Սեպտեմբերի 25-ին Երեւանի «Արարատ բանկն» իր մասնաճյուղը բացեց Ստեփանակերտում: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, երեւանյան բանկի պատասխանատուներ, հյուրեր:
ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը շնորհավորելով մասնաճյուղի բացման առիթով` լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Արցախում հայաստանյան բանկերի արդեն 5-րդ մասնաճյուղն է բացվում, որը խոսում է այն մասին, որ գործարար միջավայրը գնալով աշխուժանում է: «Հենց այնպես բանկն իր մասնաճյուղը չի բացում, ուրեմն պահանջարկ կա, քանի որ ավելացել են բնակչության եկամուտները: Վերջին 4 տարիների ընթացքում ավանդատուների թիվն ընդհանուր բանկային համակարգում մոտ 6 անգամ ավելացել է, իսկ մոտ 6,5 անգամ՝ ավանդների չափը»,- ասել է վարչապետը:
Այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք պետության կողմից իրականացվող ծրագրերի առումով համագործակցություն նորաբաց մասնաճյուղի հետ, Ա. Դանիելյանը պատասխանեց, որ «Արցախբանկում» միայն բյուջետային աշխատավարձերն են, քանի որ այն միակ բանկն է, որը մասնաճյուղեր ունի հանրապետության շրջաններում: Ըստ նրա, մյուս բոլոր ծրագրերն իրականացնելու համար աշխատում են Ստեփանակերտում գործող բոլոր բանկերի հետ՝ ձգտելով բանկային համակարգում պահպանել հավասարակշռությունը: