«Փորձում են վերեւից «հեղափոխություն» իրականացնել»

07/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Շարունակ պնդում եք, թե պետք է անել «Սահմանադրական ճանապարհով»:
Կարո՞ղ եք հստակ ձեւակերպել, թե ինչպես եք ձեր նշած ճանապարհով փորձելու
հասնել փոփոխության: Մանավանդ, երբ ինքներդ եք ասում, որ այս
իշխանությունները Սահմանադրությունը խախտելով են հասնում իրենց
նպատակներին:

– Ես բազմիցս նշել եմ, որ այս իշխանությունների համար Սահմանադրություն
խախտելն առօրյա գործելակերպ է: Ինչ վերաբերում է սահմանադրական
ճանապարհին, ապա պետք է ասեմ, որ այն նեղ հասկացություն չէ, եւ ժողովրդի
ընդվզումն ապօրինի ռեժիմի դեմ նույնպես տեղավորվում է այդ հասկացության
մեջ: Խոսքն այն մասին է, որ սահմանադրական կարգի վերականգնումը մեր
երկրում պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ առանց արյունահեղության:
Այո՛, միջոցները մեզ համար նույնքան կարեւոր են, որքան նպատակները: Իսկ
այն մարդիկ, որոնք հեգնում են այդ ճանապարհը, թող այլ ճանապարհներ
առաջարկեն ու դրանով հասնեն ինչ-որ արդյունքների: Ես գիտեմ ա՛յդ
ճանապարհը, այդ ճանապարհից չեմ շեղվելու, եւ այդ ճանապարհով մենք հաղթելու
ենք: Հասկանալի է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն
արդարացիորեն պահանջում է, որ օրինական իշխանության հաստատումը մեր
երկրում լինի հնարավորինս արագ, մենք էլ, բնականաբար, ամեն ինչ անելու ենք
հասարակության ակնկալիքներն իրականացնելու համար: Կարեւոր է, որ բոլորը
հասկանան, որ իրենցից է ինչ-որ բան կախված, եւ պետք է ոչ միայն պահանջել
կամ պասիվ դժգոհել, այլեւ ակտիվ մասնակցել:
– Չե՞ք գտնում, որ ձեր մատնանշած ճանապարհի անհեռանկարայնությունն է
ստիպում դաշինքի որոշ կուսակցությունների միանալ քաղաքական նոր ֆորմատների:

– Միանշանակ է, որ այս ռեժիմի դեմ պայքարը պահանջում է ուժերի համախմբում,
եւ նման օրինակ եղել եւ մնում է հենց «Արդարություն» դաշինքը: Ես գտնում
եմ, որ նպատակային ֆորմատները, ավելի ստույգ՝ դաշինքները, առհասարակ
ստեղծվում են ընտրությունների ժամանակ: Պետք է հարգել ժողովրդին, որն իր
քվեն տվել է «Արդարությանը», եւ առաջին հերթին պետք է ամեն ինչ անել
դաշինքի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Եթե ինչ-որ
քաղաքական ուժեր մտադիր են նոր դաշինքներ ձեւավորել՝ իրենց գործն է: Բայց
ակնհայտ է, որ նրանք միաժամանակ երկու դաշինքներում լինել չեն կարող: Դա
անհեթեթ է։ Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք կոնկրետ խնդիրների շուրջ,
առանց պայմանական ֆորմատների, համագործակցել ամենատարբեր ուժերի հետ:
Կարեւորը ազնվությունն է հարաբերություններում:
– Ռ. Քոչարյանը սկսել է ակտիվ պայքարել կոռուպցիայի դեմ: Չե՞ք գտնում,
որ ձեր պասիվությունից օգտվելով՝ իշխանությունը փորձում է ստանձնել նաեւ
ընդդիմության դերակատարումը եւ հասարակությանն ապացուցել, որ իրենք եւս
պատրաստ են պայքարել այն թերությունների դեմ, որոնց մասին ընդդիմությունն
ահազանգում էր:

– Կոռուպցիայի մեջ խրված իշխանությունը չի կարող պայքարել կոռուպցիայի
դեմ: Դրանք ընդամենը դեկլարացիաներ են, ոչ ավելին: Երբեմն ընդդիմությանն
ուզում են դատախազական ֆունկցիաներ վերագրել: Կոռուպցիայի դեմ պայքարն
իշխանությունների գործը պետք է լինի, բայց ակնհայտ է, որ այս
իշխանությունները չեն կարող դա իրագործել, որովհետեւ կոռուպցիան հենց
իշխանության ամենավերին էշելոններում է: Հասարակության համար պարզ է, թե
ովքեր են կանգնած դրա հետեւում: Երբ ասվում է, թե «այլեւս այսպես չի
լինելու, որեւէ մեկին որեւէ զիջում չի արվելու», դրանով իսկ ընդունվում է,
որ այդ ամենը կա եւ տարիներ շարունակ բարգավաճել է հենց այս իշխանության
օրոք: Կոռուպցիայի դեմ կարող է պայքարել ժողովրդի քվեն ստացած անկաշկանդ
իշխանությունը, ոչ թե այն իշխանությունը, որը պատանդ է ինչ-որ
խմբավորումների ձեռքում: Ի վերջո, այդքան խոսելու փոխարեն՝ կարելի էր
պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ խրված գոնե մեկին եւ բերել
մեկ օրինակ:
– Հետեւաբար, ինչպե՞ս եք բացատրում նրա այդ գործողությունները:
– Փորձ է արվում ստանալ հանրային աջակցությունը: Այսպես ասած, վերեւից
«հեղափոխություն» իրականացնելու միջոցով: Բնականաբար, դրան չի կարելի
լուրջ վերաբերվել:
– Ռ. Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը համոզմունք էր հայտնել,
թե այդ գործողություններից հետո ընդդիմությունն այլեւս ստիպված կլինի
արմատական ընդդիմությունից դառնալ ընդդիմախոս: Հնարավոր համարո՞ւմ եք նման
զարգացումները:

– Թող քայլերն անեն, հետո խոսեն:
– Պարոն Դեմիրճյան, ակնհայտ է, որ դուք ընդդիմություն չէիք լինի, եթե
չլիներ «Հոկտեմբերի 27»-ը: Եթե իշխանություններն այդ հարցում այլ
վերաբերմունք դրսեւորեին, դուք կհամագործակցեի՞ք նրանց հետ, ինչպես Կարեն
Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:

– Սկսենք նրանից, որ եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, ապա այսօր մեր երկիրը
բոլորովին այլ վիճակում կլիներ, եւ էական առաջընթաց արձանագրած կլինեինք:
Այս իշխանություններն ամեն ինչ արեցին «Հոկտեմբերի 27»-ը կոծկելու համար,
եւ դա միայն մեր գնահատականը չէ: Ընդդիմադիր լինելը, բնականաբար,
ինքնանպատակ չէ, եւ ինքնանպատակ չենք հակադրվում նրանց: Բայց մենք չենք
կարող չհակադրվել այնպիսի քաղաքականությանը, որի հետեւանքով մեր
բնակչության մեծամասնությունը հայտնվել է անելանելի վիճակում. երկրում
ծաղկում են կոռուպցիան, անօրինականությունն ու անարդարությունը: Մենք չենք
կարող համակերպվել կեղծիքների եւ բռնությունների հետ: Մեր
տարաձայնությունները պայմանավորված չեն միայն «Հոկտեմբերի 27»-ով: Մենք
իսկապես տարբեր ենք եւ տարբեր աշխարհայացքներ ունենք: ՀԺԿ-ն
հնարավորություններ ուներ լինելու իշխանության մեջ, սակայն մենք այդ
սկզբունքային տարաձայնությունների պատճառով տարբեր դաշտերում ենք եւ՝ ոչ
միայն «Հոկտեմբերի 27»-ի պատճառով: Մեզ այս իշխանության հետ նույնացնելն
անհեթեթություն է:
Ավելորդ է նույնիսկ նշել, որ այս ամենի հետ չէր կարող համակերպվել Կարեն
Դեմիրճյանը, որի մեջ ժողովուրդն այլընտրանք էր տեսնում այս
իշխանություններին: