Բեռլինի Deutsche Opera-ն որոշել է բեմ չհանել Մոցարտի «Ինդոմենիոս, Կրետի արքա» օպերայի բեմականացումը, քանի որ վախեցել է մուսուլմանների կողմից հնարավոր ագրեսիվ քայլերից: Բանն այն է, որ ըստ ռեժիսորի մտահղացման՝ բեմ է հանվում Մոհամեդ մարգարեի գլուխը: Թատրոնի այդ որոշումը տարաբնույթ արձագանքների ալիք է առաջացրել: Ոմանք համոզված են, որ եթե Եվրոպան նման վախվորած դիրքորոշում ցուցաբերի ու արգելի արվեստի գործերը, մոտակա ժամանակներում եվրոպական ժողովուրդները կսկսեն շարիաթի կանոններով ապրել: Ոմանք էլ համարում են, որ ժամանակները փոխվել են, եւ պետք է հաշվի առնել Եվրոպայում ձեւավորված մուսուլմանական սփյուռքի կարծիքը: «Ծաղրանկարների պատերազմի» հետ կապված հիշողությունները դեռ շատ թարմ են բոլորի սրտերում, եւ հասկանալի է, որ Եվրոպան փորձում է խուսափել սկանդալային նոր ալիքից ու բռնություններից: Սակայն երբ սկսում ես պրոպագանդիստական նկատառումներից ելնելով վերաձեւել արվեստի գործերը, ապա կարող ես շատ հեռուն գնալ: Հնարավոր է, որ մի օր էլ Շեքսպիրի «Օթելլոն» արգելվի, քանի որ այդ պատմությունը կարող է դուր չգալ եվրոպացի սեւամորթներին, իսկ «Վենետիկի վաճառականի» դեմ կընդվզեն հրեաները: Ուշագրավ է, որ Մոցարտի օպերայի բեմադրությունը հեռակա են արգելել, եւ ոչ մի մարդ, այդ թվում նաեւ` որեւէ մուսուլման, այն տեսնել եւ առավել եւս` վիրավորվել ու բողոքել չի հասցրել: Ընդ որում, բեմադրիչը ոչ միայն Մոհամեդին է «գլխատել», այլեւ` Քրիստոսին, Բուդդային ու Պոսեյդոնին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր մեկնաբանությունն է տվել այս առիթով. «Կարծում եմ, որ օպերայի արգելումը սխալ քայլ էր: Նման ցենզուրան ոչ մեկին վտանգից փրկել չի կարող, միայն կարող է բռնության արարքների պատրաստ ֆանատիկոսներին նոր գործողությունների դրդել»:
Օպերային սկանդալը լավ ազդեցություն ունեցավ բեմադրիչ Հանս Նոյֆելդի կարիերայի վրա. անհայտ ռեժիսորը մի օրում շատ հայտնի դարձավ: