Սեպտեմբերի 23-ի երեկոյան «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, «Նաիրիտ 1» եւ «Նաիրիտ 2» քիմիական ձեռնարկությունների ջրահեռացման համակարգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել: Վնասվել են նաեւ ջրագծերն ու կոյուղատարը, ինչպես նաեւ մերձակայքի 6 ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19:07-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշատի խճուղուն հարակից Նորագավիթ թաղամասի գերեզմանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն: Այն կատարվել է Նորագավիթ-Այնթապ ավտոճանապարհին հարակից տարածքում` «Նաիրիտ» ՓԲԸ կոլեկտորի խողովակաշարում եւ մի քանի դիտահորում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել կոլեկտորի 12,2 կիլոմետր ստորգետնյա փակ հատվածում, որն ընդգրկում է Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի եւ Արարատի մարզի Մասիսի ենթաշրջանի Այնթապ գյուղի տարածքները: Պայթյունի հարվածային ալիքն ավերել է կոլեկտորի՝ Նորագավիթի տարածքով անցնող հատվածի 9 եւ Այնթապ գյուղի տարածքով անցնող հատվածի 13 դիտահորերը, ինչպես նաեւ Նորագավիթի տարածքով անցնող թիվ 3 մայրուղային ջրատարը: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Երեւան-Արտաշատ մայրուղու Երեւան-Մասիս հատվածի «Կոնտինենտալ» համալիրի մոտ գտնվող ճանապարհահատվածը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓԾ հատուկ փրկարար եւ քիմիական հետախուզման խմբերը` ՀՓԾ տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ Բնապահպանության նախարարության մասնագետները, «Երեւան-գազ» ՓԲԸ, «Երեւան-ջուր» ՓԲԸ վթարային ծառայությունները:
Դեպքի վայր մեկնած Փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության քիմիական կենսաբանական լաբորատորիայի աշխատակիցների կողմից շրջակա օդից, հողից եւ ջրից վերցվել են փորձանմուշներ՝ քիմիական նյութի բաղադրությունը պարզելու համար:
Նույն օրը ժամը 23:45-ին տեղեկություն է ստացվել, որ պայթյունի հետեւանքով միջին աստիճանի մարմնական վնասվածքներով Երեւանի Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտ է տեղափոխվել Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 5 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ՝ 1976թ. ծնված Գագիկ Մալխասյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը միջին ծանրության է:
Դեռեւս հայտնի չէ, թե պայթյունն ինչ հետեւանքներ կարող է թողնել շրջակա միջավայրի վրա: «Նաիրիտ 1» գործարանից մեզ պատասխանեցին, որ այժմ ոչինչ ասել չեն կարող: «Երբ համապատասխան հանձնաժողովն իր եզրակացությունը հրապարակի, ձեզ համար ամեն ինչ հասկանալի կլինի»,- նշեցին գործարանից: Ինչպես տեղեկացանք Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանից, այժմ տեսչությունն ուսումնասիրություն է անցկացնում` կոլեկտորում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու համար: «Ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, եւ մենք նախնական վարկած չունենք, թե ինչ նյութ կարող է թափված լինել, կամ ինչ հետեւանքներ կարող է պայթյունն ունենալ»,- մեզ հետ զրույցում նշեց Մ. Քամալյանը:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: