Այն, որ երեկ որեւէ թեկնածու չէր դիմել Աջափնյակ համայնքի ընտրատարածքային կառույց` հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու պաշտոնական խնդրանքով, արդեն իսկ նշանակում է, որ քաղաքական քննարկումները եւ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել, ու վերջնական որոշում չկա, թե ով է դնելու իր թեկնածությունը, ով` ոչ:
Այլապես, եթե որոշում լիներ, ապա թե Արծրուն Խաչատրյանը, թե Արման Սահակյանը` առաջինն առաջադրվելու համար երեկ դեռ չլուսացած հերթ կանգնած կլինեին ԸԸՀ գրասենյակի մոտ:
Հիշեցնենք, որ իրենց առաջադրումների մասին հայտարարել են թե գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, թե ՀՀԿ-ական Արման Սահակյանը, թե երկրապահ Նորայր Գալստյանը: Բոլորն էլ, ի դեպ, սպառնացել են միմյանց, որ չեն հանելու իրենց թեկնածությունը: Սակայն իրավիճակը կարծես փոխվել է, ու նրանցից ոչ ոք չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր տեղեկություններով, որպեսզի որեւէ մեկը նեղացած չմնա ու չվտանգվի նաեւ «ռազմավարական ընդհանուր շահը», որոշվել է, որ այդ համայնքում իր թեկնածությունը չի առաջադրելու ոչ Արման Սահակյանը, ոչ էլ նրա հիմնական մրցակից Արծրուն Խաչատրյանը: «Ռազմավարական շահ» ասվածը պահպանելու համար որոշվել է, որ Աջափնյակ համայնքի թաղապետ է լինելու Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը: Եվ որպեսզի արդյունքում հաղթող դուրս չգա բացառապես Աղվան Հովսեփյանը, որի թեկնածուն է համարվում նաեւ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, ում էլ մինչեւ երեկ համարում էին հիմնական թեկնածու, մեր աղբյուրների հավաստմամբ, որոշվել է, որ ընտրություններից հետո Ռուբեն Հովսեփյանի տեղակալ պետք է լինի Արման Սահակյանի թիմակիցներից մեկը: Համենայնդեպս, մինչեւ երեկ ՀՀԿ-ականներն ու «Նիգ-Ապարանցիները» պնդում էին, որ Աջափնյակում որպես վերջնական լուծում հենց սա է ընտրվել, որպեսզի ավելորդ խժդժություններ չլինեն, եւ որ ամենակարեւորն է` Արման Սահակյանը չառաջադրի իր թեկնածությունն, ու ՀՀԿ-ն ստիպված չլինի նրան, ինչպես խոստացել էր, ենթարկել պատասխանատվության:
Լ.Ս.