«Պատերազմ ոճրատոհմային ռեժիմին»

03/10/2006

Երեկ տեղի է ունեցել Մտավորականների ֆորումի ավագանու հերթական հավաքը, որն ընդունել է ՀՀ քաղաքացիներին ուղղված դիմում, որում ասվում է. «Վերջին իրադարձություններն ամենայն ակներեւությամբ մեկ անգամ եւս բացահայտեցին ոչ լեգիտիմ, հանցավոր, կլանային ռեժիմի իսկական դեմքը: Ոճրամիտ գլուխը, որպես մի չարորակ ուռուցք, կաթվածահարել է հասարակական կյանքի բոլոր ոլորտները. քաղաքականություն, արդյունաբերություն, գիտություն, կրթություն, առողջապահություն, գործադիր եւ դատական մարմիններ, տառացիորեն ամեն ինչ: Նոր կուսակցությունների ստեղծումը, եղածների վերադասավորումը, ժողովրդավարության եւ երկրի հզորացման եւ բարօրության մասին բարձրագոչ արտահայտությունները եւ կարգախոսներն իրականում հետապնդում են մեկ նպատակ` ձեռքից բաց չթողնել իշխանությունը, պահպանել եւ բազմապատկել թալանածը, ապահովել անձնական անվտանգությունը: Ներկայումս կլանային ռեժիմը նոր թափ է հաղորդում առաջիկա 2007 եւ 2008թթ. համապետական ընտրություններում իր գործունեությունը հերթական անգամ օրինականացնելու եւ եղած կարգավիճակը պահպանելու գործընթացին: Նույն նպատակն է հենապնդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ խաղաղություն կնքելու պատրվակի տակ քողարկվելը: Պատրվակ, որի պարտվողական ենթատեքստը անկհայտ է` վերադարձնել ազատագրված տարածքները, թույլ տալ ադրբեջանցիներին մասնակցել հանրաքվեին եւ այլն»: Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ վտանգված է հայ ժողովրդի եւ նրա պետականության ապագան: «Սթափվել է պետք: Ֆորումը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ում համար պատիվ ու արժանապատվություն հասկացությունները դատարկ խոսքեր չեն, ովքեր երկրի համար այս բախտորոշ պահին լրջորեն մտահոգ են նրա ապագայով, գիտակցել անձնական պատասխանատվության կարեւորությունը, միավորվել ու համատեղ ուժերով պատերազմ հայտարարել ոճրատոհմային ռեժիմին եւ հանցագործ դավաճանների կողմից բռնազավթած իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- եզրափակել է ավագանին: