Շուկայի խնդիր կա

04/10/2006

Տիգրան Ջրբաշյան, AEPLAC-ի ղեկավար
– Մենք պրոբլեմ ունենք այն շուկաներում, որտեղ ուզում ենք մրցակցել: Օրինակ, բնական հյութերի արտադրությամբ զբաղվողները «second hand» տեխնոլոգիաներ են գնել, որոնք միջինը 20 տարվա հնություն ունեն: Եթե վերջին 15 տարիների ընթացքում թույլ դրամի պայմաններում այդ ընկերություններն օգտվել են եւ շահույթներ են ստացել, ապա այժմ չեն կարող: Դրամի այսօրվա արժեքավորումը հանգեցնելու է նրան, որ մարդիկ հասկանալու են, որ թույլ դրամի ժամանակը վերջացել է:

Թաթուլ Մանասերյան, ԱԺ պատգամավոր, տնտեսագետ
– Ես խիստ կասկածում եմ, որ ներմուծվող ուկրաինական կամ մյուս հյութերը գերժամանակակից սարքավորումներով են պատրաստվել եւ մրցունակ են տեղական արտադրանքի նկատմամբ:

Խաչատուր Սուքիասյան
– Հյութերի արտադրության մեջ շատ հուսալի գերմանական սարքավորումներ են ներմուծված:

Տիգրան Ջրբաշյան
– Իմ գնահատմամբ՝ մենք այս հարցն առաջիկա 3-4 տարիների ընթացքում չենք կարողանալու լուծել: Ուզենք թե չուզենք, դրամի արժեքավորումը շարունակվելու է: ԿԲ-ի մոտ չկան այն գործիքները, որով նա կարողանա այս հարցը լուծել: Այսօր ԿԲ-ն ամենաազնիվ դիրքն է բռնել, այն է. «Քանի որ չեմ կարողանալու փոխարժեքը կարգավորել, ավելի լավ է պահեմ այն, ինչ կարող եմ, գոնե գնաճը»:

Արա Գալոյան, «168 Ժամ»-ի տնտեսական մեկնաբան
– Բայց Կենտրոնական բանկը չի պահում: Ես խորապես կասկածում եմ, որ գնաճը նույնիսկ 6% է:

Հրանտ Բագրատյան
– Ինչպե՞ս է ԿԲ-ն կառավարում գնաճը, եթե դոլարով Երեւանում կյանքը կրկնակի թանկացել է: Ի՞նչ տարբերություն` դոլարո՞վ է թանկացել, թե՞ դրամով: Նույնիսկ դրամով է թանկացել: