Իրականում «Հայֆեստը» երկու մարդու շնորհիվ է կայանում` դերասան Արթուր Ղուկասյանի (նա է հիմնադրել Հայ Դերասանների Միությունը) եւ Լեւոն Աբրահամյանի (ղեկավարում է «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնը): «Հայֆեստն» անցնելու է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բարձր աջակցությամբ: Կազմակերպիչների համար գումարային խնդիրները թերեւս ամենալուրջ մտահոգությունն են: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի ճաշակը, փորձն ու կապերը հայ հանդիսատեսին թույլ են տալիս ծանոթանալ բոլոր այն թատերական նորություններին, որոնցից մեր նիրհող թատրոնը շատ հեռու է: «Ներկայացումները բազմաբնույթ ու բազմաթեմատիկ կլինեն: Փառատոնի նպատակը ավանգարդ բերելն է: Ուզում ենք, որ հանդիսատեսը տեսնի, որ թատրոնը միայն «դրամատիկ» ոճով դրամա խաղալը չէ, այն վաղուց արդեն նոր արտահայտչամիջոցներ է օգտագործում»,- ասում է նա եւ նշում, որ փառատոնի շրջանակներում ցուցադրվող ներկայացումները ոչ միշտ են միանշանակ ընդունվում. «Մարդիկ կան, որոնք ասում են` էշություն է, մարդիկ էլ կան, որոնք ասում են` կեցցեք, հիանալի է»: Ներկայացումների ընտրության հարցում կարեւորվում է ոչ միայն տաղանդն ու նորարարությունը, այլեւ` թատերախմբերի փոքրաքանակ ու ոչ շատ թանկ լինելը, քանի որ հայկական կողմը պետք է հյուրերին նաեւ հոնորար վճարի: Սակայն փառատոնը նաեւ նոր հրավերների շանսեր է տալիս, այդ պատճառով էլ փառատոնի նախագահը ցանկանում է՝ որքան հնարավոր է, շատ հայկական թատրոններ ներգրավել, որոնց բեմադրությունները կտեսնեն պրոդյուսերներն ու տնօրենները: «Թեեւ մենք Հայաստանի բոլոր թատրոններին փառատոնին մասնակցելու հրավերներ ենք ուղարկել, սակայն քչերն են մասնակցելու, քանի որ նոր ներկայացումներ չեն արվել: Ցուցադրելու ենք այն, ինչ ունենք»»- ասաց Ա. Ղուկասյանը: Փառատոնի ֆինանսական հարցերով զբաղվող Լ. Աբրահամյանի ցանկությունը հայ ռեժիսորներին դահլիճում տեսնելն է. «Մեր ռեժիսորները թատրոն գալն ու մեր ներկայացումները դիտելն ամոթ բան են համարում, քանի որ իրենք իրենց ավելի բարձր են համարում»: Ա. Ղուկասյանն ավելացնում է. «Խնդիրը մեր ռեժիսորների գավառամտությունն է, որը գոռոզություն է դառնում»: Իսկ աշխարհին թարմ բեմադրություններով ներկայանալու համար պետք է առաջին հերթին ծանոթ լինել այդ թարմությանը, նորույթներն ընդունել կամ չընդունելը երկրորդական հարց է: Ժամանակակից դրամատուրգիան խթանելու համար «Հայֆեստի» շրջանակներում սեմինար է անցկացվելու: «Դրամատուրգներ կան, ովքեր չեն գրում, ասելով` իսկ ինչի՞ համար գրեմ: Իսկ այն մարդիկ, ովքեր գրում են, չեն կարող հետաքրքիր լինել Ռեյկյավիկում կամ Գլազգոյում: Սեմինարը կօգնի նրանց: Պատկերացրեք, որ մարդը ծարավ է, բայց չգիտի, որ ծարավը հագեցնելու համար իրեն ջուր է հարկավոր, ու ստիպված ամեն օր գարեջուր է խմում: Նրան ոչ թե մի արկղ ջուր է պետք ուղարկել, այլ` ասել, որ ջուր կա»,- ասաց Ա. Ղուկասյանը, ում համոզմամբ` ջուրը հենց հանդիսատեսի հետաքրքրությունն է:
ՀՀ Մշակույթի նախարարությունը չի աջակցում փառատոնին, Ա. Ղուկասյանի ասելով` դա արդեն ավանդույթ է դարձել, սակայն նա դրական բաներ եւս տեսնում է. օրինակ, փառատոնի բացման եւ ներկայացումների համար անվճար իր բեմն է տրամադրելու Տիկնիկային թատրոնը: «Զարմանալի է, որ Սունդուկյանի անվան թատրոնը փառատոնի բացումն անցկացնելու համար այս տարի մեզանից երկու անգամ ավելի մեծ գումար պահանջեց, քան անցյալ տարի: Այդ գումարը վճարել մենք չկարողացանք»,- ասում է Ա. Ղուկասյանը: Իսկ փառատոնային տասն օրերի ընթացքում օգտագործվելու է 11 բեմահարթակ, ներառյալ՝ Արտաշատի թատրոնի բեմն ու բացօթյա հարթակները: «Հայֆեստը» փորձելու է հնարավորինս շատ բացօթյա բեմեր օգտագործել՝ դրանով իսկ ավելի ժամանակակից ու դեմոկրատական բնույթ տալով փառատոնին: