37%-անոց տնտեսական ա՞ճ

29/09/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ներկայացրել է 2006թ. առաջին 8 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Չէ, պետք չի ոգեւորվել, ԱՎԾ-ն պաշտոնապես այդպիսի թիվ չի հրապարակել։ Վիճակագիրների ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշը 2006թ. հունվար-օգոստոսի համար կազմել է 11.3 տոկոս։

Ճիշտ է, օգոստոսին ՀՆԱ-ն հուլիսի նկատմամբ անգամ նվազել է 3.2%-ով, սակայն մենք ստորակետից առաջ դեռ երկու նիշ ունենք։ 30% եւ ավելի աճ արձանագրելու դեպքում մեր թռիչքները կլինեին ոչ թե «վագրաձեւ», այլ, թերեւս, «ծղրիդաձեւ»։ Իհարկե, ծղրիդը շատ մեծ տարածություն չի ցատկում, սակայն այդ տարածությունը մի քանի տասնյակ անգամ մեծ է նրա մարմնի երկարությունից։ Այնպես որ, թռիչքունակության առումով այս փոքրիկ միջատը մի քանի գլուխ բարձր է վագրից։ Կարծում եմ՝ ապագայում մեր երկիրը պետք է ձգտի արժանանալ հենց այսպիսի բնորոշման։

Այս դեպքում, իհարկե, ձեզ մոտ հարց առաջացավ՝ իսկ որտեղի՞ց ենք հնարել վերնագրում հայտնված թիվը։ Բանն այն է, որ մեծ ցանկություն ունենալու դեպքում մենք կարող ենք անգամ այսպիսի թիվ ներկայացնել։ Ավելի ճիշտ, ոչ թե ուղղակիորեն նշենք, այլ ուղղություն ցույց տանք, որ վիճակագրությանը հետեւողը մեր տնտեսության մասին հենց այսպիսի կարծիք կազմի։ Սա կարելի է կիրառել հատկապես օտարերկրացիների, եւ մասնավորապես՝ սփյուռքահայերի նկատմամբ։ Պարզաբանենք, թե ինչպես։

Դիցուք, ԱՄՆ-ում կամ Կանադայում ապրող մեր սփյուռքահայ բարեկամը, որն ակտիվ մասնակցություն է ունենում տարին մեկ կամ մի քանի անգամ կազմակերպվող հանգանակություններին՝ հանուն մայր հայրենիքի, որոշում է աչքի անցկացնել Ազգային վիճակագրական ծառայության կայքէջը։ Ոչ թե նրա համար, որ «թվերի լեզվով» կարողանա «ջախջախել» իշխանությունների փաստարկներն առաջընթացի մասին, այլ ինքն իր համար։ Որպեսզի պարզի, թե այդքան օգնություններ ստացող Հայաստանն, այնուամենայնիվ, ինչ հաջողություններ է արձանագրում։

Նշենք, որ այս ամենի մեջ գլխավոր ենթադրությունն այն է, որ ՀՀ Կենտրոնական բանկի հորդորները նրա վրա չեն ազդում, եւ նա իր հաշվարկներն ու դատողություններն անում է դոլարով։ Եվ այսպես, մեկ տարի առաջ այս օրը նա կարդում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2005թ. հունվար-օգոստոսի համար կազմում է 1 տրիլիոն 160 միլիարդ 292.8 միլիոն դրամ։ «Տրիլիոնը» տպավորիչ է, սակայն Նյու Յորքում ապրող մարդուն «դրամ» բառը ոչինչ չի ասում, եւ նա այդ գումարը վեր է ածում դոլարի։ Ինչպե՞ս՝ շատ հեշտ։ Բացում է Կենտրոնական բանկի կայքէջն ու տեսնում, որ մեկ դոլարն արժե 447.46 դրամ (2005թ. սեպտեմբերի 26-ին)։ Պարզ մաթեմատիկայի օգնությամբ պարզ է դառնում, որ 8 ամիսների ՀՆԱ-ն կազմում է 2 միլիարդ 593 միլիոն դոլար։ Դե, բնական է, չես համեմատի ԱՄՆ-ի հետ, սակայն մերն էլ դա է։ Մի խոսքով, գրանցում է այդ թիվը մի որեւէ տեղ եւ որոշում մեկ տարի հետո նորից նայել նույն ցուցանիշը։

Անցնում է մեկ տարի։ Սեպտեմբերի 21-ին մեզ արդեն ծանոթ սփյուռքահայն արբանյակային հեռուստատեսությամբ դիտում է ռազմական շքերթը, հոգին լցվում է աննկարագրելի հպարտությամբ… եւ հանկարծ հիշում է իր գրած թվի մասին։ 2 միլիարդ 593 միլիոն։ Որոշում է նայել նաեւ այս տարվա 8 ամիսների ցուցանիշը՝ 1 տրիլիոն 370 միլիարդ 875.2 միլիոն դրամ։ Հիշելով նախկին փորձը՝ այս գումարը նորից վեր է ածվում դոլարի։ Տարբերությունը միայն այն է, որ եթե ԱՄՆ-ում ապրող մեր բարեկամն անցյալ տարի դոլարի դիմաց տեսել էր 447.46 թիվը, այս անգամ նրա աչքերի առջեւ հառնում է 385 թիվը (ստորակետից հետո ընկած թվերում միգուցե աննշան շեղումներ լինեն)։ Դոլարի այսպիսի նվաստացումը դրամի կողմից հպարտության լրացուցիչ լիցքեր է հաղորդում մեր բարեկամին, մանավանդ, որ շքերթի տպավորությունները դեռ թարմ են։ Սակայն գործը դեռ առջեւում է՝ չէ՞ որ դրամով բերված թիվը կրկին ոչինչ չի ասում։ Նորից մի պարզ մաթեմատիկական գործողություն՝ եւ ստացվում է 3 միլիարդ 560 միլիոն դոլար։ Իսկ հիմա կարելի է հաշվել, թե սա քանի՞ տոկոսով է ավելի նախորդ տարվա 2 միլիարդ 593 միլիոնից։ Մաթեմատիկան թեեւ նախորդի պես պարզ չէ, սակայն բարդ էլ չէ եւ համապատասխան գործողություններից հետո ստացվում է հետեւյալը` 37.2% աճ։ Շատ հավանական է, որ նա աչքերին չհավատա եւ նորից կրկնի թվաբանական գործողությունները։ Ստանալով նույն թիվը՝ կժպտա, կասի «շատ աղեկ է», եւ հոգեկան բավարարվածության մեծ զգացումով կպառկի քնելու՝ առավոտյան իր տպավորությունները ընկերների եւ ծանոթների հետ կիսելու հաստատ մտադրությամբ։

Ի՞նչ եք կարծում, սա ինչպե՞ս կազդի այս անձնավորության վարքագծի վրա։ Ի նկատի ունեմ Մայր Հայրենիքին դրամով օգնելը (վերջիվերջո, մեր իշխանավորները ամենաառաջին հերթին հենց սա են ակնկալում)։ Կա երկու տարբերակ։ Կարող է մտածել՝ Հայաստանը վայրենի տեմպերով զարգանում է, առանց իր ուղարկած գումարի էլ արդեն կարող է ոտքի կանգնել եւ 21-րդ դարն իրենով անել (ինչպես ասում էր Վարդան Օսկանյանը), եւ այլեւս գումար չուղարկել։ Կամ էլ ընդհակառակը՝ կարող է ոգեւորվել, եւ է՛լ ավելի եռանդուն կերպով փող ուղարկել Հայաստան՝ ակամայից նպաստելով դրամի հետագա արժեւորմանը (ինչպես ասում է ԿԲ-ն)։

Համենայնդեպս, մի բանում համոզված եմ՝ եթե այս սփյուռքահայն իր այս հաշվարկները ոգեւորությամբ ներկայացնի որեւէ հայաստանցի պաշտոնյայի, վերջինս ոչ մի դեպքում չի ապացուցի դրանց սխալ լինելը։ Իմ կարծիքով՝ բազմանշանակ կժպտա՝ իր ամբողջ դիմախաղով արտահայտելով հետեւյալ միտքը. «Բա՞, շատ էլ, որ մեզ համեստ ենք պահում ու չենք ասում, թե ոնց ենք զարգանում»։

Իսկ խեղճ սփյուռքահային միգուցե ոչ ոք այդպես էլ չասի, որ ունենք արդյունաբերության բացարձակ ծավալների անկում, սնանկացման եզրին կանգնած ձեռնարկություններ, արտահանման ծավալների նվազում, արտաքին առեւտրի ավելացող դեֆիցիտ եւ դոլարի արժեզրկումից տուժած տասնյակ հազարավոր ընտանիքներ։ Ասենք՝ պետք էլ չէ ասել, ինչո՞ւ «դուխաթափ» անել։ Վերջապես, ով ուզում է իմանալ, նա ամեն ինչ էլ շատ լավ գիտի։