Օրերս Ստեփանակերտում տեղի ունեցավ պոլիկլինիկայի նորակառույց շենքի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության անդամներ՝ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, սփյուռքահայեր, բուժաշխատողներ:
Պոլիկլինիկայի նորակառույց շենքում տեղակայված են երկու բժշկական կառույցներ՝ Ստեփանակերտի պոլիկլինիկան եւ Դիագնոստիկ կենտրոնը: Պոլիկլինիկայի ծախսերը հոգացել է սփյուռքահայ բարերար Ջորջ Փակումյանը, իսկ դիագնոստիկ կենտրոնինը՝ Հրայր Հովնանյանը:
Այդ երկու կառույցների ծրագիրը մոտ 2 մլն դոլար արժողություն ունի, որի մեջ մտնում են շենքի կառուցումը, սարքավորումների ապահովումն ու աշխատակիցների վերապատրաստումը: Աշխատանքներն իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղի կողմից: Ծրագրի բժշկական գծով ղեկավար Ալինե Դուրյանի խոսքերով, պոլիկլինիկան Արմինե Փակումյանի անունով է, որը բարերար Ջորջ Փակումյանի հորաքույրն է: Նա 1,5 տարեկանում մահացել է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Ա. Դուրյանը գոհ է արված աշխատանքից, չնայած որ թերություններ կան: Նա գտնում է, որ այդ թերությունների վրա չպետք է կենտրոնանալ, այլ անհրաժեշտ է հպարտանալ, որ նմանատիպ նոր շենք է կառուցվել, որը գործելու է մեր ազգն առողջ պահելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ պոլիկլինիկայում դեռ ծրագրեր ունեն՝ կապված սարքավորումների եւ աշխատողների վերապատրաստման հետ:
Բացման արարողության ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով բարերարներին ու ծրագրի մասնակիցներին, խոսեց նաեւ պոլիկլինիկայի շինարարության ձգձգման մասին: «Մենք առնվազն երկու տարի առաջ պետք է ավարտեինք այն: Մեր գործը դրամ հավաքելն է, ինձ թվում է` դա հաջողվում է մեզ, իսկ նրանք, ովքեր պատասխանատու են այս կառույցներին, պարտավոր են իրենց պարտականությունները ժամանակին կատարել,- նշել է նախագահը: -Չնայած այսօր տոնական օր է, իհարկե, վատի մասին ավելի լավ է չհիշել, բայց ես ուզում եմ ֆիքսել այն միտքը, որ անընդունելի է ժողովրդի համար շատ կարեւոր այս կարգի շինարարությունների ձգձգումը: Իհարկե, եղել են որոշ օբյեկտիվ, բայց եղել են նաեւ շատ սուբյեկտիվ պատճառներ: Ինձ թվում է, հետագայում մեր բարերարների, հիմնադրամի ներկայացուցիչների եւ ԼՂՀ կառավարության վերահսկողությունը պետք է ավելի խիստ լինի, որպեսզի կարողանանք այս կարգի օբյեկտները ժամանակին հանձնել ժողովրդին»:
Նախագահը նաեւ փաստեց, որ հանրապետական հիվանդանոցի նոր շենքի կառուցման համար արդեն բարերար է գտնվել, որը պատրաստ է ֆինանսավորել պոլիկլինիկայի ծրագրից ավելի մեծ այդ ծրագիրը: Ա.Ղուկասյանը հույս հայտնեց, որ հիվանդանոցի նոր շենքն ավելի կարճ ժամկետում կկառուցվի: