Սեպտեմբերի 23-ին «HSBC Հայաստան» բանկը նշում էր իր հիմնադրման 10-ամյակը։ Այդ կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, բանկի ձեռքբերումները եւ հեռանկարները ներկայացնելուց բացի, խոսք գնաց նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ Եվ ներկաներից մեկն արտահայտեց բավական հետաքրքիր մի միտք. «Շատ արդյունավետ Կենտրոնական բանկ ստեղծեցիք…Հայաստանի տնտեսական աճը կարելի է մեծապես պայմանավորել հենց ԿԲ գործունեությամբ»։
Քանի որ «Կենտրոնական բանկ» ասելիս վերջին ժամանակներս միանգամից ակամա մտաբերում ես դրամի արժեւորումը, մեզ հետաքրքիր էր՝ «Էյչ Էս Բի Սի Հայաստանի» ղեկավարները հետեւե՞լ են ԿԲ նախագահի խորհրդին եւ իրենց անձնական խնայողությունները դրամի՞ են վերածել, մանավանդ, որ այդքան մեծ հարգանք են տածում այս կառույցի նկատմամբ։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Թերները դա համարեց «կոնֆիդենցիալ ինֆորմացիա», իսկ մյուս ներկայացուցիչը՝ Արարատ Ղուկասյանն անկեղծորեն պատասխանեց, որ աշխատավարձ ստանում է դրամով, հետեւաբար՝ խնայողությունները կատարում է նույնպես դրամով։ Ցավոք, մեր հանրապետության բնակչության մի ստվար հատված չի կարող հետեւել այս օրինակին` այն պարզ պատճառով, որ դրամով ստացած աշխատավարձը սպառվում է մինչեւ վերջին լուման, եւ խնայել չի ստացվի անգամ շատ մեծ ցանկության դեպքում։