Վաճառելուց առաջ բարձրացնում են սակագները

03/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հիշեցնենք, որ 2004թ., երբ փոփոխություն կատարվեց թիվ 60 լիցենզիայի մեջ, «ԱրմենՏելը» զրկվեց բջջային կապի մենաշնորհից: Այդ փոփոխությունն արվեց «Ղարաբաղ Տելեկոմին» բջջային կապի ծառայություն մատուցելու հնարավորություն տալու համար: Սակայն «ԱրմենՏելը» հենց այնպես չկիսեց բջջային կապում ունեցած իր մենաշնորհային դիրքերը: Դրա դիմաց ստացավ մեկ այլ մենաշնորհ՝ ինտերնետ-հեռախոսակապի ծառայությունը: Միգուցե ՀՀ կառավարությունն այն ժամանակ չգիտակցեց, թե ի՞նչ հետեւանքներ կունենա «ԱրմենՏելին» տրված մենաշնորհը մի ծառայությունից մեկ այլ ծառայությամբ փոխարինելու քայլը: Հետո պարզվեց (կամ միգուցե արդեն պարզ էր), որ կարճ ժամանակ անց այս մենաշնորհն էլ մեր հասարակության համար խնդիրներ է առաջացնելու: Իսկ ինտերնետ հեռախոսակապի ոլորտը պակաս կարեւոր ու եկամտաբեր չէ, քան բջջային կապի ծառայությունը: Նույնիսկ ավելին: Հայաստանում բջջային հեռախոսակապի ոլորտը զարգանալու սահմանափակ շրջանակներ ունի, այդ դաշտն արդեն հագեցած է եւ ընդլայնվելու քիչ տեղ ունի: Սա նշանակում է, որ արդեն պարզ է, թե ներկա սակագներով այս ծառայությունից մոտավորապես որքան եկամուտ կարելի է ստանալ: Մինչդեռ ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը դեռ ընդլայնվելու մեծ տեղ ունի: Դրա համար էլ «ԱրմենՏելը» համաձայնեց կիսել բջջային կապի շուկան՝ ամբողջությամբ եւ բացառիկ իրավունքով վերցնելով ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը: Այսպիսով, մյուս ընկերությունները, որոնք գործում են այս դաշտում, փաստորեն, իրավունք չունեն կիսելու ՀՀ կառավարության կողմից «ԱրմենՏելին» տրված բացառիկ իրավունքը:

Օգտվելով իր բացառիկ այս իրավունքից` «ԱրմենՏելը» սեպտեմբերի 7-ին անջատեց այս ընկերությունների հեռախոսակապը եւ նրանց զրկեց ծառայություն մատուցելու հնարավորությունից: Այդ ընկերությունների ներկայացուցիչներն «ԱրմենՏելի» դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին, սակայն վերջինիս պահանջն իրավական տեսակետից հիմնավոր է: Իրականում այս ընկերությունները պետք է մեղադրեն ՀՀ կառավարությանը, որը երկու տարի առաջ «ԱրմենՏելի» մի մենաշնորհը փոխարինեց մեկ ուրիշով: Ու մեր կառավարության անփութության թե դիտավորության արդյունքում, արդեն մեկ ամիս է, ինչ մյուս ընկերությունները չեն գործում, եւ ավելի քան 1000 մարդ զրկվել է աշխատանքից:

ՀԾԿ հանձնաժողովը երեկվա նիստում իբրեւ թե քննարկեց տվյալների փոխանակման ծառայություն մատուցելու համար տրված լիցենզիաները վերանայելու հարցը: Ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունները գործում են այդ լիցենզիաներով: Քննարկումը տեւեց ընդամենը 10-15 րոպե, եւ որոշվեց, որ այդ ընկերությունները պետք է վերալիցենզավորվեն: Նրանց գործունեությունը պետք է համապատասխանեցվի փոփոխված օրենսդրությանը: Բայց այս որոշման նպատակն այդ բոլոր ընկերություններին ինտերնետ-հեռախոսակապի ծառայություն մատուցելու հնարավորությունից զրկելն է: Իսկ ինչպես նշեցինք՝ փոփոխված օրենսդրության համապատասխան, այդ ծառայությունը կարող է մատուցել միայն «ԱրմենՏելը»:

«ԱրմենՏելն» այս աշնանը որոշել է օգտվել թիվ 60 լիցենզիայի ընձեռած մեկ այլ հնարավորությունից՝ սակագները վերանայելու իր իրավունքից: Հիշեցնենք, որ ընկերությունն իր որոշ ծառայությունների սակագները վերանայել էր, այսինքն` բարձրացրել էր դեռեւս հունվարի մեկից: Սեպտեմբերի 1-ին նորից հայտ է ներկայացրել, որ բարձրացնի մի շարք այլ ծառայությունների սակագները՝ ֆիքսված հեռախոսակապի ամսական վարձը բնակիչների համար 1100 դրամից դարձնելով 3000 դրամ, րոպեավճարի նվազագույն սակագինը 5 դրամից բարձրացնել 6 դրամի: Առաջարկել է կրճատել անվճար եւ նվազագույն սակագնով տրամադրվող րոպեների քանակը, ինտերնետից օգտվելու րոպեավարձը 1 դրամից դարձնել 2,4 դրամ, եւ այլն: Ճիշտ է, ընկերությունն առաջարկել է ցածրացնել որոշ ծառայությունների սակագները, օրինակ, միջքաղաքային զանգերի սակագինը 20 դրամից դարձնել 16,8 դրամ, սակայն դրանք էական նշանակություն չունեն, քանի որ «ԱրմենՏելն» առաջարկել է բարձրացնել շահութաբեր ծառայությունների սակագները: ՀԾԿ հանձնաժողովը դեռ չի քննարկել «ԱրմենՏելի» այս հայցը, բայց, ամենայն հավանականությամբ, այն կբավարարի եւ, սովորության համաձայն՝ մասամբ: Օրինակ, կարող է ֆիքսված հեռախոսակապի ամսական վճարն առաջարկած 3000 դրամի փոխարեն սահմանել 1700 կամ 2200 դրամ, իսկ ինտերնետի րոպեավճարը՝ 2 դրամ: Նման պահվածքով հանձնաժողովն ուզում է հանրության աչքին անկախ երեւալ, ցույց տալ, իբրեւ թե՝ Հայաստանում ինքն է որոշում հանրային ծառայությունների սակագները: Միաժամանակ նա բավարարում է «ԱրմենՏելի», ինչո՞ւ չէ, նաեւ մեր իշխանությունների պահանջը: Այստեղ տեղին է ասել՝ ուզում է միաժամանակ եւ հաճույք ստանալ, եւ կույս մնալ: Նոր սակագները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից:

Հետաքրքիր է, որ «ԱրմենՏելն» իր ծառայությունների սակագներն ուզում է բարձրացնել այն ժամանակ, երբ իր վաճառքն արդեն մոտենում է վերջնական փուլին: Այլապես հարց է ծագում՝ նրա ինչի՞ն էր պետք սակագների բարձրացումը, այն դեպքում, երբ դա ծառայելու է իր նոր գնորդին: Ուրեմն ճիշտ է այն կարծիքը, որ այս նոր սակագներն անհրաժեշտ են ՀՀ իշխանություններին եւ նոր գնորդին: մեզ հասած լուրերով՝ ՀՀ իշխանությունները հակված են «ԱրմենՏելը» վաճառել ռուսական «Սիստեմա» ընկերությանը: Վերջինս էլ պահանջել է մինչ գնելը թանկացնել այդ ծառայությունները: Հիմա մեր իշխանություններն ու «ԱրմենՏելն» այս արջի ծառայությունն են մատուցում նոր գնորդին:

Ի դեպ, այս գործելաոճին մենք առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք: Անցյալ տարեվերջին Երեւանի ջրամատակարարման վարձակալ ֆրանսիական «Էյ Յութիլիթի» ընկերությունն իր առաքելության ավարտին նույն հանձնաժողովին ջրի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացրեց: Հանձնաժողովն այդ հայտը քննարկեց այս տարվա գարնանը եւ կրկին մասամբ բավարարեց: «Էյ Յութիլիթիին» էլ այդ ժամանակ պետք չէր ջրի սակագնի բարձրացումը, սակայն այդ քայլին նա գնաց հավանաբար մեր իշխանությունների դրդմամբ: Ձեռագիրը հիմա էլ նույնն է: Այսքանից հետո՝ արի ու մի ասա, որ ՀՀ իշխանությունները շահագրգիռ են, որպեսզի հանրային ծառայությունների սակագները բարձրանան, որովհետեւ իրենք դրա մեջ շահ ունեն: