Նախորդ շաբաթվա վերջին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է 10-րդ «Բերթելսման» ֆորումին, որի բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն եւ Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադը:
Այս ֆորումն անց է կացվում երկու տարին մեկ անգամ եւ նպատակ ունի երկխոսություն հաստատել Եվրոպայի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ ինֆորմացիոն շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ՝ աշխարհամասի ապագայի վերաբերյալ: Նախորդ շաբաթ անցկացված հերթական ֆորումը, որին ներկա են եղել 100-ից ավելի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը եւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, անցկացվել է «Եվրոպայի ռազմավարական պատասխանները» խորագրի ներքո: Ի դեպ, վերոնշյալ ֆորումին Ադրբեջանը ներկայացել է նախագահի մակարդակով: Բեռլինում Ադրբեջանի նախագահը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի հետ: Հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ի. Ալիեւը կարեւորել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Գերմանիայի ակտիվացումը: Day.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն էլ հայտարարել է, թե համեմատած եվրոպական այլ երկրների հետ` Գերմանիան Լեռնային Ղարաբաղի հարցում «ավելի օբյեկտիվ տեղ է զբաղեցնում»: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ տարածվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների քանակի հնարավոր ավելացման մասին եւ հնարավոր նոր անդամների թվում նշվում էին Գերմանիան եւ Թուրքիան: Ինչեւէ, Կոսովոյի հիմնահարցի քննարկումների ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի կարելի ժողովուրդներին պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով զրկել ինքնորոշման իրավունքից: «Եթե աշխարհն առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա»,- Բեռլինում հայտարարել է Վ. Օսկանյանը եւ հավելել, թե միեւնույն ժամանակ, պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնց հիմնական սկզբունքը կլինի այն, թե «արդյոք պետությունն ունի՞ գոյատեւման բարոյական հեղինակություն», սակայն նախարարը չի մանրամասնել, թե ի՞նչ ասել է «գոյատեւման բարոյական հեղինակություն»: Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, թե Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության արդյունավետ իրագործումը, հակամարտություններին գործնական մոտեցումները եւ սեւծովյան տարածաշրջանի ամբողջականությունն ու գործառնականությունն են Եվրոպայի համար տարածաշրջանի լակմուսի թուղթը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, «Բալկաններ-Սեւ ծով՝ լակմուսի թուղթ Եվրոպայի համար» թեմայով քննարկմանը մասնակցել են նաեւ Բուլղարիայի եւ Ռումինիայի նախագահներն ու Մոնտենեգրոյի վարչապետը: Բեռլինից Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին: Երեկ Երեւանի ժամանակով ուշ երեկոյան նախատեսված էր Վ. Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Նյու Յորքում նախատեսված է նաեւ Վ. Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: