Սեւրի դաշնագիրը եւ այսօրվա մեծ Մերձավոր Արեւելքը՝ գումարած Հարավային Կովկասը

29/09/2006 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

1.Առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված հաշտության պայմանագրերը նախ եւ առաջ ցույց են տալիս, թե ինչպես են վերաբաշխվում հաղթանակ տարածների ուժն ու պարտվածների անուժությունը: Այսպես վերաձեւեցին աշխարհը պատերազմող տերությունների միջեւ: Այդ պայմանագրերը իբրեւ թե միաժամանակ պետք է հանդիսանային անվտանգության կարեւորագույն համակարգ կամ Երկիր մոլորակի վրա կյանքի երաշխիք: Այն ժամանակ դրված չէր այդ համաձայնագրերի արդար լինելու, հեռատեսության խնդիրը: Այդ հարաբերություններն ու պայմանավորվածությունները վերաճեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Ապա «սառը պատերազմ», միջուկային աղետի վտանգ, միջազգային ահաբեկչություն, իսկ հիմա եւ այն, ինչ մենք տեսնում ենք Մերձավոր Արեւելքում: Սակայն թվում է՝ այսօր ԱՄՆ-ը եւ Եվրոպան փորձում են քայլ անել դեպի արդարությունը եւ աշխարհի կայուն զարգացումը, թեեւ քիչ սխալներ չկան եւ նրանց այսօրվա գործողություններում: Իրաքյան մեծ պատերազմի արդյունքը բոլորովին այլ կլինի, եւ այն իր մեջ չի կրում ռազմական հակամարտությունից հետո այն ավարի բովանդակությունը, որ մենք տեսնում ենք հին եւ միջին դարերի քաղաքական պատմության մեջ: Թեեւ հենց այդպիսին էին Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքները, որ հանգեցրին անկայուն, պայթյունավտանգ աշխարհի՝ իր մեջ թաքնված արատներով: Կարծում եմ՝ «Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը կարող է վերածվել մի ուրիշի՝ «Հաղթողներին նույնպես դատում են»:

Այս աշխատանքում ես կխոսեմ 1920թ. Սեւրի հաշտության պայմանագրի միայն աշխարհայացքային ասպեկտների մասին: Տասնամյակներ անց պայմանագիրը չափազանց արդիական դուրս եկավ այսօրվա Իրաքյան մեծ պատերազմի հետ համեմատական վերլուծություն կատարելիս:

2.Անտանտային եւ ԱՄՆ-ին թվում էր՝ Թուրքիան ոչ մի հնարավորություն չունի եւ ամենից առաջ չունի ժամանակ, այնինչ ԺԱՄԱՆԱԿ թուրքերն ունեին, եւ այսօր այն ուղղված է դեպի Եվրոպայի ԱՊԱԳԱՆ: Կարծում եմ՝ Եվրոպան գիտակցում է, որ իր համար վտանգն ավելի վաղ է ծագել, քան այսօրվա ժողովրդագրական իրավիճակը, ինչի մասին դեռ կխոսեմ: Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես եւս մի անգամ սխալվեցին Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան նույն այդ Թուրքիայի հարցում արդեն Երկրորդ համաշխարհայինի արդյունքներից հետո: Արդյոք լիարժեք գործընկերնե՞ր էին նրանք արեւելյան քաղաքականության իրենց վերլուծությունների մեջ, թե՞ նրանք թերարժեքության բարդույթ ունեն թուրքական կիսալուսնի սֆինքսի առջեւ: Մենք գիտենք, որ Սեւրի դաշնագիրը մեռելածին ակտ էր շնորհիվ բազմաթիվ գործոնների, այդ թվում եւ` նրա, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի տրանսֆորմացիայի ժամանակ՝ նրա անիմաստ հեղափոխությունով, եւ ԱՄՆ-ի, իբրեւ երկիր, որը մինչեւ վերջ չէր հասկանում իր ողջ պատասխանատվությունը այդ շատ զգայուն եւ համաշխարհային քաղաքականության համար շատ կարեւոր (ոչ միայն էներգետիկ առումով) տարածաշրջանի` որպես աշխարհակարգի մի հատվածի համար: Այսօր, օրինակ, Եվրոպայում անվտանգության համակարգը եւ ողջ մայրցամաքի զարգացումը հիմնված են եվրոպական քաղաքակրթության արժեքների վրա: Սակայն մինչ այժմ այդ համակարգի կարեւորագույն դրույթները մինչեւ վերջ սահմանված չեն: Այո, Եվրոպայում, որտեղ ըստ հնարավորի լուծված են երկրների միջեւ սահմանների հարցերը, եւ որտեղ յուրաքանչյուր պետություն ավելի կամ պակաս միանման է հասկանում եւ ընդունում քաղաքակրթական գործընթացները, առաջատար տերությունները ցանկանում են տարածել միավորման կամ խնդիրների լուծման իրենց փորձը ոչ թե ազգի ինքնորոշման շրջանակներում, այլ սահմանադրական սահմանների շրջանակներում` մոռանալով այն մասին, որ անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմները ծագել են հենց այնտեղ: Եվ այդ ստիպողական պարտադրանքը ոչ քիչ դժվարություններ է ստեղծում աշխարհի մնացած մասերի համար, քանզի այդ չափանիշը կամ այդ սկզբունքը զուրկ է ունիվերսալությունից: Գլոբալիզացիան հետաքրքիր է եւ օգտակար, եթե այն հաշվի է առնում տարածաշրջանի առանձնահատկությունը` միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ ներառելով տվյալ տարածաշրջանի դրական կողմերը, այլ ոչ թե միայն բերելով նորն ու օտարը, թեեւ դրանք ինչ-ինչ տարածաշրջանների համար կարեւոր են:

Այժմ մեր առջեւ Մերձավորարեւելյան տարածաշրջանն է, որտեղ այսօր տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս մեզ մտածելու այլ արժեքների մասին: Իրաքյան մեծ պատերազմը, որի մեջ մտնում են ինքը` Իրաքը, պաղեստինա-իսրայելական, լիբանանա-իսրայելական հակամարտությունները, սիրիական, թուրքական, քրդական եւ իրանական տարաձայնություններն ու բախումները` իրենց բազմապլան դժվարություններով… Այս բոլորը տեղի է ունենում մեր աչքի առաջ եւ բազում խնդիրներ է բարձրացնում, այդ թվում քաղաքական, պատմական, ասել է թե` նաեւ տարածքային, ոչ միայն տարածաշրջանի բոլոր պետությունների` գումարած ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու եվրոպական դաշնակիցները, այլ նաեւ այնպիսի երկրների համար, ինչպես Կիպրոսը կամ Հայաստանն են: Այստեղից էլ գալիս է Հունաստանի սպասողական դիրքորոշո՞ւմը: Իսկ հեռանկարում դուք կտեսնեք նաեւ քրդական հա՞րցը: Անկասկա՛ծ: Պետք է կույր լինել` չհասկանալու համար, որ այս մեծ աշխարհը չափազանց փխրուն է: Այդ աշխարհը 1917-1923թթ. մասնատվել էր` իբրեւ Առաջին աշխարհամարտի արդյունք: Այն ժամանակվա եվրոպական տերությունների կողմից ծանրագույն սխալներ թույլ տրվեցին Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Սիրիայի եւ այլ պետությունների նկատմամբ: Եվ եթե մեղավոր ու ատելի Թուրքիան, ինչպես արտահայտվում է Եվրոպան, մեղավոր էր, ապա Հայաստանը կամ Հունաստանը զոհեր էին… Այն ժամանակ հաղթողներն ու պարտվողներն այլ արժեքային բնութագիր ունեին, բանակցությունների այլ մեթոդներ, օրենսդրական միջոցների եւ ակտերի այլ համակարգ: Սակայն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ միջազգային քաղաքականության մեջ քիչ դեր չխաղաց բարոյականությունը: Մուսուլմանությունը, ճեղքվածքներ գտնելով բողոքականության գաղափարախոսության մեջ, բողոքականություն, որը եւ գլխավորում է քաղաքակրթական գործընթացները, Արեւմուտքի գլխին թափվեց հենց բարոյական պահանջներով: Այսպես միջազգային ահաբեկչական պատերազմն առավելություն ձեռք բերեց Արեւմուտքի հետ հակամարտության մեջ` բարոյականության տարրը: Սա միանգամայն նոր պահ է հակամարտությունների ըմբռնման եւ կարգավորման (շատերը կարող են քմծիծաղ տալ, բայց դա նրանց իրավունքն է) կամ մեծ ու փոքր տարածքային համակարգերի ներսում ինտեգրացիոն խնդիրների գործում: Հանուն տարածքների ձեռքբերման, հանուն ազդեցության ոլորտների, բնական եւ մարդկային ռեսուրսների պատերազմը կարծես թե աստիճանաբար երկրորդ պլան է մղվում: Առաջին պլանում են հայտնվում այլ չափանիշներ, նախ եւ առաջ` աշխարհընկալումը, աշխարհայացքը, ավանդույթները` որպես ինքնապահպանում:

3.Ժամանակակից Եվրոպան ներկայանում է մեկ` հաշվենկատ ու մանրախնդիր, մեկ` իմաստուն, մեկ` հիմար, մեկ` արդարամիտ, մեկ` քիչ բան հասկացող ու շփոթահար, մեկ` կարճատես, մեկ` հեռատես…Թվում է` Եվրոպան միշտ գտնվում է ինչ-որ արդարության որոնումների մեջ, որը թելադրված է ոչ միշտ ունիվերսալ մարդասիրական արժեքներով: Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը դեռ սովորում են: Թեեւ կարելի է ասել, որ այսօրվա Եվրոպան շատ է տարբերվում 20-րդ դարասկզբի Եվրոպայից: Սակայն Եվրոպան ապահովագրված չէ կատարելու այն նույն սխալները, ինչ որ առաջ: Այսօրվա թուրքերը ձգտում են դեպի Եվրոպա` նույն այդ Եվրոպայի հետ աշխարհընկալման եւ աշխարհազգացողության տարբերություններ ունենալով, ինչպես մի անգամ չէ, որ արդեն եղել է` սկսած 13-րդ դարի վերջից-14-րդ դարի սկզբից, երբ նրանք, օգտվելով խաչակրաց արշավանքների հանգամանքներից, կարողացան գրավել Բյուզանդիան, Կիլիկիայի Հայկական թագավորությունը…

Այսօր Եվրոպան գերակա է համարում սահմանների անխախտելիությունը, քան թե ազգի ինքնորոշման իրավունքը: Եվ դա իր բացատրությունն ունի. Եվրոպան հասունանում էր բավականին հավասարաչափ, բացի այդ, բոլոր տարածքային պահանջներն ու ոտնձգությունները կարծես թե մնացել են պատմության գրկում: Այժմ Եվրոպան միավորվելով լուծում է երկու խնդիր` 1.զարգացած եւ զարգացող երկրների շրջանակներում տեղի է ունենում աշխատանքի շուկայի գների իմաստավորում, 2. հպատակություն չընդունող աֆրիկյան, թուրքական ժողովուրդներին փոխարինում է արեւելաեվրոպական քաղաքացիներով: Կցանկանա՞ն արդյոք արեւելաեվրոպական եւ մերձբալթյան ժողովուրդները ասիմիլյացիայի ենթարկվել ժողովրդագրական առումով թույլ Արեւմտյան Եվրոպայում, դեռ հարց է: Եվ այսպես, Եվրոպայում տեղի կունենա կենսամակարդակի աստիճանական հավասարեցում եւ նրա մուսուլմանացման վտանգը հետին պլան կմղվի: Եվրոպան շատ արագ (մի սերունդ հետո) կհավասարեցնի ժողովրդավարության մակարդակն իր բոլոր երկրներում:

4.Եվ այսպես, շարունակենք արեւմուտքի թեմայի մեր ընկալումը: Մերձավոր Արեւելքում այս խճճված կծիկի մեջ մտնում են իսրայելա-պաղեստինյան եւ իսրայելա-լիբանանյան հակամարտությունները, որոնց հետեւում ժամանակին կանգնած էին սիրիական եւ համաարաբական ուժերը` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ… Այժմ ամեն ինչ փոխվում է, այն էլ` այնքան շատ, որ դժվար է որոշել` ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը, Եվրոպա՞ն, թե՞ Իրանը կներկայացնեն իրաքցիների, պաղեստինցիների կամ լիբանանցիների կամ Իսրայելի շահերը: Վերջին` իսրայելա-լիբանանյան հակամարտությունն այսօր կողմնակի կերպով նաեւ մեզ` հայերիս է վերաբերում` որպես էթնո-կրոնական խմբերից մեկին, որ Լիբանանի պետության սահմանադրական մասն ենք կազմում: Թեեւ մենք ոչ միայն չէինք պատերազմում, այլեւ չենք տուժել իսրայելյան ռմբահարումներից… Մի այլ ենթատեքստ եւս կա, որ անմիջականորեն բխում է Իրաքյան մեծ պատերազմից եւ որը կարեւոր է Հայաստանի ու հայերի համար: Որտե՞ղ է Հայաստանի եւ հայ ժողովրդի տեղն ու գործառույթը միջազգային համագործակցության համակարգում` Մերձավոր Արեւելքում եւ լայն առումով նաեւ աշխարհում կայուն ու բարգավաճ խաղաղություն ստեղծելու գործում: Այդ տեղը դեռեւս թափուր է: Եվ հենց դա էր հայերի համար ցանկանում Վուդրո Վիլսոնը (1913-1921թթ.)` ԱՄՆ-ի ամենախորհրդավոր նախագահներից մեկը: Ո՞վ եւ ինչո՞ւ նրան խանգարեց` իրականացնելու դա, ուրիշ ուսումնասիրության թեմա է:

5.Առաջին աշխարհամարտը կամ իմպերիալիստական պատերազմը բացահայտեց մեծ տերությունների միջեւ առկա հսկայական հակասությունները, ընդ որում` ինչպես հակառակորդների, այնպես էլ դաշնակիցների: 1914թ.-ին իրավիճակն աշխարհում միատարր չէր` նախ եւ առաջ այդ երկրների իշխանական վերնախավի աշխարհայացքի տեսանկյունից: Քայքայվող կայսրությունների (Օսմանյան, Ռուսական, Ավստրո-Հունգարական) վերապրուկային մտածողությունը լավ էր ներդաշնակվում այդ համաշխարհային հակամարտության մնացած սուբյեկտների գիշատչային քաղաքականության հետ: Բրիտանական Կայսրությունը, Ֆրանսիան (մշտական դաշնակիցներն ու մրցակիցները) դեռ հզոր էին ու հսկայական ազդեցություն ունեին Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների թատերաբեմում կատարվող շատ գործընթացների վրա: Խոսքը հասարակ բանի մասին էր` սեփական ավարի, նոր սահմանների, ոչ թե հալածված ժողովուրդների ճակատագրի: Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում գերակշռում էր սեփական ախորժակը: Սակայն մի բանում Անտանտայի բոլոր երկրները համակարծիք էին` Թուրքիայի մասնատման հարցում (նա կարող էր ներողամտության հույս ունենալ միայն լիակատար չեզոքություն պահպանելու դեպքում), եւ այդ մասին դաշնակիցներն արտահայտվեցին 1917թ. հունվարի 10-ի համատեղ պատասխանում: Իբրեւ պատերազմի նպատակներից մեկը` նրանք նշեցին «թուրքերի արյունոտ բռնակալության տակ գտնվող ազգերի ազատագրումը» եւ «Եվրոպայից Օսմանյան Կայսրության արտաքսումը` որպես արեւմտյան քաղաքակրթությանը խորթ երեւույթի»: Եվ այս նպատակը Եվրոպան մինչեւ հիմա չի կարողանում լուծել, քանզի անխախտ Թուրքիայի մի մասն արդեն ապրում է Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Անգլիայում, Ֆրանսիայում…: Թուրքերը, մեծ ծնելիություն ունենալով, Եվրոպայում չեն ենթարկվում հպատակության` իրենց մզկիթները կառուցելով եւ սեփական ազգային ավանդույթները պահպանելով արդեն եվրոպական օրենքների ներսում: Սա դանդաղ գործող ական է: Եվ սա արդյունք է պատմական պարադոքսի, եթե նկատի ունենանք այն միտքը, որը Եվրոպան Թուրքիայի մասին արտահայտել էր 1917թ. եւ որը ես մեջբերեցի վերեւում:

6.Սակայն եկեք վերադառնանք 1914թ.: Եվ այսպես, հենց որ Օսմանյան Կայսրությունը խառնվեց պատերազմին (1914թ. նոյեմբերի սկզբներին), Համաձայնության տերություններն անմիջապես առաջ քաշեցին նրա վերջնական մասնատման հին հարցը: Ազգերի ինքնորոշման դրոշի ներքո Անգլիան հայտարարեց Պաղեստինում «հրեա ժողովրդի համար ազգային օջախի» ձեւավորման մասին իր համաձայնությունը: Հռչակագրում ասված էր. «Նորին մեծության կառավարությունը բարեհաճորեն է վերաբերվում Պաղեստինում հրեա ժողովրդի համար ազգային օջախի ձեւավորմանը եւ բոլոր ջանքերը կներդնի այդ գործի իրականացումը հեշտացնելու համար, ընդ որում` հասկանալի է, որ չի արվի ոչինչ, ինչը կարող է խախտել Պաղեստինի ոչ հրեա համայնքների քաղաքացիական եւ կրոնական իրավունքները, ինչպես նաեւ քաղաքական դրությունը, ինչից հրեաներն օգտվում են այլ երկրներում»: Այս հռչակագիրը հավանության էր արժանացել 1920թ. ապրիլին Սան-Ռեմոյի համաժողովում: Այն մտավ Սեւրի հաշտության համաձայնագրի 95 հոդվածի կազմի մեջ: Պետք է հիշել, որ հետագայում` 1922թ. հունիսի 30-ին, այն հաստատեց ԱՄՆ-ի Կոնգրեսը` որոշ փոփոխություններ մտցնելով եւ հատուկ նախապայման դնելով Պաղեստինում «սրբավայրերի ու սրբատեղիների» պահպանության մասին: Որքան հեռատես քայլ էր դա, եւ որքան է մեր ժամանակներում այդ նախապայմանը արդիական, որքան է դա ուղղակիորեն վերաբերում նաեւ հայերին, որոնց ձեռքին քիչ չեն պատմական եւ կրոնական սրբավայրերը, որոնք բազում հարյուրամյակների ընթացքում նրանք պահպանել են, պահպանում են եւ պաշտպանում: Դաշնակցային նախագիծն իրենից ներկայացնում էր խաղաղության համաժողովի հինգ հանձնաժողովների աշխատանքի արդյունք, որոնց հատուկ ուշադրությունը սեւեռված էր Մերձավոր Արեւելքի գործերի վրա: Այդ հանձնաժողովների խնդիրն առաջին հերթին հետեւյալն էր` 1.նոր Հայկական Հանրապետության սահմանների որոշումը, 2.օսմանական ֆինանսների եւ օսմանյան պետական պարտքերի դրության պարզումը, 3.հույների` Սմիրնայի նկատմամբ ունեցած հավակնությունների ուսումնասիրությունը, 4.Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա միջդաշնակցային վերահսկողության կազմակերպումը, 5. Թուրքիայի եվրոպական սահմանների որոշումը: Ինչպես հայտնի է, Թուրքիայի հետ ապագա վերջնական համաձայնագրի պայմանները դաշնակիցների կողմից ընդունվեցին Սան Ռեմոյի համաժողովում` ապրիլի 20-ին: Հենց այնտեղ Ֆրանսիան եւ Անգլիան մյուսների թիկունքում, այդ թվում եւ` ԱՄՆ-ի, իրար մեջ բաժանեցին Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի նավթի պաշարները: Դա սկիզբ դրեց Մոսուլի խնդրին, որն ըստ էության նավթային էր:

Շարունակելի