
Մոսկվայում, թերեւս, հասկանում են նման շրջափակումների անհեռանկար լինելը, եւ որոշել են Թբիլիսիին հարված հասցնել միջազգային մակարդակով, որն այնքան «սիրված է» Վրաստանի հեղափոխական իշխանությունների կողմից: Սակայն ԱՄՆ-ը «տորպեդահարեց» Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության նախագիծը, որը պատրաստել էր Ռուսաստանը: Այնտեղ ՄԱԿ-ի անունից կոչ է արվում Վրաստանին՝ հրաժարվել սադրիչ գործողություններից, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում, նաեւ պահանջվում է անմիջապես դուրս բերել զորքերը Աբխազիայի Կոդորի կիրճից եւ վերադառնալ հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին, որը ստորագրվել էր Մոսկվայում 1994թ. մայիսի 14-ին: Ավելին, Սենատում ամբողջ թափով ուսումնասիրվում է մի փաստաթուղթ, որը հավանության է արժանացնում ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ Վրաստանի, Ալբանիայի, Մակեդոնիայի եւ Խորվաթիայի՝ Ալյանսի մեջ ընդգրկվելը…
Ռուսաստանը թերեւս տանուլ է տվել, սակայն չի ցանկանում խոստովանել դա: Եվ դրանից նրա դիրքերն օր օրի ավելի են վատանում: