Սփյուռքը մտահոգված է ՀՀ-ում ֆինանսական հոսքերի թափանցիկության խնդրով

29/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Չես զգում, որ կարեւոր տեղ ես եկել: Դժբախտաբար ես այդպես եմ զգում: Նեղանում են, բայց ի՞նչ անենք: Պետք է սպիտակին սպիտակ ասենք, սեւին՝ սեւ: Առաջին օրվա բոլոր ճառախոսներինը պատճենված ելույթներ են. նույն բանը, նույն բանը»,- «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի մասին երեկ ՄԱԱ-ում ասել է խորհրդաժողովի մասնակից, Լոս Անջելեսում լույս տեսնող անգլիալեզու «Արմենիան օբսերվերզ» շաբաթաթերթի խմբագիր Օշին Քեշիշյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդաժողովի մասին կարելի է շատ բան ասել. թեմաները լավն են, ասելիք կա, բայց երրորդ ժողովն է, ու ոչ մի տարբերություն չկա առաջին ժողովի համեմատ: «Ոչ մի որոշում, ոչ մի հետեւողականություն»,- ընդգծել է Օ. Քեշիշյանը: Ըստ նրա, «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովները զուրկ են հաջորդական տրամաբանությունից: «Առաջին ժողովն այլ թեմա էր, երկրորդը` մեկ այլ, երրորդը` բոլորովին այլ: Գյուղերի վերականգնումը նո՞ր եկավ մտքներիդ, ա՛յ ղեկավարություն, նո՞ր միտքներդ եկավ, որ գյուղերը կարեւոր են: Իսկ եթե գյուղերը կարեւոր են, ինչպես մեր նախարարը` Օսկանյանը հայտարարեց, հովանավորներ են գտել գյուղերի համար: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ եք ժողով անում, դրամը հատկացրեք` նորոգեք գյուղերը»,- հարցնում է նա: «Արմենիան օբսերվերզ»-ի խմբագիրը դժգոհել է նաեւ կազմակերպական աշխատանքներից, այն առումով, որ քննարկումներն ավելի շատ ձեւական հավասարակշռության խնդիր էին լուծում, քան մասնագիտական աշխատանքի:

«Այսինքն, եթե մեկը դաշնակցական խոսեց, մի հատ էլ ռամկավար պետք է խոսի, մեկ հատ էլ հնչակյան պետք է խոսի: Եղբայր, եթե մասնագիտական թեմա կա, եւ մասնագետ է մարդը, պրոֆեսիոնալ` տնտեսագետ, սոցիոլոգ, նա թող խոսի: Օրինակ, եթե Կարմիր խաչից մեկը խոսի, կապույտ խաչից էլ պետք է խոսի: Դա բալանս պահելու ծիծաղելի մի բան է»,- կարծում է Օ. Քեշիշյանը: Նա, ընդհանրապես կարծում է, որ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովներ կազմակերպելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ բացակայում են դրա որոշումները կամ ծրագրերն իրագործող համակարգված կառույցները: «Ես չեմ կարծում, թե սփյուռք-հայրենիք ժողով կարելի է անել: Այն իմաստով, որ Հայաստանը պետություն է, օրենք ունի, կարող է ստիպել այս կամ այն անել: Այսօր, եթե պատահի, որ որոշում ընդունվեց, Լոս Անջելեսի մեջ ո՞վ պետք է կատարի այդ որոշումը: Կառույցը չկա»,- նշում է նա ու հավելում, թե վերջին երկու խորհրդաժողովների ժամանակ «Հայաստան-Սփյուռք» կազմկոմիտեի մեջ սփյուռքից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: «Ու ոչ էլ հարցնում էին, թե ինչի մասին խոսենք: Գալիս ես, սա է թեման, վերջացավ»,- ասում է «Արմենիան օբսերվերզ»-ի խմբագիրը: Վերջինս նաեւ այն կարծիքին է, որ 1000 հոգանոց հավաքը չի կարող որեւէ էական արդյունք տալ, քանի որ սփյուռքն իրականում բազմաշերտ է եւ շատ տարբեր: Օ. Քեշիշյանի գնահատմամբ՝ ամերիկահայերը, ֆրանսահայերը, իրանահայերը եւ այլ երկրների հայազգի քաղաքացիները խնդիրների մասին ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր պատկերացում եւ աշխարհընկալում, իրենց երկրներում ունեն հարց լուծելու, պետական մարմինների հետ շփվելու հնարավորության տարբեր մակարդակ: Երեկ Օ. Քեշիշյանը նաեւ հայտարարել է, թե սփյուռքը բավական մտահոգված է Հայաստանում ֆինանսական հոսքերի, ներդրումային եւ բարեգործական ծրագրերի թափանցիկության խնդրով: Ըստ նրա, թափանցիկության խնդիրը նույնիսկ պատճառ է դարձել, որպեսզի շատ սփյուռքահայեր հրաժարվեն Հայաստանում ներդրում կատարելու մտքից: Փաստելով, որ կան բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ սփյուռքի գործարարը Հայաստանում կատարել է հաջողված ներդրում եւ հասել է զգալի հաջողության, Օ. Քեշիշյանը նշել է, թե կան նաեւ շատ դեպքեր, երբ մարդիկ ուղղակի զայրացել են Հայաստանի ներդրումային դաշտի իրավիճակից: Նա նշել է իր ծանոթ կանադահայ գործարարի մասին, ով զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ եւ մաքսատանը բազմաթիվ խնդիրներ է ունենում: «Արմենիան օբսերվերզ»-ի խմբագիրը, առանց անուններ նշելու, ասել է նաեւ, թե բազմաթիվ օրինակներ կան, որ մարդիկ հիասթափվում են ու էլ չեն ուզում ոտք դնել Հայաստան: «Մարդը կանգնած տեղը 5 միլիոն կորցրեց: Երբ խոսում ես, ասում է` վերջ, այլեւս ոտք չեմ դնելու Հայաստան: Կարեւոր ներդրում անողներ են, որ այսպես հիասթափվել են, որ արդյունք չեն տեսնում»,- ասել է Օ. Քեշիշյանը: