«Արցախը բիզնեսի համար լավագույն երկիրն է»

29/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ Հակոբ Աբուլաքյանը, տիկնոջ հետ 1999թ. երկրորդ անգամ գալով Ղարաբաղ, որոշեց հյուրանոցային բիզնես սկսել: Այդ որոշման պատճառն, ըստ Հ. Աբուլաքյանի, այն էր, որ Ղարաբաղում իրենց գտնվելու ժամանակ Ստեփանակերտում գործող ընդամենը մեկ հյուրանոց կար, որի բոլոր համարները զբաղված էին, եւ նրանք ստիպված են եղել ապրել մի տան մեջ, որտեղ չկային անհրաժեշտ ամենատարրական պայմանները:

«Զգացի, որ այստեղ հյուրանոց կառուցելու անհրաժեշտություն կա: Հյուրանոցային համալիրի կառուցման համար 2000 թվին փորձեցի Սիդնեյում համախոհներ գտնել, եւ հաջողվեց: Հինգ հոգով նախաձեռնեցինք այս ծրագիրը: Նույն այդ տարի եկանք Ղարաբաղ, խոսեցինք պետական համապատասխան ներկայացուցիչների հետ, եւ մեզ առաջարկեցին 5 տարածք, որոնցից այս մեկն ընտրեցինք, եւ իսկույն հարցերը լուծվեցին, բայց այն պայմանով, որ պետք է 1 մլն դոլարի ներդրում անեինք: Նախկին մանկապարտեզի շենքը մեզ անհատույց տրվեց, իսկ հողը՝ վարձակալությամբ (99 տարով), իսկ անցած տարի մենք այդ հողը գնեցինք»,- մեզ հետ զրույցում պատմում է պարոն Աբուլաքյանը:

Շենքի վերանորոգչական եւ շինարարական աշխատանքները սկսեցին 2001թ. մայիսին: Երեք ամիս անց մասնաշենքերից մեկը, որն ուներ 24 սենյակ, լվացքարան, ընդունարան, 80 հոգու համար նախատեսված ճաշարան եւ արդիական խոհանոց, արդեն պատրաստ էր: Սեպտեմբերի 1-ից հյուրանոցը սկսեց գործել, իսկ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հյուրանոցն այժմ ունի 48 սենյակ, որտեղ մոտ 100 մարդ է տեղավորվում, ունի 25-ից ավելի հիմնական աշխատող, որոնց ամենացածր աշխատավարձը, Հ. Աբուլաքյանի հավաստմամբ՝ 24 հազար դրամ է: Ավելին, աշխատակիցները տարվա մեջ աշխատում են 11 ամիս, իսկ վարձատրվում են 12 ամսվա համար: Այստեղ մեկ եւ երկու տեղանոց սենյակների գները համապատասխանաբար կազմում են 18 եւ 27 հազար դրամ, սակայն հյուրանոցի տնօրինությունը մշտական այցելուների, մեծ խմբերի եւ երկար ժամանակով մնացողների համար զեղչեր է սահմանում: Հյուրանոցի սեփականատիրոջ խոսքերով, տարեկան շուրջ 7 հազար մարդ է մնում «Նաիրի» հյուրանոցում, որոնք հիմնականում Ղարաբաղ են այցելում Ամերիկայից, Եվրոպայից: Քիչ են այցելում Միջին Արեւելքից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից, իսկ Հայաստանից այցելողները կազմում են հաճախորդների մոտ 10-15 տոկոսը: Այցելուների հարցով հյուրանոցին օգնում է նաեւ ԼՂՀ կառավարությունը, որի հետ համաձայնագիր ունեն:

Հ. Աբուլաքյանն իր տիկնոջ հետ միասին տարվա զգալի մասը Ղարաբաղում է անցկացնում` միաժամանակ վերահսկելով ու համակարգելով հյուրանոցի աշխատանքները: Հյուրանոցում դեռ անելիքներ կան. թեեւ այստեղ թենիսի կորտն արդեն կառուցվել է, այնուամենայնիվ, սեփականատերերը նախատեսում են նաեւ լողավազան կառուցել: Իսկ ընդհանուր ջեռուցման ծրագիրն ընթացքի մեջ է: Հ.Աբուլաքյանի խոսքերով՝ այդ բոլոր ծրագրերն իրականացնում են հյուրանոցի եկամուտների հաշվին: Նրանք վճարում են բոլոր տեսակի հարկերը եւ ոչ մի արտոնությունից չեն օգտվում: Մեր այն հարցին, թե բիզնեսի զարգացման համար արդյոք Ղարաբաղում ստեղծվա՞ծ են համապատասխան պայմաններ, ավստրալահայ բիզնեսմենը պատասխանեց. «Արցախը բիզնեսի համար աշխարհի լավագույն երկիրն է, որտեղ հարկային դաշտը շատ մատչելի է արտերկրից եկած բիզնեսմենի համար»:

Ճիշտ է, մեր այն հարցին, թե որքա՞ն գումարով են գնել հյուրանոցի տարածքը, պարոն Աբուլաքյանը նախընտրեց չպատասխանել, սակայն փաստեց. «Ղարաբաղում հողը թանկ չարժե»: Հյուրանոցի խնդիրներից խոսելով, սեփականատերը նշեց, որ այս տարի շատ դժվարությունների առաջ են կանգնել ջրի սակավության պատճառով: «Ճիշտ է, մենք լավ գիտենք, որ այս տարվա ամռանը յուրահատուկ երաշտ էր, բայց, միեւնույն է, պետք էր մտածել այս խնդրի շուրջ, եւ հարցին ինչ-որ կերպ լուծում տալ: Մենք այդ շրջանում մեծ քանակությամբ ջուր գնեցինք, այն էլ՝ շատ մեծ դժվարությամբ»,- ասաց Հ. Աբուլաքյանը: Աբուլաքյան ամուսինները, որոնք արդեն մի քանի տարի է` Ղարաբաղում բիզնես են դրել ու շատ ժամանակ են անցկացնում այստեղ, չեն ափսոսում իրենց այդ որոշման համար: Սփյուռքահայերից ու հայաստանցիներից շատերը հաճախ պրն Աբուլաքյանին հարցնում են՝ չե՞ք վախենում, որ օրերից մի օր Ղարաբաղում ներդրած ձեր գումարները եւ բիզնեսը կորչեն: «Այս հարցին անցած անգամ կինս պատասխանեց, որ մեր այդ գումարները ոչինչ են մեր հայ քաջորդիների կորցրած արյան դեմ: Անձնվեր տղաների արյունը չենք կարող փոխել եւ ոչ մի գումարով, մեր փողը դրա դեմ ոչինչ է»,- ասաց Հ. Աբուլաքյանը: