2005-ի սկիզբը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման
շուրջ գործընթացների առավել ակտիվացմամբ։ Որ 2005-ն այս առումով
բեկումնային տարի է լինելու, փաստում են նաեւ միջազգային կառույցները։ Ի
դեպ, ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ կուսակցությունները հաճախ են
վկայակոչում սեփական կուսակցական ծրագրային դրույթները, հայտարարելով, թե
դրանք են միակ ընդունելին ու արդարացին։ Փորձեցինք հենց նրանցից էլ
իմանալ՝ ի վերջո, որո՞նք են այդ ընդունելին ու արդարացին, եւ այդ հարցով
դիմեցինք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Իսկ հարցերը
հետեւյալն են՝ 1. Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ շուրջ ստեղծված ներկայիս
իրավիճակը։ 2. Խնդրի կարգավորման ի՞նչ ուղիներ եք տեսնում։
Հովհաննես Հովհաննիսյան. (ՀԱԱ) – Այս տարի Ղարաբաղի շուրջ
ստեղծվել է բավականին լարված ու բարդ իրավիճակ։ Միջազգային հանրության
դիրքորոշումներն էլ նկատելի կոշտացել են։ Վերջինս փորձում է ԼՂՀ հարցում
ճնշումներ գործադրել Հայաստանի վրա. իրավիճակը սա է։
Գալուստ Սահակյան. (ՀՀԿ) – Այն կարծիքին ենք, որ վտանգավոր երեւույթներ ի վնաս մեզ դեռեւս չկան։
Տիգրան Կարապետյան. (ԺԿ) – Իրավիճակը ներկայումս անբավարար ենք
գնահատում, համարում ենք, որ բանակցային կողմ պետք է դառնա Արցախը, իսկ
Հայաստանը պետք է միայն աջակցի։
Հարություն Առաքելյան. (ՀՌԱԿ) – ՀՌԱԿ-ը գտնում է, որ մինչ
Ադրբեջանի հետ բանակցային գործընթաց սկսելը, Հայաստանի ԱԺ-ն պետք է ճանաչի
88-91թթ. Սումգայիթ-Բաքու-Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած հայերի
ջարդը՝ որպես ցեղասպանություն, եւ այս փաստաթուղթը պետք է լինի ԱԳ
նախարարի ձեռքում։ Բանակցությունները պետք է տեղի ունենան եռակողմ, ինչն
այսօրվա մեծ բացթողումն է։
Կիրո Մանոյան (ՀՅԴ) – Հայաստանը, նաեւ այլ երկրներ հայտարարեցին,
որ եթե բանակցությունները չպետք է շարունակվեն Քի Ուեսթում եւ Փարիզում
Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ կայացած պայմանավորվածությունների հիման
վրա, կնշանակի՝ բանակցությունները պետք է տեղի ունենան ԼՂ-ի հետ։ Բայց
քանի որ բանակցություններն այսօր այդ ֆորմատով չեն ընթանում, կնշանակի՝
շարունակվում են Հեյդար Ալիեւի հետ ձեռք բերված սկզբունքների հիման վրա,
որոնց հիմքում այն միտքն է, որ Ղարաբաղը միանալու է Հայաստանին։ Ներկա
փուլում բանակցությունների ինտենսիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ
դրանք շարունակելու հիմքեր կան։ Կարծում եմ, տակավին անհանգստանալու
պատճառ չկա։ Անհրաժեշտ է հետեւել բանակցային գործընթացին եւ սպասել
արդյունքներին։
Վիկտոր Դալլաքյան. («Արդարություն» դաշինք) – ԼՂ-ի շուրջ ստեղծվել
է լուրջ իրավիճակ, որն արդյունք է Հայաստանի ղեկավարության վարած
անհեռատես քաղաքականության։ Մինչեւ 98-ը խնդրի լուծումն ընդունվում էր
ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, 98-ից հետո Քոչարյանը
փոխեց բանակցությունների ֆորմատը, ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային
գործընթացից եւ վեճը ներկայացվեց տարածքային՝ Հայաստանի եւ Ադրբեջանի
միջեւ։ Այսօր ՀՀ-ն համարվում է ագրեսոր, որը բռնազավթել է Ադրբեջանի որոշ
տարածքներ։ Սա է իրավիճակը։
Գուրգեն Արսենյան. (ՄԱԿ) – Ներկա փուլը համարում ենք շատ կարեւոր,
որովհետեւ մոտեցել է որոշումներ կայացնելու ժամանակը։ ՀՀ կողմից
ներկայացված առաջարկները համարում ենք իրատեսական եւ սպասում հաջորդ
զարգացումներին։
Անդրանիկ Հովակիմյան. (ՀՀՇ) – Սկզբունքորեն որեւէ բան չի փոխվել
97-ից։ Այն բոլոր հարցերը, որոնք առաջին նախագահը դրել էր հասարակության
առջեւ, մնում են, այսինքն՝ ԼՂ հարցը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ խաղաղ
բանակցությունների միջոցով, ԼՂ-ին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի
կարգավորո՞ւմը, թե՞ ձգձգումը։ Եվ վերջապես հարցը պետք է լուծվի
փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ եւ մյուսի հաղթանակով։ Այս
հարցերը լուծում չեն ստացել։ Վարչախմբի իրական նպատակը ղարաբաղյան
հակամարտությունը հրադադարի փխրուն հիմքի վրա անհեռանկար ձեւով սառեցնելու
քաղաքականությունն է։ Հայաստանը կորցրել է խնդրի խաղաղ կարգավորման
հարցում իր վճռորոշ դերակատարումը, թողնելով երկու ճանապարհ, մեկը՝
պարտադրված խաղաղությունն է, երբ ուրիշները կորոշեն մեր ստանալիքի եւ
զիջելիքի չափը, եւ երկրորդ՝ սպասել օր օրի առարկայացող պատերազմի
հեռանկարին։ Ներկայիս իրավիճակը սա է։
Պարույր Հայրիկյան. (ԱԻՄ) – Էական տարբերություն վերջին տարիների
ընթացքում չենք տեսնում։ Կան ստրատեգիական բնույթ կրող որոշ
նորություններ, բայց սխալը սկսվել է դեռեւս 15 տարի առաջ։ Արցախի հարցը
Հայոց ցեղասպանության ոլորտում է եւ հենց այդ շրջանակներում էլ պետք է
դիտվեր։ Սխալը կանխելու համար արմատական փոփոխություններ են պետք։ Թույլ
են տրվել նաեւ ստրատեգիական հետեւյալ սխալները։ Կամ Ադրբեջանի հետ
քննարկում ենք խնդիրը՝ որպես Արցախի ինքնորոշման հարց, կամ, եթե հարցը
տեղափոխվում է հայ Ադրբեջանական հարաբերությունների ոլորտ, ապա զուգահեռ
պետք է մեր կողմից դրվեր նաեւ Նախիջեւանի հարցը, ինչը չարվեց։ Այնպես որ,
ներկայիս իրավիճակը կարելի է գնահատել բազմաթիվ սխալներով լեցուն։
Արտակ Առաքելյան (ՕԵԿ)– Հարցը շահարկվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։
Այն կարծիքին ենք, որ պետք չէ արձագանքել եւ հալած յուղի տեղ ընդունել
դրանք, քանի որ իրավիճակի բարդացում այս պահին գոյություն չունի։
Հովհաննես Հովհաննիսյան – ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում
ենք բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհին: Դրան հասնելու համար
Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որն էլ պիտի վարի
բանակցությունները։ Հարավային Կովկասի երկրները պիտի հայտնվեն մեկ
անվտանգության համակարգում՝ խնդրի լուծումը հենց այս համակարգում ենք մենք
տեսնում։ Այս ամենի հետ միասին, ԼՂ-ի՝ որպես բանակցային կողմ հանդես գալը
համարում ենք պարտադիր։
Գուրգեն Արսենյան – Ղարաբաղի հարցը արդեն իսկ լուծվել է, եւ այդ
շրջանակներում էլ տեսնում ենք ԼՂ հետագա ճակատագիրը։ Ղարաբաղը պետություն
է, եւ մեր ամբողջ քաղաքական միտքը պիտի ուղղված լինի նրա իրավական
ճանաչմանը։
Տիգրան Կարապետյան – Մեր կողմից ընդունելի մեկ դիրքորոշում կա։
Արցախը պետք է միանա Հայաստանին, քայլ, որն արդեն իսկ արվել է, իսկ
ազատագրված տարածքներում տեղակայվեն մեր կողմից ՌԴ, Ադրբեջանի կողմից՝
ՆԱՏՕ-ի զորքերը։ Իսկ խնդրի կարգավորման միակ ուղին ինքնորոշման իրավունքն
է։
Հարություն Առաքելյան – Տարիներ շարունակ ասել ենք, որ մեզ համար
ընդունելի է կարգավորման այն տարբերակը, որը կընդունի ԼՂ ժողովուրդը՝
փաթեթային, փուլային, դրանք շղարշային հասկացություններ են։
Կիրո Մանոյան – Արցախը պետք է մաս կազմի Հայաստանին, իսկ ազատագրված տարածքներում իր գերիշխանությունը պետք է հայտարարի Լեռնային Ղարաբաղը։
Վիկտոր Դալլաքյան – «Արդարություն» դաշինքն իր նախընտրական
ծրագրում հստակ ամրագրել է երկու կարեւորագույն սկզբունք։ Առաջինը՝ ԼՂ-ն
պետք է լինի բանակցությունների կողմ, եւ երկրորդ՝ խնդիրը պետք է լուծվի
ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Գուրգեն Արսենյան – Մեր կուսակցությունն իր դիրքորոշումը վաղուց
արտահայտել է։ ԼՂ հակամարտության մեջ կա երկու կողմ. դա Ղարաբաղի
ժողովուրդն է ու Ադրբեջանը։ Գտնում ենք, որ որոշումը պետք է ընդունելի
լինի երկու կողմերի համար։ Իսկ որոշման հիմքում չպետք է ընկած լինի
այնպիսի մոտեցում, որով ոտնահարվեն կողմերից մեկի շահերը։ Մեր դիտարկումը
նաեւ հետեւյալն է. կամ՝ երկուսի համար լավ, կամ՝ երկուսի համար էլ
հավասարապես վատ։
Անդրանիկ Հովակիմյան – Մեր դիրքորոշումը հստակ է, թե ինչ պետք է
անել. վերջ տալ ԼՂ ինքնորոշման իրավունքը ոտնահարող քաղաքականությանը եւ
օր առաջ սկսել իրական բանակցություններ ԼՂ պարտադիր մասնակցությամբ եւ
վճռական դերակատարությամբ։ Բացառում ենք Հայաստանի տարածքի որեւէ
սակարկություն։
Պարույր Հայրիկյան – Պետք է ընթանանք մարդու իրավունքները հարգելու
ճանապարհով եւ հայտնվենք հակամարտությունը նսեմացնող այնպիսի կառույցում,
ինչպիսին, օրինակ, Եվրամիությունն է, որի շրջանակներում հարցի բարձրացումը
անհեթեթ կդառնա։ Մեր տեսակետն է՝ եթե դառնանք ԵՄ անդամ, ապա Արցախը
կպատկանի արցախցիներին։
Արտակ Առաքելյան – Խնդրի կարգավորումը պետք է անպայման դիտարկել
փոխզիջման տարբերակով, ինչը որեւէ կերպ չպետք է վտանգի ԼՂ անվտանգությունն
ու հայ ժողովրդի շահերը։