ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն ընդդեմ «ԱրմենՏելի» պատրաստվում է հերթական միտինգը հրավիրել: Այս անգամ պատգամավորի զայրույթը հարուցել է սակագների հնարավոր թանկացման լուրը: Եվ Մատենադարանի մոտ՝ հոկտեմբերի 6-ին իրենք նորից հավաքվելու են: Սադոյանը խորհուրդ տվեց օրական զանգահարել 15-20 բարեկամի եւ նրանց հրավիրել հանրահավաքի: «Բավական է մի թեթեւ ճնշում, եւ սակագները չեն թանկանա»,- հայտարարեց նա: Ավելին, ճնշումն իրական դարձնելու համար Ա. Սադոյանը պատրաստ է բակից բակ անցնել եւ թռուցիկներ բաժանել՝ «հանուն այս նպատակի իրականացման՝ թքած ունենալով քաղաքական թեժ աշնան վրա»:
Ի դեպ, Արշակ Սադոյանը կասկած չունի, որ «ԱրմենՏելը» վաճառվելու է ռուսական ընկերություններին, թեեւ արաբական ընկերությունն ավելի մեծ գումար էր առաջարկում: Պատգամավորի խոսքերով՝ որպեսզի ռուսական ընկերությունն ավելի մեծ գումար առաջարկի, դրա համար պետք է Հայաստանում ունենա ավելի բարձր եկամուտների երաշխիք: Եվ հիմա սակագները թանկացնում են, որպեսզի դրանից առաջացած միլիոնները մտնեն ապագա գնորդի գրպանը: