Երեկ կայացել է հակակրիմինալ շարժման հերթական հավաքը, որի ընթացքում ներկայացվել են նախաձեռնության ընդունելիք հայտարարության վեց տարբերակ: Վերջնական տարբերակը կներկայացվի սեպտեմբերի 27-ին եւ կստորագրվի մեկ օր անց: Հակակրիմինալ նախաձեռնությանը մաս են արդեն մոտ երկու տասնյակ կուսակցություններ: Վերջերս նրանց են միացել նաեւ Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ը եւ Հնչակյան կուսակցությունը: Հավաքի մասնակիցները երեկ հրապարակել են կրիմինալի հետ կապված կոնկրետ անուններ: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշակի հարցեր է ներկայացրել Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանված Արմեն Վիրաբյանի (Շվարց) վերաբերյալ: «Արմեն Վիրաբյանը արդյոք այն նույն Շվարցը չէ՞, որ մի քանի տարի առաջ երեք հոգանոց խմբով մեկնել էր Մոսկվա` Սերժ Ջիլավյանի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելու: Չի՞ ձերբակալվել արդյոք Շվարց մականունով Արմեն Վիրաբյանն այն ժամանակ. նախաքննության, քննության արդյունքում չի՞ պարզվել արդյոք, որ նա այդ մարդն է: Ես հարց եմ տալիս ՀՀ վարչապետին եւ նախարար Սերժ Սարգսյանին: Իմանալով այդ փաստերը` ինչպե՞ս է այդ մարդը մնացել համակարգում, համակարգը փոխել այլ համակարգի եւ այդպիսի բարձրագույն պաշտոն զբաղեցրել հարկային ծառայությունում: Եթե չեն իմացել, ապա ինչո՞ւ են այդ պաշտոնները զբաղեցնում, եթե իմացել են, պարտակել են, ապա սա արդյո՞ք կրիմինալի եւ իշխանության սերտաճման ակնառու դեպք չէ»,- ասել է Ա. Կարապետյանը: Իսկ Գառնիկ Մարգարյանն էլ հայտարարել է, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ունի 50-ից ավելի օբյեկտներ, 10-ից ավելի գործարաններ, 5-ից ավելի ավտոձեռնարկություններ, 10-ից ավելի գինու կոմբինատներ: Բացի այդ, ըստ Գ. Մարգարյանի, Հ. Աբրահամյանը բաժնեմաս ունի սեփականաշնորհված որոշ ձեռնարկություններում (Արարատ-ցեմենտ), սեփականաշնորհված տարածքներ ունի Սեւանում, Հանքավանում: «Ինչպե՞ս, ի՞նչ աշխատանքի, ինչպիսի՞ աշխատավարձով է այդ կարճ ժամանակահատվածում, 1988-ին ոմն ավտոլվացող կամ ավտոպահեստամասերի վաճառող ձեռք բերում այս ամենը, ով այսօր նախարար է: Եթե արդար է` թող մեզ պատժեն, եթե ոչ` թող նա պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Գ. Մարգարյանը: Երեկ հավաքի մասնակիցները որոշել են, որ կոնկրետ անունների եւ փաստերի հրապարակումը շարունակվելու է, սակայն երբ իրենք հարկ կհամարեն: Ի դեպ, հավաքի մասնակից ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմությունը հայտարարագրի իր ունեցվածքը, որպեսզի ավելորդ խոսակցությունների առիթ չդառնա: Այս առաջարկը երեկ առանձնապես չի ողջունվել: