Ադրբեջանը կշարունակի բանակցությունները

05/10/2006

Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, թե «քաղաքական իրավիճակն աշխատում է Ադրբեջանի օգտին»: «Հետագայում էլ Ադրբեջանի քաղաքականությունը պետք է ակտիվ լինի: Մենք կանցնենք տեղեկատվական, տնտեսական գրոհի: Շարունակվում է ռազմական պոտենցիալի ուժեղացումը»,- ավելացրել է Ի. Ալիեւը: Ըստ «Trend»-ի, նա նաեւ ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն պետք է հավասար լինի Հայաստանի ամբողջ բյուջեին, եւ վստահեցրել է, թե մյուս տարի Ադրբեջանը դրան կհասնի: Միաժամանակ, ըստ Ալիեւի, ռազմական պոտենցիալի ամրապնդումը չի նշանակում «հարցի ավտոմատ լուծում ռազմական ճանապարհով՝ դա վերջին միջոցն է»: «Մեր քաղաքականությունը պետք է ագրեսիվ լինի: Մենք պետք է նախահարձակ լինենք: Երբ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ կլինի Հայաստանից, գուցե առհասարակ հակամարտության ռազմական լուծման անհրաժեշտություն չլինի»,- նշել է Ալիեւը: Նա նաեւ ասել է, թե Ադրբեջանը մտադիր է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, սակայն գտնում է, որ միջազգային այլ կազմակերպությունների մասնակցությունը կարող է նպաստել այդ հարցի լուծմանը: «Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Դրա սահմաններից դուրս ես ոչ մի համաձայնություն չեմ տեսնում: Գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն, փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը: ԼՂՀ հայ բնակչությանը կարող է ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրվել»,- հայտարարել է Ի. Ալիեւը: