Ջուր պղտորելու ժամանակները

03/10/2006 Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանյան ներքաղաքական ներկայիս զարգացումների վրա էական ազդեցություն ունեցավ հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումարը, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, իսկ հայաստանյան մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ գործարարներ համալրեցին ՀՀԿ շարքերը:

Համագումարից հետո հանրապետականները նշում էին, որ այս համագումարը պատմական կարելի է համարել այն առումով, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքական դաշտում իր ուրույն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժի՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ մի շարք քաղաքական ազդեցիկ անհատների կոնսոլիդացիա, եւ կարելի է ասել, որ առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ հստակ ձեւավորվել է ազգային-պահպանողական բեւեռը: Նրանց խոսքերով, սա պետք է խնդիր առաջացներ մյուս քաղաքական ուժերի շրջանում՝ ձեւավորելու նաեւ քաղաքական դաշտի ազատական եւ սոցիալիստական բեւեռները, ինչը հնարավորություն կտա 2007թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը գաղափարազուրկ, հայհոյախոս լեզվակռվից տեղափոխել քաղաքակիրթ ծրագրային մրցակցության դաշտ:

Թերեւս հանրապետականները հաշվի չէին առել մի հանգամանք: Այն է՝ ՀՀԿ խորհուրդ ներգրավվեցին նաեւ մարդիկ, որոնք մինչ այդ հայտնի չէին իրենց հրապարակային քաղաքական գործունեությամբ եւ իրենց կենսագրություններում ունեն «չպարզաբանված» էջեր, տիրապետում են որոշակի տնտեսական լծակների, ունեն զգալի կապիտալ, ինչպես նաեւ քաղաքական ազդեցություն: Սա հիմք տվեց մեր ընդդիմությանը` շրջանառության մեջ դնել «կրիմինալը սերտաճում է իշխանությանը» հասկացությունը: Սակայն պետք է նշել, որ ՀՀԿ շարքերը համալրած գործիչները մինչ այդ էլ հայտնի էին այս արտահայտությունը շրջանառության մեջ դնողներին: Ընդդիմության այս քայլը կարելի է համարել սեփական հեղինակությունը հասարակության աչքում բարձրացնելուն ուղղված մարտավարական հնարք: Հաշվարկը բավականին պարզ եւ հասարակ է: Երկրում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանար Հայաստանի քաղաքացին. գոյություն ունեն բազում սոցիալական չլուծված հիմնախնդիրներ, իշխանությունների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի մթնոլորտ եւ այլն: Իհարկե, «կրիմինալի» դեմ պայքարելն անհրաժեշտ է, սակայն այս գործի համար գոյություն ունեն պետական համապատասխան մարմիններ: Մյուս կողմից՝ երեւի թե ավելի ազնիվ կլինեին «հակակրիմինալ» շարժման նախաձեռնողները, եթե քննադատության սլաքն ուղղեին ոչ թե կոնկրետ մեկ քաղաքական ուժին, այլեւ մատնանշեին բոլոր ոլորտներում եւ քաղաքական ուժերում գոյություն ունեցող այս երեւույթը: Իսկ նման բան տեղի չի ունենում, ինչն էլ անուղղակիորեն ապացուցում է, որ այս ամբողջ գործընթացն ուղղված է կոնկրետ մեկ հասցեատիրոջ՝ Հանրապետականին: Հարկ է նշել, որ այս քարոզչական պատերազմում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մեր ԶԼՄ-ները: Իրենց համար արդեն իսկ գործունեության հիմնական ոճ դարձրած բամբասանքների տարածումն իրականացնելով՝ նրանք կարողացան ստեղծել մեծ աղմուկ: Պետք է նշել նաեւ, որ ՀՀԿ-ն այս քարոզչական պատերազմում թույլ տվեց մի քանի սխալներ: Նախ՝ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները հենց սկզբից խաղը վերցրեցին իրենց վրա եւ կոչ արեցին «հակակրիմինալ» շարժման ներկայացուցիչներին` մատնանշել կոնկրետ դեմքեր եւ փաստեր: Շատ բնական էր, որ «հակակրիմինալ» շարժման ներկայացուցիչները պետք է տային անուններ, բայց որեւէ կերպ չհիմնավորելով այս անունների «կրիմինալ» բնույթը, քանի որ մի քանի գործարաններ ունեցող կամ բավականին ազդեցիկ կոնցեռնների խորհուրդների նախագահ հանդիսացող քաղաքական գործիչների պակաս ոչ միայն ՀՀԿ-ում, այլեւ մյուս քաղաքական եւ նույնիսկ ընդդիմադիր կուսակցություններում չի զգացվում:

Նշենք նաեւ, որ այս հասկացությունը շրջանառության մեջ դնողները մինչ օրս չեն կարողանում հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունեն, եւ տալիս են բազմաբնույթ մեկնաբանություններ: Այս հանգամանքը նշանակում է, որ այս քաղաքական այրերն ու ուժերը կամ չեն կարողանում միասնական մեկնաբանությամբ հանդես գալ, կամ էլ իրականացնում են որոշակի ուժերի «պղտոր ջրում ձուկ որսալու խաղի» միայն ջուրը պղտորելու գործողությունը՝ «կրիմինալ» հասկացության մեկնաբանությունը տեղափոխելով հասարակությանը հուզող հարցերի լուծման ընթացքում պետության կողմից թույլ տված թերությունների եւ հասարակության զգացմունքների վրա ներազդելու դաշտ:

Փորձենք վերլուծել «հակակրիմինալ» շարժման վերջին հավաքի ժամանակ հնչեցված «բացահայտումներից» մեկը: Խոսքը գնում է Արամ Կարապետյանի կողմից որպես կրիմինալ ներկայացված Շվարց մականունով Արմեն Վիրաբյանի վերաբերյալ տեղեկությունների մասին: Ա. Կարապետյանը նշում է, որ սա այն նույն անձնավորությունն է, որը Մոսկվայում որոշակի գործողություններ է իրականացրել Սերժ Ջիլավյանի դեմ՝ դե, իհարկե, կոնկրետ չնշելով, թե ինչ գործողություններ է նա կատարել: Մենք փորձեցինք ճշտել եւ պարզվեց, որ այս գործի հետաքննությունն ամենեւին էլ հայաստանյան իրավապահ մարմինները չեն իրականացրել: Այս դեպքում հարց է առաջանում. որտեղի՞ց Ա. Կարապետյանին այս տեղեկատվությունը: Այս գործի վարույթի մասին տեղյակ կարող են լինել փոքրաթիվ մարդիկ, որոնցից մեկը հենց Աշոտ Մանուչարյանն է, որը ժամանակին եղել է ՀՀ ազգային անվտանգության պատասխանատուներից մեկը: Ստացվում է, որ Ա. Կարապետյանն ընդամենը Ա. Մանուչարյանի խոսափողն է, եւ այս շարժումը ղեկավարում է հենց Մանուչարյանը: Իսկ մեզ հայտնի բոլոր միջոցառումները, որոնք ղեկավարել է այս անձնավորությունը, ավարտվել են կատարյալ ֆիասկոյով: Եթե այս տարբերակը բացառվում է, նշանակում է, որ Ա. Կարապետյանին այս տեղեկատվությունը տրամադրել են այլ երկրի գաղտնի ծառայությունները, որոնց հետ ունեցած կապերով Ա. Կարապետյանը հպարտանում է: Սա, իհարկե, ավելի վտանգավոր է, քանի որ սա նշանակում է, որ մեր ընդդիմության լիդերները ղեկավարվում են այլ երկրների գաղտնի ծառայությունների կողմից, կամ էլ միամտաբար իրականացնում են նրանց կամքը: Մյուս կողմից` թե որքան բարոյական իրավունք ունենմ ասենք՝ նախկին Պետավտոտեսչության պետ Գառնիկ Մարգարյանը, նախկին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն ու Լ. Գալստյանը հենց հիմա «կրիմինալ» բացահայտել, երբ իրենց աշխատանքով այդ պարտականությունները իրականացնելիս չեն փայլել, թողնում ենք մեր ընթերցողի գնահատականին: Այս ենթատեքստում բավականին հետաքրքիր է նաեւ «հակակրիմինալ» շարժման ակտիվիստների գործելաոճը, այն է՝ ով մեզ հետ չէ, նշանակում է` օլիգարխիկ-կլանային համակարգի ներկայացուցիչ է: Այստեղ խոսքը մասնավորապես վերաբերում է ՍԻՄ վերջին գործընթացներին, որոնց արդյունքում Հրանտ Խաչատրյանը հեռացավ հարազատ կուսակցությունից եւ քաղաքականությունից ընդհանրապես: Հաջորդ օրն իսկ «հակակրիմինալ» շարժման ակտիվիստները հայտարարեցին ՍԻՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու իրենց մտադրության մասին: Նշենք նաեւ, որ, ըստ «168 Ժամ» թերթի, այս հայտարարությունների տեքստերը գրեթե իրարից չեն տարբերվում, ինչն անուղղակիորեն վկայում է, որ նրանք գրված են եղել մի տեղում: Սակայն սրանով գործը չավարտվեց: «Իրավունք» թերթի 26.09.06 համարի առաջին էջում տպագրվեց հոդված, որտեղ Հայկ Բաբուխանյանը նշում է, որ «Իրավունքն» ու ՍԻՄ-ը հաղթանակ տարան օլիգարխիկ-կրիմինալ համակարգի նկատմամբ: Այսինքն, ստացվում է, որ ՍԻՄ-ում այս համակարգի ներկայացուցիչը Հ. Խաչատրյանն էր: Սակայն, այս քաղաքական գործիչը հայտնի է իր համեստ ապրելակերպով: Պատահական չէ նաեւ, որ այս շարժմանը չի մասնակցում ՀՀՇ-ն՝ լավ գիտակցելով, որ սա դրսի խաղ է: Այսինքն, վերը նշվածից ելնելով՝ կարելի է ասել, որ կան որոշակի ուժեր՝ թերեւս ոչ հայաստանյան, որոնք ղեկավարում են այս գործընթացը: Իսկ նպատակը մեկն է. ապակայունացնել երկրի ներքաղաքական վիճակը եւ ստիպել մեր քաղաքական ուժերին անիմաստ մեղադրանքներ ներկայացնել մեկը մյուսին: Այս գործընթացի շարունակման դեպքում էլ ավելի է մեծանալու քաղաքական անհանդուրժողականությունը եւ ստեղծվելու է մի իրավիճակ, երբ այլեւս ոչ մեկը հակառակ կողմին չի վստահելու, իսկ սա վարկաբեկելու է ամբողջ հասարակական- քաղաքական դաշտը մեր հասարակության աչքում: Ստեղծվելու է քաոսային իրավիճակ, որը հնարավորություն կտա դրսի ուժերին կառավարելի դարձնել Հայաստանում ընթացող ցանկացած գործընթաց: