Փողերը նետել է փողոց

03/10/2006

Երեկ ՍԻՄ կուսակցության որոշ ներկայացուցիչներ լուրեր էին տարածում, թե Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ գրասենյակ մտնելով 100 հազար դրամ գումար է տարել՝ փորձելով վարկաբեկել Հ. Խաչատրյանին: Քիչ անց պարզվեց հետեւյալը. Հրանտ Խաչատրյանին հասանելիք արտասահմանյան հյուրերի հյուրընկալության եւ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված փոխհատուցումը՝ 100 հազար դրամի չափով, ՍԻՄ-ը մեկ շաբաթ շարունակ ձգձգում էր՝ փորձելով այն չվերադարձնել: Հ. Խաչատրյանը երեկ այցելել է ՍԻՄ գրասենյակ՝ պահանջելով իր գումարը վերադարձնել: Համապատասխան աշխատակիցը նրան պատասխանել է, թե փող չկա: Այդ ժամանակ Հ. Խաչատրյանը պահանջել է բացել սեյֆը: Բացելուց հետո հայտնաբերելով խոշոր գումարներ, վերցրել է դրամի մի խուրձ, դրանից հանել է իրեն հասանելիք 100.000 դրամը, ապա նկատելով սենյակի բաց պատուհանը, մնացած գումարը փողոց է նետել, ասելով՝ «Եթե ձեր սեյֆում, ասում եք` փող չկա, ուրեմն չի լինի, սրիկաներ»: Դրանից հետո Հ. Խաչատրյանը պահանջել է, որպեսզի իրեն ներկայացվեն ՍԻՄ-ի վերջին՝ կեղծված համաժողովի բոլոր փաստաթղթերը եւ տեսանյութերը, որոնք մինչ օրս չեն տրամադրվել իրեն: ՍԻՄ նախկին անդամ Կ. Վարդանյանի հավաստմամբ` դրանից հետո ՍԻՄ գրասենյակում սափրագլուխներ են հերթապահում: «Դրանք այն նույն սափրագլուխներն են, որոնք ժամանակին ծեծել են Հովհաննես Գալաջյանին»,- ասաց Կ. Վարդանյանը: