Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է նաեւ, որ համանախագահների հետ Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո որոշակի հստակություն է մտցվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի առնչությամբ: Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հայաստանը մինչ այս փաստորեն խուսափում էր նախարարների հանդիպումից, Վ. Օսկանյանն ասել է, թե այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն եւ պետք է լուծեն կոնկրետ խնդիրներ, ու հենց այդ կոնկրետ խնդրի բացակայությունն է եղել պատճառը, որ ինքը չէր համաձայնում հանդիպել Մամեդյարովի հետ ո՛չ Փարիզում եւ ո՛չ էլ Նյու Յորքում: Ըստ նրա, հանդիպման չկայանալը պետք չէ դիտարկել իբրեւ Հայաստանի մերժում, քանի որ հենց Հայաստանն է կողմ այն բանակցային փաստաթղթին, որն այսօր սեղանի վրա է: «Դա իդեալական փաստաթուղթ չէ, դա կոմպրոմիսային փաստաթուղթ է, դա չարյաց փոքրագույն փաստաթուղթ է: Եվ կարծում ենք, որ դա իսկապես հարցի կարգավորման ճանապարհ կարող է բացել»,- ասել է Վ. Օսկանյանը՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ Հայաստանը համաձայն է փաստաթղթի բոլոր սկզբունքային կետերին: Վ. Օսկանյանը նաեւ ասել է, թե չի կարծում, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտած ՎՈՒԱՄ-ի տարածքի հակամարտությունների հարցի քննարկումը ՄԱԿ-ում միարժեք դրական է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար: Վ. Օսկանյանն առաջարկում է խնդիրը դիտարկել նաեւ այն տեսանկյունից, որ հարցի շուրջ բանաձեւի քվեարկությունը կարող է պարտություն դառնալ Ադրբեջանի համար, եթե պարզվի, որ ՄԱԿ անդամ երկրների մեծամասնությունը դեմ է բանաձեւին: «Կարող է բանաձեւն անցնի, որովհետեւ այնտեղ կարգն այնպիսին է, որ նույնիսկ եթե երկուսը կողմ քվեարկեն, իսկ բոլոր մյուսները՝ ձեռնպահ, բանաձեւն անցնում է: Այնպես որ, Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան, երեքով կարող են բանաձեւն անցկացնել: Եթե 150 այլ երկրներ ձեռնպահ մնան, ես կարծում եմ, որ դա Ադրբեջանի համար մեծ պարտություն կլինի, որովհետեւ ՄԱԿ-ի երկրների մեծամասնությունը փաստորեն կողմ չեն Ադրբեջանի կողմից առաջարկված հարցերին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Նրա խոսքերով՝ ՎՈՒԱՄ-ի առաջարկի բանաձեւի տեքստ կարող են ներկայացնել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները: ՎՈՒԱՄ տարածքի հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի օրակարգում ներառելու խնդրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տարբեր կերպ են քվեարկել. ԱՄՆ-ը քվեարկել է կողմ, Ֆրանսիան՝ ձեռնպահ, իսկ Ռուսաստանը՝ դեմ: «Համանախագահներն իրենց դիրքորոշումը կհստակեցնեն միայն ու միայն այն ժամանակ, երբ արդեն շրջանառության մեջ կդրվի տեքստը»,- նշել է Վ. Օսկանյանը, հավելելով, որ բանաձեւի տեքստից հետո իր դիրքորոշումն է հստակեցնելու նաեւ Հայաստանը: Եթե այն Հայաստանի համար ընդունելի չլինի, ապա Հայաստանը կպահանջի, որ բանակցային կողմ դառնա նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը դուրս կգա բանակցությունից: Երեկ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ որոշվել է ԼՂ հարակից տարածքներում հրդեհների հետ կապված իրավիճակը գնահատող ԵԱՀԿ-ի առաքելության կազմը եւ մանդատը, եւ շուտով այն կլինի տարածաշրջանում: Առաքելությունը միջազգային կազմ կունենա, նրան կցուցաբերվի տեղական փորձագիտական աջակցություն, եւ Հայաստանն իր միջոցները կօգտագործի տարածաշրջանում նրանց տեղաշարժն ապահովելու համար: Վ. Օսկանյանը դրական է գնահատել Թուրքիայի վերաբերյալ օրերս Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը՝ հակառակ փաստին, որ Հայոց ցեղասպանության հետ կապված «շատ հստակ ձեւակերպումը վերջին պահին հանվեց»: Իսկ եթե այդ ձեւակերպումն էլ մնար փաստաթղթում, ապա Վ. Օսկանյանը փաստաթուղթը Հայաստանի համար իդեալական կհամարեր: Բանաձեւում առկա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը, ըստ Հայաստանի արտգործնախարարի, կարելի է նաեւ նախապայման համարել, քանի որ դրանում ընդգծվում է Եվրամիությանը անդամակցությունից առաջ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Իսկ շրջափակման վերացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը, ըստ Վ. Օսկանյանի, բանաձեւում «աննախադեպ հստակ եւ պահանջատիրական» է դրված, քանի որ Թուրքիայից պահանջվում է առանց նախապայմանների, հնարավորինս արագ բացել Հայաստանի հետ սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Մանկուց բոցաշունչ է
Իսկ ինչո՞վ է պայմանավորված իր հրապարակային ելույթներում լրացուցիչ բոցաշնչության ի հայտ գալը: Արդյո՞ք դրա պատճառը նրա նախագահական հավակնությունները չեն: Պատասխանելով իրեն ուղղված այս հարցերին՝ Վ. Օսկանյանը նշել է, թե նախագահական հավակնությունները չեն արտահայտվում ելույթների բոցաշնչությամբ, իսկ ինքը միշտ էլ այդպիսին է եղել: «Ես 1998 թվականից նախարար եմ աշխատում: Առաջին օրվանից միշտ էլ ինձ ասել են, որ շատ եմ զգացական, բոցաշունչ: Իմ ոճը խոսելու, ելույթ ունենալու, այս յոթ-ութ տարվա մեջ փոխվե՞լ է: Ինչ որ կամ՝ դա եմ, այդպես եմ խոսում: Հարցազրույցներ որ տալիս եմ, իսկապես, օրինակ, իմ մոտ շրջապատի մարդիկ ասում են՝ մի քիչ շատ է ձեռքիդ շարժումը: Բայց հիմա այդպես է: Եթե ձեռքս գրպանս խոսեմ` մտքերս չեմ կարող արտահայտել: Այնպես որ, ես ոչինչ չեմ փոխել, միշտ էլ բոցաշունչ է եղել: Այնպես որ, եկեք դրանով չչափենք նախագահական ամբիցիաները»,- առաջարկել է Վ. Օսկանյանը: