Սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեցին 3 ինքնաթիռներ` համեստ արտաքինով, առանց ավելորդ ճոխությունների, որոնց վրա ընդամենը «Ֆրանսիայի Հանրապետություն» էր գրված, եւ պատկերված էր այդ երկրի եռագույնը:
Առաջին օդանավում Ֆրանսիայի առաջին տիկին Բերնադետ Շիրակն ու պատվիրակության մյուս անդամներն էին, ովքեր ժամանեցին ժամը 18:45-ին: Հետո եկան ֆրանսիացի լրագրողները, իսկ նախագահ Ժակ Շիրակի ինքնաթիռը Երեւան ժամանեց ուշացումով` ժամը 19:45-ին:
Սա Ժ. Շիրակի առաջին այցն է Հայաստան, այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են պատմական իրադարձություն: Այս առիթով վերջին ամսում Երեւանի որոշ փողոցներ արագորեն բարեկարգվեցին, ասֆալտապատվեցին: Օդանավակայան տանող ճանապարհը երեկ երեկոյան ամբողջովին լուսավորված էր: Իսկ «Զվարթնոցում» երեկ եռուզեռ էր: Հայաստանցի անվտանգության աշխատողներին միացել էին իրենց ֆրանսիացի գործընկերները:
Ֆրանսիայի նախագահին դիմավորելու էին եկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աշխատակազմի ղեկավարը, ԱԺ փոխնախագահը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ փոխոստիկանապետը, մի քանի «ընտրյալ» նախարարներ` Կարեն Ճշմարիտյանը, Հովիկ Աբրահամյանը, Վարդան Օսկանյանը, Հասմիկ Պողոսյանը եւ այլք: Ամենաերջանիկն, իհարկե, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին էր: Նրա դեմքին ոչ ոք այսքան տարի այդքան ժպիտ չէր տեսել:
Օդանավից իջնելուց հետո զինվորական շքախմբի կատարմամբ Ժակ Շիրակի համար հնչեցին «Մարսելյեզը», այնուհետեւ` ՀՀ պետական հիմնը: Երկու օրհներգերից հետո էլ Ֆրանսիայի նախագահը խոնարհվում էր` ի նշան հարգանքի: Հետո երկու երկրների ղեկավարներն անցան կարմիր գորգի վրայով, ողջունեցին հայ եւ ֆրանսիացի պաշտոնյաներին, ապա կանգնեցին հատուկ պատրաստված հարթակի վրա` դեմքով դեպի Արարատը: Ի դեպ, թեեւ աղջամուղջ էր, սակայն Արարատը պարզ նշմարվում էր: Ռազմական շքերթը դիտելուց հետո` Ռոբերտ Քոչարյանը Ժակ Շիրակին հրավիրեց նստել մեքենան, բայց Ֆրանսիայի ղեկավարը մի պահ հապաղեց եւ հայաստանցի իր գործընկերոջը ժպիտով մատնացույց արեց Արարատը` ինչ-որ բան ասելով Ռ. Քոչարյանին: Ժ. Շիրակի համար էլ սա պատմական իրադարձություն էր, նա առաջին անգամ էր տեսնում այն լեռը, որի մասին այդքան լսել էր իր երկրի 400 հազարանոց հայ համայնքից:
Այսօր Ֆրանսիայի նախագահն այցելելու է Ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու է Օպերայի մերձակա հրապարակի անվանակոչման արարողությանը, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում ունկնդրելու է Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ երաժիշտների համերգը:
Հ.Գ. Իսկ «Զվարթնոցի» մերձակա շենքերի երեխաներն իրենց սրտերում դեռ պահում էին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի նկատմամբ տածած չարությունը: Ժակ Շիրակին ուղեկցող ավտոշարասյան ետեւից նրանք վանկարկում էին. «Բրազիլիա, Բրազիլիա…»: