Հայաստանն իր մրցունակությամբ գրավում է 82-րդ տեղը՝ 125 երկրների շարքում։ «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ) կողմից պարբերաբար հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց – 2006-2007»-ում մեր երկիրը նախորդ տարվա համեմատ մեկ տեղով նահանջել է մրցունակության ինդեքսում։
Այս մասին երեկ հայտարարեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, որի ղեկավարած կազմակերպությունը ՀՏՖ-ի գործընկերն է եւ մասնակցել է զեկույցի պատրաստմանը՝ մեր երկրի մասով։
Ի դեպ, զեկույցի տվյալներին հասարակությունը պետք է ծանոթանար միայն երեկվա ասուլիսի ժամանակ, եւ ոչ ավելի շուտ, սակայն լրահոսին հետեւող մարդիկ եւ հատկապես լրագրողները Հայաստանի եւ մյուս երկրների ցուցանիշներին արդեն ծանոթ էին։ Ըստ պրն Հերգնյանի, տեղի է ունեցել պայմանավորվածության խախտում։ Բանն այն է, որ ՀՏՖ-ն զեկույցը հրապարակելուց մի քանի օր առաջ այն տրամադրում է մի քանի խոշոր լրատվական գործակալությունների՝ չհրապարակելու պայմանով։ Սակայն այս անգամ այդ պայմանը խախտել է «Ֆրանս-պրեսը», եւ գրեթե բոլոր ԶԼՄ-ները (այդ թվում եւ հայկական) արդեն հասցրել են հրապարակել այդ տվյալները։ Մանրամասները, սակայն, ներկայացվեցին երեկ, եւ դրանք բավական հետաքրքիր էին։
Ըստ ՀՏՖ մասնագետների, մրցունակությունը երկրի տնտեսական վիճակը բնութագրող ավելի համապարփակ ցուցանիշ է, քան տնտեսական աճի տեմպը։ Այն նաեւ ուղղակիորեն ազդում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի հնարավորությունների վրա։
Զեկույցի պատրաստման համար օգտագործվել են վիճակագրական տվյալներ եւ հարցումներ։ Մեր երկրում հարցմանը մասնակցել է տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող 95 մարդ։ Մ. Հերգնյանի խոսքերով, ձեռնարկությունների ընտրությունը կատարվել է ՀՆԱ-ի մեջ տարբեր ոլորտների տեսակարար կշռին համապատասխան։
Մրցունակության համաշխարհային ինդեքսն իր մեջ ներառում է 3 ենթաինդեքսներ՝ բազային պայմաններ (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ եւ այլն), արդյունավետության խթանիչներ (շուկաների արդյունավետություն, տեխնոլոգիական պատրաստվածություն) եւ նորարարություններ ու բիզնեսի զարգացածության գործոններ։ Ընդ որում, տարբեր երկրների համար վերը նշված բաղադրիչներն ունեն տարբեր տեսակարար կշիռներ՝ հաշվարկման մեջ։
Որքան թույլ է զարգացած երկիրը (դա որոշվում է 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով), այնքան բազային պայմաններն ավելի շատ են հաշվի առնվում։ Հայաստանը, որպես մեկ շնչի հաշվով 2000 դոլարից պակաս ՀՆԱ ունեցող երկիր, ընդգրկված է առաջին խմբում, որտեղ բազային պայմանները կազմում են 50%, իսկ նորարարություններն` ընդամենը 10%։
Ահա այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը գրավել է 82-րդ տեղը։ Ըստ Մ. Հերգնյանի, դժվար է սա անվանել նահանջ, քանի որ Հայաստանի միջինացված միավորը նույնն է մնացել՝ 3.75։ Բացի այդ, այս տարի ցուցակին ավելացել են եւս 8 երկրներ, որոնցից միայն մեկն է առաջ անցել Հայաստանից։
Շվեյցարիան գրավել է առաջին տեղը, որն անցյալ տարի զբաղեցնում էր ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգներն այս տարի նահանջել է 6-րդ տեղը։ Առաջին հնգյակում միմյանց հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ Սինգապուրը։
ԱՊՀ երկրներից մեզնից առաջ են անցել Ղազախստանը (56-րդ տեղ), Ռուսաստանը (62), Ադրբեջանը (64) եւ Ուկրաինան։
Այն, որ Ադրբեջանն իր տնտեսական աճով մեզնից շատ առաջ է, ինչ-որ տեղ հասկանալի է՝ կա նավթի գործոնը։ Իսկ մրցունակության հարցում ինչպե՞ս բացատրել այս իրավիճակը։ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի խորհրդի անդամ Գագիկ Գաբրիելյանի խոսքերով, նավթի գործոնն ազդում է ոչ միայն ՀՆԱ-ի ցուցանիշի վրա, այլեւ նպաստում է ներդրումներին, հետեւաբար նաեւ՝ տեխնոլոգիական պատրաստվածության ու մրցունակության բարձրացմանը։ Մինչդեռ, եթե նայում ենք առանձին ենթաինդեքսներին, ապա այս պնդումը վիճելի է թվում։ Օրինակ, բազային պահանջների առումով Հայաստանը 81-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 56։ Մինչդեռ այստեղ հաշվի առնվող ինստիտուտների բարելավման տեսակետից գումարն այդքան էլ էական գործոն չէ։ Նշենք, որ այս ենթաինդեքսում մենք Ադրբեջանին գերազանցում ենք միայն առողջապահության եւ միջնակարգ կրթության ոլորտում։ Այստեղ մենք գտնվում ենք 62-րդ տեղում, իսկ մեր հարեւան երկիրը՝ 96-րդ։
Ամենավատթար վիճակում են «շուկայի արդյունավետություն» եւ «բիզնեսի զարգացման մակարդակ» ցուցանիշները։ Երկու դեպքում էլ մեր երկիրը զբաղեցնում է 104-րդ տեղը։ Ըստ զեկույցի հեղինակների, ցածր վարկանիշները մասնավորապես արտացոլում են տնտեսական աճի բնույթը, որը տեղի է ունենում հիմնականում շինարարության եւ գյուղատնտեսության հաշվին։ Իսկ սրանք կողմնորոշված են հիմնականում դեպի ներքին շուկա, թույլ են առնչվում միջազգային շուկաների հետ, եւ, ինչպես ասվում է զեկույցում, «չեն հանգեցնում նոր, բարձրակարգ բիզնես ունակությունների ներկրմանը երկիր»։
Բավական հետաքրքիր են (թեեւ կանխատեսելի) մեր գործարարների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Որպես բիզնեսի համար ամենախնդրահարույց գործոն` հայաստանցի բիզնեսմենները նշել են ֆինանսավորման աղբյուրների դժվար մատչելիությունը (18.26%)։ Դժգոհությունների առումով երկրորդ տեղում կոռուպցիան է (16.09%), հետո գալիս են հարկային քաղաքականության, վարչարարության եւ ենթակառուցվածքների թերզարգացածության խնդիրները։
Ինչպես գիտեք, հայաստանցի գործարարների համար թիվ մեկ խնդիրն այսօր դրամի սրընթաց արժեւորումն է։ Սակայն «արտարժույթի փոխարժեքի կարգավորումը» մեր գործարարների ընդամենը 4.79%-ն է համարել ամենախնդրահարույց գործոն։
Սա կարելի է բացատրել նրանով, որ հարցումներն անց են կացվել 2006թ. փետրվար-ապրիլ ամիսներին, իսկ դրամի արժեւորման վերջին փուլը սկսվեց մայիսի վերջերից։ Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց, որ ներկայումս իրենք աշխատում են Հայաստանի մրցունակության առանձին զեկույցի վրա, որը կհրապարակվի հաջորդ տարի։ Միգուցե այնտեղ այս խնդրին ավելի լայն ուշադրություն կհատկացվի։
Մեզ բնականաբար հետաքրքրում էր՝ զեկույցում կա՞ մի որեւէ ցուցանիշ, որով մեր երկիրն առաջինը լինի։ Օրինակ, անցյալ տարի Հայաստանն առաջին տեղում էր օտարերկրացիների աշխատանքի ընդունվելու հեշտությամբ։ Այս տարի նահանջել ենք 6-րդ տեղը։ Իսկ առաջին տեղը գրավել է մեր մյուս հարեւանը՝ Վրաստանը։
Առավելագույնը, որով կարող ենք պարծենալ՝ սղաճի ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով Հայաստանը 125 երկրների մեջ գրավում է 4-րդ տեղը։ Միայն թե պարզ չի, սրա համար ո՞ւմ ենք պարտական՝ Կենտրոնական բանկի՞ն, որը կարգավորում է գնաճը, թե՞ այդ գնաճի ցուցանիշները հաշվարկող եւ ներկայացնող Ազգային վիճակագրական ծառայությանը։