Հայաստանի Դաշնություն

03/10/2006

Ռոբերտ Քոչարյանն «Ալ Ջազիրա» արաբական հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը եւ Ղարաբաղը դաշնություն կկազմեն: «Կարծում եմ, որ ապագայում երկու երկրների՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հարաբերությունները կզարգանան, եւ նրանք դաշնություն կկազմեն: Գալիք սերունդները կորոշեն, թե ինչ կարգի հարաբերություններ են ունենալու երկու երկրները»,- ասել է նա: Խոսելով Ղարաբաղը շրջապատող տարածքների մասին` Ռ. Քոչարյանն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ՝ բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից: Եթե Ադրբեջանը, իրոք, մտահոգված է իր փախստականների խնդրով եւ Ադրբեջանի վարչական սահմանից դուրս գտնվող տարածքների վիճակով, նա կարող էր վաղուց վերականգնել դրանք, եթե Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված համաձայնագիր ստորագրեր Մինսկում»: