Օրերս, ինչպես արդեն նշել էինք, ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրենքի նախագծի ուղղմանը, որն արգելք է դնում Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորման վրա: Որոշումը միաձայն կայացվել է ԱՄՆ-ի Սենատի բանկային գործունեության հարցերով ազդեցիկ խորհրդի ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկված միջոցը ԱՄՆ-ի «Էկսիմբանկին» արգելում է որեւէ օգնություն ցույց տալ «Հայաստանը շրջանցող, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող երկաթուղիների կառուցման կամ նախագծի մշակման համար»:
«Զերկալոն» գրում է, որ «Հարավային Կովկասի ինտեգրումը եւ բաց երկաթուղիների գործողություն» անունով հայտնի օրենքի նախագիծը, որն արգելում է ամերիկյան ներդրումներ կատարել երկաթուղիների շինարարություններում, տարվա սկզբին ներկայացրել են սենատորներ Ռիք Սանտորումը եւ Ռոբերտ Մենենդեսը: «Հայաստանը ԱՄՆ-ի թանկագին բարեկամն է, եւ մեր կառավարությունը չպետք է օժանդակի Հարավային Կովկասում ծրագրերի եւ նախաձեռնությունների՝ որոնցում Հայաստանը չի մասնակցում»,- հայտարարել է սենատոր Սանտորումը:
Թերթը հիշեցնում է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել այդ երկաթուղու կառուցման դեմ. «Պաշտոնական Երեւանը լիովին արդարացիորեն գտնում է, որ տվյալ տրանսպորտային միջանցքը էլ ավելի կմեծացնի Հայաստանի տրանսպորտային շրջափակումը: Բացի այդ, նման միջանցքի ստեղծումը Հայաստանին դուրս կթողնի տարածաշրջանային տրանսպորտային նախագծերից, քանի որ ՏՐԱՍԵԿԱ նախագծի շրջանակներում գոյություն ունեցող միջանցքը եւ ստեղծվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքուն լիովին ընդունակ են բավարարել հաղորդակցության գոյություն ունեցող պահանջները»:
Ըստ «Զերկալո»-ի՝ ինչ էլ լինի, Հայաստանին հաջողվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ Սենատում լոբբինգով հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը հրաժարվի պետբյուջեից ֆինանսավորել տվյալ նախագիծը. «Հայաստանը պնդում է գործարկել գոյություն ունեցող Կարս-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճյուղը: Իսկ ԱՄՆ-ը նման որոշման ընդունմամբ մեկ անգամ եւս արտահայտեց ցանկացած ճանապարհով Հայաստանին տարածաշրջանային նախագծերում ներգրավելու իր ցանկությունը: Վաշինգտոնի նպատակը, անկասկած, Հայաստանի տնտեսական հզորացումն է, որի պարագայում հեշտ կլինի փոխել պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության ռուսաստանամետ կողմնորոշումը: Վաշինգտոնում արդարացիորեն ենթադրում են, որ Ռուսաստանը շրջանցող տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերի մասնակից դառնալով, Հայաստանը կհզորանա, ավելի մեծ շահեր կունենա Արեւմուտքում, ինչը, լրացուցիչ ջանքերի պարագայում, արդյունքում ԱՄՆ-ին թույլ կտա ճնշել Ռուսաստանի շահերն այդ երկրում: Բացի այդ, Արեւմուտքը հույս ունի, որ տնտեսական ուղիղ հարաբերություններ հաստատելը՝ մի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Հայաստանի հետ, կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Թերթը նշում է նաեւ, որ Բաքվում համարում են, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե պաշտոնական Երեւանը փոխզիջման գնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Անկարայում էլ շրջափակման վերացումը կապում են Թուրքիայում «հայերի ցեղասպանության» հարցից Հայաստանի հրաժարվելու հետ:
Անհրաժեշտ է նշել, որ տվյալ նախագիծն իր տնտեսական բաղկացուցչի հետ միասին ավելի շատ քաղաքական է: Իրականացնելով այս նախագիծը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանն ինտեգրվում են Եվրոպային, տրանսպորտային միջանցք կազմակերպելու միջոցով մեծացնում են իրենց տնտեսական կարեւորությունը եվրասիական տարածքում: Հաշվի առնելով նաեւ, որ տրանսպորտային միջանցքը շրջանցում է Ռուսաստանի տարածքը, դրա իրականացման մեջ շատ է շահագրգռված ԱՄՆ-ը, որը ձգտում է առավելագույնս հեռացնել Մոսկվային տարածաշրջանային նախագծերից: Դրանով Վաշինգտոնը նվազեցնում է ռուսաստանյան ճնշման լծակների քանակը Վրաստանի եւ Ադրբեջանի վրա: Պարզապես ԱՄՆ-ը ձգտում է այդ նախագծում գործի դնել նաեւ Հայաստանին եւ դրանով իսկ «գոտու» մեջ առնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին: Եվ հիմա, նման որոշում կայացնելով, Սենատը փորձում է ճնշում գործադրել նախագծի մասնակիցների վրա, նպատակ ունենալով հասնել նախագծի իրականացումից՝ եթե ոչ հրաժարվելուն, ապա գոնե դրա սառեցմանը մինչեւ բարենպաստ ժամանակներ:
Հոդվածագիր Մ. Հուսեյնովի կարծիքով՝ ելնելով ԱՄՆ-ի դիրքորոշումից, շինարարության նախագծի մասնակից երկրներն իրենց հայացքն են հառել դեպի Արեւելք, իսկ հատկապես, բեռների խոշորագույն մատակարարի՝ Չինաստանի վրա: Պաշտոնական Պեկինը շահագրգռված է բեռնահոսքի ուղիների այլընտրանքով: Հենց այդ պատճառով Աստանայում արդեն անց է կացվել Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարների հանդիպում, նվիրված Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային կապերի հետագա զարգացմանը: Այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ չինական պատվիրակությունը ՉԺՀ-ի երկաթուղային ճանապարհների փոխնախարար Հուան Մինի գլխավորությամբ:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հեռանկարում նախատեսված է Կարս-Բաքու երթուղին միացնել եվրոպական եւ ասիական տրանսպորտային ցանցերին, այդ թվում՝ միջերկրածովյան եւ սեւծովյան նավահանգիստներին: Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը բոլոր ասիական եւ եվրոպական երկրներին հասկացնել են տալիս՝ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսաստանյան տրանսպորտային միջանցքին այլընտրանքային երթուղի է ստեղծվում: Այլ կերպ ասած, միջինասիական երկրների համար ստեղծվում է բեռների տեղափոխման այլընտրանքային երթուղի, ինչը հնարավոր է դարձնում Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման կանխարգելումը եւ ռիսկերի տարանջատումը:
«Համենայնդեպս, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագիծը Վրաստանի համար առաջնային է դառնում: Վրաստանի տրանսպորտի նախարար Իրակլի Չոգովաձեն բազմիցս հայտարարել է, որ «ֆինանսավորման հարցի լուծման դեպքում վրացական կողմը պատրաստ է անհապաղ սկսել Թբիլիսիի եւ վրաց-թուրքական սահմանի միջեւ ճանապարհահատվածի նախագծումն ու շինարարությունը», որը «կարող է շահագործման հանձնվել կարճ ժամկետներում»: Վրացական կողմի կարծիքով, այդ բոլոր աշխատանքները գնահատվում են 400 մլն դոլար, չնայած վաղուց տվյալ նախագիծը որոշ չափով նվազ էր գնահատվում: Առայժմ երկաթուղու շինարարության նախագիծը տեղից չի շարժվում տեխնիկատնտեսական հիմնավորման բացակայության պատճառով: Թուրքական կողմը հայտարարել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման զգալի մասը շուտով կփոխանցվի նախագծի մասնակից երկրներին: Սակայն փաստը մնում է փաստ՝ համաձայնեցված ձեւակերպմամբ նախագիծ դեռեւս գոյություն չունի»,- գրում է Մ. Հուսեյնովը:
Հիմա բաց է մնում գլխավոր հարցը՝ ֆինանսավորումը: ԱՄՆ-ը հրաժարվել է, ընդ որում, այնպիսի ձեւով, որ հիմա այդ նախագծի անվան տակ վարկեր չեն տա նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարել են ներքին միջոցների հաշվին նախագիծը ֆինանսավորելու պատրաստակամության մասին: Սակայն նման նախագծի իրականացման պարագայում ներքին ֆինանսավորումը, առանց արտոնյալ վարկերի, բավականին վտանգավոր է: Այս համատեքստում ողջ հույսը Չինաստանի վրա է, որը կարող է ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Սենատի որոշման վրա եւ միջոցներ հատկացնել՝ իրեն Եվրոպայի հետ միացնող տրանսպորտային ուղու ստեղծման համար:
«Զերկալո»
www.mediadialogue.org