«Ինչո՞ւ են հենց ինձ նախանձում»

29/09/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանում նրան բոլորը գիտեն, լսում են նրա երգերն ու շատերը նրան… անթաքույց նախանձում են: Նա հաջողության է հասել եւ բեմում, եւ բիզնեսում, բայց քչերն են նրան իսկապես ճանաչում: Նա ոչ մեկին թույլ չի տալիս սեփական ներաշխարհը մտնել. «Ինչի՞ համար անկեղծանամ ու թույլ տամ, որ կեղտոտ կոշիկներով իմ կյանքը մտնեն»: Սիրում է հիշել իր անցած ճանապարհը, դա թույլ է տալիս ճիշտ գնահատել սեփական սխալներն ու ձեռքբերումները: Շատերի կարծիքով` նա սառը ու «գոռոզ» մարդ է, բայց նրա մտերիմները գիտեն, որ դա միայն դիմակ է, որը նա ստիպված է կրում` թաքցնելով դրա տակ իր զգացմունքայնությունը. «Թող մտածեն, որ ես քիթս ցցած եմ ապրում, դա ավելի լավ է, քան ասեն, որ ինձ անգիր գիտեն ու ամեն քայլափոխին պատմեն իմ կյանքը»: Նա ոչ մեկից ոչինչ չի խնդրում ու երկնքից մանանա չի սպասում: Պատասխանում է այն ժամանակ, երբ իրեն հարց են տալիս, սակայն սեփական կարծիքն ուրիշների վզին չի փաթաթում. «Եթե լսել են ցանկանում` կլսեն»:

Նունե Եսայանը խոստովանում է, որ հազվադեպ է անկեղծ հարցազրույցներ տալիս, բայց եթե այդպես պատահում է, նա երբեք դերասանություն չի անում:

Սա այդպիսի դեպք է…

– Բոլորը համոզված են, որ Նունե Եսայանն իր նատուրայով լիդեր է… Արդյոք կարելի՞ է կնոջը լիդեր դարձնել:

– Իհարկե, ես լիդեր եմ։ Միշտ եմ լիդեր եղել։ Նույնիսկ դպրոցում, որտեղ դասարանի ավագն էի։ Ճամբարում մի քանի օր մնալուց հետո սկսեցի ջոկատներ ղեկավարել։ Հետաքրքիրն այն է, որ ես չեմ ձգտել դրան, պարզապես այդպես ստացվել է, ինձ ընտրել են։ Երբ ուզում էին հասկանալ, թե ո՞վ կարող է ղեկավարել եւ ո՞վ՝ չի կարող, տեսնում էին, որ ինձ պետք է ընտրել: Կնոջն ակտիվության դրդելով ոչնչի չես հասնի։ Եթե կնոջ մեջ լիդեր լինելու, կառավարելու, ինչ-որ գործ ղեկավարելու ձիրքը չլինի, որքան ուզում ես` դրդի, նրա կյանքում, միեւնույն է, ինչ-որ բան պակաս կլինի։ Իսկ եթե կինն իր էությամբ է լիդեր, նրան մի փոքրիկ առիթ է միայն պետք, որպեսզի նա ակտիվ դեր խաղա հասարակության, բիզնեսի, քաղաքականության մեջ։

– Քաղաքական դաշտում երբեւէ ուժերդ փորձել չե՞ս ցանկացել։

– Ես շատ հեռու եմ քաղաքական ասպարեզից, նույնիսկ քաղաքական բնույթ ունեցող համերգների չեմ մասնակցել։ Երբեք այդ քայլին չեմ դիմել եւ չեմ դիմի, նույնիսկ, եթե շատ խոշոր գումար առաջարկեն։ Ես անկախ մարդ եմ։ Նախեւառաջ ինքս եմ իմ համերգները կազմակերպում, իսկ եթե հրավերներ են լինում, աշխատում եմ առաջարկի ուղնուծուծն իմանալ, հասկանալ՝ ո՞վ է այդ համերգը անում եւ ամենակարեւորը՝ ինչի՞ համար է անում՝ ժողովրդին ուրախացնելո՞ւ, թե՞ իր անձնական ինչ-ինչ նպատակների համար։ Իմ համերգները հիմնականում կամ բարեգործական են լինում, կամ տոնական։

– Կարծում եմ, տղամարդիկ այնքան էլ չեն ցանկանում, որ իրենց կողքին լիդեր կին լինի։

– Խելացի տղամարդիկ պետք է ուզեն, որ իրենց կինը խելացի լինի եւ կարողանա ճիշտ կողմնորոշվել։ Իզուր չեն ասում, որ կինը տուն է ղեկավարում, նույնիսկ ամուսնու բիզնեսի հաջողության մեծ մասը հենց խելացի կնոջ շնորհիվ է իրականանում։ Տղամարդու հաջողությունը կինն է ստեղծում: Նույնիսկ, եթե այդ կնոջը ոչ ոք չի տեսնում, եւ նա ամբողջ օրը տնից դուրս չի գալիս, միեւնույն է, նա իր ազդեցությունը թողնում է ամուսնու վրա։ Եթե տղամարդը խելացի է, ապա նա պետք է օգտվի կնոջ խորհուրդներից։ Իսկ եթե տղամարդը թույլ է եւ թերարժեքության բարդույթ է ունենում, ապա նա չի ցանկանում, որ կինն իր գործերին խառնվի։ Շատերը բարկանում են, որ իրենց կանայք մի խելոք բան են ասում, որի մասին իրենք մինչ այդ չէին մտածել։

– Կինը կարծես միշտ ընտրության առջեւ է կանգնած՝ աշխատա՞նքը, թե՞ ընտանիքը։

– Կարծում եմ, որ կինն այնքան խելոք է, որ կարող է կողմնորոշվել՝ ինչպես պահել եւ՛ աշխատանքը, եւ՛ ընտանիքը։ Եթե թույլ գտնվի, վայրկենապես կարող է զրկվել ինչ-որ բանից։ Ժամանակ տրամադրելով աշխատանքին, կարելի է կորցնել ընտանիքը, պետք է հասկանալ՝ ո՞վ է դրանից շահելու, եւ անձամբ քեզ դա ի՞նչ օգուտ է բերելու, հասնելո՞ւ ես արդյոք քո նպատակին, թե՞ դատարկ բաներով ես զբաղվելու։ Անձամբ ես նման ընտրության առջեւ կանգնել եմ, շատ մեծ զիջումներ եմ արել։ Ընտրել եմ ընտանիքը եւ թողել եմ երգը։ Բայց ես դա անգիտակցաբար, մեխանիկորեն եմ արել։ Այսինքն, ներքուստ պատրաստ եմ եղել ամեն ինչ թողնել հանուն իմ ընտանիքի։ Մեկ տարվա ընթացքում ինձ ոչ ոք չի տեսել, ընդհանրապես ոչ մի տեղ չեմ երգել, միայն իմ ընտանիքով եմ ապրել ու երջանիկ եմ եղել։ Բայց չստացվեց։ Այսինքն, չգնահատվեց։ Չստացվեց, որովհետեւ… չստացվեց։ Հիմա էլ եմ պատրաստ զիջումներ անելուն, բայց արդեն ավելի խելամիտ եմ, հիմա ձեռքբերումներս շատ են ու չեմ կարող դրանցից հեշտությամբ հրաժարվել, թողնել ու գնալ։

– Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ում ղեկավարած Երգի թատրոնում աշխատել ես, ասել է, որ քեզ խորհուրդ է տալիս երեխա ունենալ, որ երեխան շատ կփոխի քո կյանքը։

– Նա հաճախ է այդ մասին ասում։ Ես էլ եմ շատ ուզում երեխա ունենալ, բայց չեմ կարծում, որ երեխայի ծնունդից հետո ես փոխվելու եմ, ինչ-որ նոր բնավորության գծեր եմ ձեռք բերելու կամ ավելի բարի եմ դառնալու։ Այդ ամենը՝ բարությունը, կամեցողությունը արդեն կա իմ մեջ։ Պարզապես երեխայի հետ շատ ժամանակ կանցկացնեմ, թույլ չեմ տա, որ նրա հետ որեւէ մեկը ավելի շատ զբաղվի, քան ես: Ոչ մեկին իմ երեխային չեմ վստահի։ Իմ բարեկամները հաճախ են ասում՝ դու երեխա ունեցիր, մենք կպահենք։ Ասում եմ՝ իսկ հարցրե՞լ եք, ես թույլ կտա՞մ ձեզ, որ դուք պահեք։ Մի վայրկյան անգամ չեմ ցանկանա նրանից հեռու լինել։

– Երեխան խոցելի է դարձնում մարդուն։ Հենց ծնվեց, նա է ընտանիքի լիդերը դառնում, բոլորը սկսում են նրան հարմարվել։

– Ուրեմն ես լիդեր չեմ լինի, կամ ավելի ճիշտ՝ փափուկ, «փիսիկ» լիդեր կդառնամ։ Ես ընդհանրապես իշխել չեմ սիրում, պարզապես, եթե տեսնում եմ, որ իմ կողքինները չեն «ֆայմում»՝ ի՞նչ պետք է անել, ես եմ անում։ Անում եմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի։ Ես Հրանուշ Հակոբյանի նման լիդեր չեմ, նա ամբողջովին տրվել է իր գործին, քաղաքականությանը, ես այդպիսին չեմ։ Բայց կարծում եմ, որ եթե Հրանուշն էլ երեխա ունենար, բոլորը կտեսնեին, որ նա նուրբ, զգացական կին է։

– Հիմա յուրաքանչյուր երգիչ կարող է Օպերայի դահլիճը վարձակալել ու համերգ տալ: Դա լա՞վ է:

– Դա շատ սովորական բան է դարձել։ Չորս հոգով հավաքվում են ու համերգ են տալիս։ Ասում են, որ դահլիճները լեփ-լեցուն են լինում, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ հանդիսատես է գալիս։ Հիմնականում պարապ-սարապ մարդիկ են։ Հնուց մնացած հանդիսատեսի «էլիտան» կգնա լսելու միայն լավ կազմակերպված համերգները, որոնք մեզ մոտ շատ քիչ են լինում։ Համերգներ միշտ էլ պետք են, քանի որ ժողովրդին տոն է պետք։ Բայց համերգները չեն կարող տեղի-անտեղի լինել։

– Դու չմասնակցեցիր Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համերգին, անձամբ ՀՀ նախագահից չստացար «վաստակավոր արտիստի» պատվավոր կոչումը։ Ինչո՞ւ։

– Ես հիվանդ պառկած էի, չէի կարող գնալ, բայց իմ մրցանակը նախարարությունում է։ Պետք է գնամ-վերցնեմ։

– Կոչումը բարոյական բավարարվածություն տալի՞ս է։

– Անձամբ ինձ կոչումը ոչինչ չի տալիս։ Այն ցույց է տալիս միայն, որ երկրի ղեկավարությունը ինձ գնահատում է։ Իհարկե, հաճելի է, երբ քեզ գնահատում են, բայց եթե ես միայն կոչում ունենամ ու դահլիճ հավաքել չկարողանամ, ի՞նչ պիտի շահեմ «վաստակավոր արտիստ» համարվելով։ Չեմ կարող ասել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ` կոչումներ տալ այն մարդկանց, ում տվել են։ Կարող եմ միայն իմ մասին ասել։ Առանց ինքս ինձ գովելու կասեմ, որ ես իսկապես շատ եմ աշխատել, ողջ Սփյուռքում տարածել ու պրոպագանդել եմ հայ երգը։ Տասը տարի է, ինչ ես Սփյուռքից տուն չեմ գալիս, անընդհատ շրջագայում եմ։ Աշխարհի տարբեր երկրներում ինձ հայեր են մոտենում ու ասում են՝ շնորհակալություն, ձեր շնորհիվ իմ երեխան հայ երգ է սկսել լսել ու երգել։ Դե, ուրեմն, ես մի բան արել եմ: Այլ հարց է, որ փոքր երեխան չպիտի Սայաթ-Նովա երգի, բայց նա գոնե հայ երգ է երգում: Անկեղծ ասած, ես ինքս եմ աշուղական երգից ու Սայաթ-Նովայից մի քիչ հոգնել: Շատ եմ սիրում, բայց հոգնել եմ: Հիմա բոլորովին նոր երգեր եմ ձայնագրելու, հիմնականում երիտասարդ կոմպոզիտորների երգեր են լինելու: Բայց նոր կոմպոզիտորների հետ աշխատելը շատ դժվար է, նրանց համար գլխավորը մաթեմատիկական հաշվարկն է` այսքան գումարն այսպիսի երգ է նշանակում, նրանք սարքում են երգերը, այլ ոչ թե` հորինում են: Արթուր Գրիգորյանի նման կոմպոզիտորներ հիմա չկան: Բայց նա ինձ մի քանի երգ է խոստացել, ես սպասում եմ:

– Սովորաբար Հայաստանում հայտնի երգիչները նույն հաջողությունը Սփյուռքում չեն ունենում եւ հակառակը` սփյուռքահայերն այստեղ սիրելի չեն դառնում: Կարծես միայն դուք եւ Թաթան երկու կողմում հաջողություն ունեք: Ինչո՞ւ է այդպես:

– Չեմ կարող ասել` ինչո՞ւ: Սփյուռքն էլ է տարբեր. կան բեյրութահայեր, պարսկահայեր, ամերիկահայեր, նրանք բոլորն էլ տարբեր երաժշտություն են սիրում: Թաթան սիրելի է, որովհետեւ նրա երաժշտությունը ուրախ ու զվարթ է: Իսկ իմ երաժշտությունն ավելի մոտ է արեւելյան ժողովուրդներին:

– Դու երկար ժամանակ Սիրիայում ես աշխատել: Ի՞նչ տվեց այդ փորձը:

– Այդ երկու տարիները շատ-շատ պետք էին, ինձ մեծ փորձ տվեցին, լրիվ փոխեցին իմ կյանքը: Երբ վերադարձա, արդեն հստակ հասկանում էի` ո՞րն է իմ նպատակը: Իմ հաջողության մեծ մասն այդ տարիներն էին: Կարելի է ասել, որ ես «ջրի պես» հասկացա` ի՞նչ է պետք Սփյուռքին, ինչո՞վ է նա ապրում: Կարելի է երգչին առաջ հրել, երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել նրա համար, եւ երգիչը հայտնի կդառնա: Բայց եթե հովանավորները նրան մենակ թողնեն, նա ի՞նչ պիտի անի: Այսքան երգիչ ունենք, նրանցից ո՞ր մեկը կարող է հաճախ Սփյուռք գնալ եւ դահլիճ հավաքել: Օրինակ, այսօր միայն ինձ ու Թաթային են մեր խմբերով համերգների հրավիրում: Ընդհանրապես, արտիստին հրավիրելը շատ թանկ գործ է, սովորաբար հրավիրողներն ասում են` եկեք ձեր «մինուսային» ձայնագրություններով, որովհետեւ գնալ-գալու տոմսը շատ թանկ է: Ավելի հեշտ է մի հոգու հրավիրել, քան հինգ-վեց հոգանոց երաժշտական խումբը: Արդեն մի քանի տարի է, ինչ ես առանց իմ խմբի ոչ մի տեղ չեմ գնում: Դա ինձ համար սկզբունքային հարց է:

– Զգո՞ւմ ես, որ մարդիկ հիմա բավականին անտարբեր են դարձել:

– Հիմա շատ բան է արժեզրկվել: Ե՛վ կոչումները, եւ՛ վերաբերմունքը: Արտիստին փողոցում տեսնելով, մարդիկ քմծիծաղով ասում են` հա, տեսա՞ր, ասենք, Նունեն էր: Երբ մենք էինք արտիստին, դերասանին փողոցում հանդիպում, վատանում էինք, շփոթվում, չէինք իմանում` մոտենա՞լ, չմոտենա՞լ, ասե՞լ, որ նրան շատ սիրում ու հարգում ենք, թե՞ ամոթ է: Մենք մի տեսակ ամոթխածության զգացում ունեինք, իսկ հիմա ջահելները նման բաներ չեն զգում, ուրիշին հարգելը նրանց պետք չէ, նրանք մտածում են` հա, տեսա՞ր, մի մեծ բան է:

– Շատերն ուրիշի հաջողությանը նախանձում են: Կարծում են, որ իրենք ավելի շնորհալի են, իսկ հաջողությունն ուրիշին` ավելի անարժանին եւ պատահաբար է բաժին հասել: Եվ հենց քո կոլեգաներն են նախանձում:

– Ոչ միայն երգիչներն են նախանձում, այլ` ուրիշ բնագավառների մարդկանց սիրտն էլ է հաճախ նախանձից կանգնում, երբ տեսնում են, որ դիմացինն ավելի հաջողակ է, քան իրենք: Ընդհանրապես, նախանձելու հատկությունը շատ բնորոշ է հայերին: Իսկ երգիչների շրջանում նախանձն ահավոր աստիճանի է հասել, մանավանդ վերջին մի քանի տարիների ընթացքում: Իմ ետեւից ինչ ասես ասում են: Ասում են, որ գոռոզ եմ, քիթս ցցած եմ քայլում, երգել չգիտեմ, սպոնսորներ ունեմ: Այո, սպոնսոր ունեցել եմ, հիմա էլ ունեմ, մինչեւ հիմա իմ կողքին է: Բայց այդ սպոնսորն իմ կարիերայի միայն առաջին տարիներին է օգնել, սարքավորումներ է ձեռք բերել, աջակցել է, որպեսզի ես խումբ ունենամ: Բայց վերջին յոթը տարիներին ես մենակ եմ աշխատում, համերգներով ու ձայներիզների վաճառքով եմ ապրում ու իմ խումբն եմ պահում: Ընդ որում, ձայներիզների վաճառքը եւ Ամերիկայում, եւ Հայաստանում անընդհատ հսկողության տակ եմ պահում: Եթե մի քիչ թուլացնեմ հսկողության չափը, «պիրատները» գլուխ կբարձրացնեն: Այդ հարցում ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի:

– Նույնիսկ պետության եւ օրենքների՞ վրա…

– Պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը կօգնի: Ամեն մեկը պետք է ինքնուրույն աշխատի եւ ոչ մի դեպքում ուրիշին չնախանձի: Ի՞նչ է ինձ տվել պետությունը: Ոչինչ: Շատերին նախագահը տներ, մեքենաներ է տվել, ինձ երբեք ոչ մեկը ոչինչ չի տվել: Ինչ որ ունեմ՝ իմ աշխատած փողերով եմ գնել: Եվ երբ ինձ նախանձում են, թող սկզբից հասկանան` ինչի՞ն են նախանձում: Պետությունը Շուշան Պետրոսյանին, Արամոյին, Ֆորշին տուն տվեց: Ինչո՞ւ են հենց ինձ նախանձում:

– Գուցե լա՞վ է, որ պետությունը տուն է տալիս, ուրեմն արժեւորում է այդ արտիստին:

– Ոչ, այդպես չպետք է լինի: Ինչո՞ւ պիտի պետությունը տուն տա: Դա ծիծաղելի է հնչում: Մայքլ Ջեքսոնին հո պետությունը տուն չի՞ գնել, նա ինքն է գնել: Եթե ընտրել ես երգը, ուրեմն` աշխատիր եւ ունեցիր այն, ինչ ուզում ես: Եթե չես կարողանում երգելով ապրել, նստիր ու մտածիր` ինչո՞ւ է այդպես: Հնարավոր է, որ դու լավ երգիչ չես կամ լավ մենեջմենթի կարիք ունես: Պետությունը կամ նախագահը հո չե՞ն ստիպել քեզ երգել, դու ինքդ ես այդ որոշումը կայացրել: Դա սովետական ժամանակների մոտեցում է, երբ մտածում ես, որ պետությունը պետք է ինձ տուն տա, որպեսզի ես լավ ստեղծագործեմ: Այ, եթե քեզ հարգելով են նման ժեստ անում, դու ասում ես` շնորհակալություն, բայց չես կարող խնդրել, բացատրել, որ վատ վիճակում ես ու քեզ տուն է հարկավոր, եւ պետությունը պարտավոր է քեզ տուն տալ: Ոչ, ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ: Շոու-բիզնեսը նաեւ բիզնես է:

– Քո նախաձեռնությամբ բացված գեղեցկության սրահը կարելի՞ է հաջող բիզնես անվանել:

– Վարսավիրանոցն ինքն իրեն շատ լավ պահում ու արդարացնում է: Եվ դա` այն դեպքում, երբ ես ոչինչ չեմ անում: Եթե ես իսկապես մտնեմ այս բիզնեսի մեջ ու ինչպես ասում են` «մատս անընդհատ այստեղ լինի», համոզված եմ, որ եկամուտը կկրկնապատկվի: Հիմա այնտեղ իմ եղբայրը ու իր ընտանիքն է աշխատում, ես պարզապես նրանց համար աշխատատեղ եմ բացել:

– Երգերից մեկում այսպիսի բառեր կան. «Չեմ կարող սիրել կիսաձայն»: Սերն իսկապես այդպիսի՞ զգացմունք է:

– Ես հիմա հանդիպել եմ մի մարդու, ում շատ սիրում եմ ու երջանիկ եմ նրա հետ: Ես իսկապես սիրո մասին լռել չեմ կարող: Նույնիսկ փողոցում քայլելիս կարող եմ համբուրվել: Շատերն ասում են, որ դա ամոթ է: Բայց ես այդպիսին եմ, եթե այդ պահին ուզում եմ գրկել իմ տղամարդուն, անպայման գրկում եմ, ով ինչ ուզում է` թող մտածի: Սերն ամոթալի չէ ու սիրելու համար պարտադիր չէ տուն գնալ, փակվել ու թաքուն սիրել իրար: Սերն ամեն տեղ ամեն պահի ծնվող էմոցիա է: