Ներքաղաքական կրքեր Արագածոտնի մարզում

03/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արագածոտնի մարզպետները վերջին մի քանի տարիներին ՀՅԴ շարքերից են եղել (ներկայիս մարզպետ Գ. Գյոզալյանից առաջ մարզպետ էր Հրայր Կարապետյանը), այդ պատճառով մարզը համարվել է դաշնակցական: Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել են իրենց կուսակիցներին՝ մարզպետարանի պաշտոնյաների, դպրոցների եւ հիվանդանոցների տնօրենների, գյուղապետերի մեծ մասը դաշնակցական են: Սակայն Արագածոտնի մարզում դաշնակցականների ազդեցությունը սկսեց թուլանալ այս տարվա գարնանը, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների եւ գլխավոր դատախազի թիմակիցների շահերը: Ա. Հովսեփյանը ծնունդով Ապարանից է եւ իր քաղաքական հենարանը փնտրում էր Արագածոտնի մարզում: Արագածոտնի մարզի դատախազությունում նույնիսկ գործեր են քննվել Աշտարակի դպրոցներից մեկի տնօրեն, դաշնակցական Ալիկ Բաբայանի հետ կապված: Մարզի դատախազությունը մի պահ ցանկություն է ունեցել բացել դաշնակցականների բոլոր չարաշահումները: Սակայն որոշ աշտարակցիներ պատմում են, որ Արագածոտնի մարզի դատախազ Համլետ Զաքոյանին «վերեւից» հրահանգ են տվել շատ չխորանալ: Նույնիսկ պատմում են, որ նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը հիմա ուզում է Հ. Զաքոյանին ու իր տեղակալին գործից հանել տալ:

Ալիկ Բաբայանի դեմ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին դատախազություն բողոքել են 15 շրջանավարտների ծնողներ, թե վերջինս իրենց երեխաների ատեստատները վաճառել է: Բացի այդ, բողոքել են, թե Ա. Բաբայանն իր աշակերտներից մեկի ծնողից՝ Ազատ Տոնոյանից 3000 դոլար է վերցրել ու չի վերադարձրել: Պարտատերը դպրոցի տնօրենին դատի է տվել ու դատը շահել է, բայց չի կարողանում իր գումարը ետ ստանալ: Իսկ ատեստատների գործին ընթացք չի տրվում: Լավատեղյակները պատմում են, որ Ա. Բաբայանը մարզպետին եւ Կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանին սպառնացել է, որ եթե իրեն չօգնեն, ինքն էլ նրանց չարաշահումները կբացահայտի: Աշտարակցիների ասելով` դաշնակցականներն ամեն գնով պաշտպանում են դպրոցի տնօրենին: Ա. Բաբայանի մասին արտաշատցիները պատմում են եւ ուզում են Կրթության ու գիտության փոխնախարար, կոռուպցիայի գծով նախագահի նախկին խորհրդական, դաշնակցական Բագրատ Եսայանին ապացուցել, որ նա ոլորտում կոռուպցիայի դեպքեր չէր գտնում, որովհետեւ չէր փնտրում: «Եթե փնտրեր, այդ դպրոցի իր կուսակից տնօրենը մինչեւ հիմա չէր աշխատի»,- ասում է մեր զրուցակիցը:

Ասում են, որ երբ ՀՀ գլխավոր դատախազի կուսակցական («Միավորում հանուն Հայաստանի») գործունեությունը չստացվեց, մարզում նրա դիրքերը շատ թուլացան: Ասում են նաեւ, որ այժմ այդ մարզի ազդեցիկ ոլորտները հավակնում է կիսել, նույնիսկ ամբողջությամբ վերցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մեր աղբյուրի հավաստմամբ, «Բարգավաճ Հայաստանը» Արագածոտնում այնքան է ակտիվացրել իր գործունեությունը, որ դաշնակցության մարզային կառույցի անդամները կամաց-կամաց տեղափոխվում են այդ կուսակցություն: Բայց սա դեռ ամբողջը չէ: Արագածոտնի մարզի համար պայքար կա նաեւ դաշնակցական կուսակցության ներսում: Աշտարակի մեր աղբյուրները պատմում են, որ Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար հավակնություններ ունի մեկ այլ դաշնակցական՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Դավիթ Երիցյանը: Ու հիմա իրար դեմ են դուրս ելել Գ. Գյոզալյանի ու Դ. Երիցյանի համախոհները: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ ներկուսակցական բախման արդյունքում Ուջանի գյուղապետ Իշխան Առաքելյանը ծեծել է Գաբրիել Գյոզալյանին:

Գ. Գյոզալյանը ՀՅԴ Արագածոտնի կոմիտեի անդամ է եղել: Կոմիտեի վերջին ժողովներից մեկի ժամանակ կոմիտեի անդամ ընտրվելու համար մարզպետը ոչ մի ձայն չի հավաքել: Ի. Առաքելյանը համարվել է նրա թիմակիցը: Ժողովից հետո մարզպետը վիճել է Փարպիի գյուղապետի հետ, թե ինչո՞ւ գոնե նա իրեն ձայն չի տվել, եւ վեճը վերածվել է ծեծկռտուքի: Հիմա Գ. Գյոզալյանի պաշտոնը երերուն վիճակում է: Եվ չի բացառվում, որ նա երկար չպաշտոնավարի: Իսկ Ի. Առաքելյանի եղբայրը՝ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը:

Նույնիսկ կարծիք կա, որ գյուղապետը մարզպետին ծեծել է, որ իրեն հեռացնեն դաշնակցությունից եւ ոչ թե ինքն իր կամքով դավաճանի: Մի խոսքով, Աշտարակում հիմա սուր պայքարի մեջ են դարավոր ՀՅԴ-ն ու նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանը»:

Մարզպետ Գ. Գյոզալյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց, որ ինքն այլեւս ՀՅԴ Արագածոտնի տարածքային կոմիտեի անդամ չէ: «Ես կոմիտեի անդամ եմ, իսկ թե նորից կընտրվեմ, կամ՝ ոչ, հետոն ցույց կտա»,- ասաց մարզպետը: Նա նաեւ հերքեց տեղեկությունը, թե Փարպիի գյուղապետը ծեծել է իրեն:

Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իշխան Առաքելյանն արդեն հերքել է, թե ինքը ծեծել է Արագածոտնի մարզպետին: Այդ մասին հայտարարությունը նույնիսկ տեղադրված է «Երկիր» թերթի կայքէջում, որտեղ գյուղապետն ասում է. «Այդ տեղեկատվությունն իրականության հետ որեւէ աղերս չունի»: Իսկ ինչ վերաբերում է Ա. Բաբայանին, դաշնակցությունը դեռ չի քննարկել նրա վարքագիծը: «Երբ քննարկենք, տեղյակ կպահենք»,- ասաց պրն Սեյրանյանը:

Որքան թեժանում է ներքաղաքական վիճակը եւ նախընտրական պայքարը, այնքան ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում եւ` Արագածոտնի մարզում սրացումներ են տեղի ունենում: Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ դաշնակցականները կկարողանա՞ն արդյոք դիմադրել «Բարգավաճ Հայաստանին»՝ չկորցնելով իրենց դիրքերը մարզում: Այս առիթով պարզապես հիշեցնենք, որ վերջերս Արագածոտնի մարզ էր այցելել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նկատողություն էր արել Գաբրիել Գյոզալյանին: