Ռազմական վերջին շարասյունը լքեց Վրաստանը

29/09/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուսաստանը կատարեց Վրաստանի տարածքից իր ռազմակայանները դուրս բերելու 2006թ. պլանը: Երեքշաբթի օրն Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից Ծալկայի երկաթուղային կայարանի մոտ հատուկ պատրաստված կառամատույցից դեպի ռուսական կողմ շարժվեց այս տարվա վերջին` 12-րդ շարասյունը` 3 տանկ, 11 զենիթային հրանոթներ եւ 300 տոննա զինամթերք: Այս ամենը տեղի ունեցավ հակառակ այն ենթադրությունների, թե հնարավոր են անկարգություններ Ջավախքի հայ բնակչության կողմից, որի մեծ մասն աշխատում էր ռուսական ռազմակայանում:

Վրացական կողմը չի թաքցնում իր գոհունակությունը 2006թ. մարտի 31-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության կատարումից` վերացնելու Վրաստանում ռուսական ռազմական ներկայությունը: «Եթե մեր բոլոր պայմանավորվածությունները ռուսական կողմը կատարեր նույն հետեւողականությամբ, ապա շատ ավելի քիչ խնդիրներ կլինեին միջպետական հարաբերություններում»,- այդ կապակցությամբ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Սակայն բացառված չէ, որ հաջորդ տարի ռազմական տեխնիկայի դուրսբերումը նույնքան հարթ չընթանա: Բանն այն է, որ 2007թ., համաձայն հաստատված գրաֆիկի, ռուսական կողմը պետք է սկսի Բաթումի 12-րդ ռազմակայանը վերացնելու աշխատանքները: Անդրկովկասում ռուսական զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովի խոսքերով` Բաթումում իրավիճակը տարբերվում է Ախալքալաքի իրավիճակից, քանի որ վերջինս շատ ավելի մոտ է Ծալկային, որտեղից էլ ռազմական շարասյուներն ուղղվում են Ռուսաստան: «Վրացական ոստիկանության պահանջները ռուսական տրանսպորտային միջոցների տեղաշարժի նկատմամբ չափազանց խիստ են: Բացի այդ, Բաթումը հանգստավայր է, եւ հանգստյան սեզոնի բացման հետ նոր յուրահատկություններ ի հայտ կգան, որոնք պետք է հաշվի առնել 2007թ. ռազմակայանները դուրս բերելու նախապատրաստվող առաջարկությունների ժամանակ»,- լրագրողներին հայտարարեց Պոպովը: Նրա խոսքերով` այդ առաջարկությունները փաստացի ձեւակերպված են եւ հոկտեմբերի կեսերին կներկայացվեն ՌԴ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությանը, ինչից հետո կսկսվի վրացական կողմի հետ մանրամասների համաձայնեցումը:

2007թ. ընդհանուր առմամբ նախատեսվում է դուրս բերել մոտ 400 վագոն ռազմական տեխնիկա: «2007թ. փոխադրումների ծավալը կլինի մոտավորապես այնքան, որքան 2006-ին` պայմանով, որ Ադրբեջանն իր տարածքը կտրամադրի տրանզիտի համար, ինչպես դա եղավ այս տարի»,- հայտարարեց Պոպովը: Ըստ նրա` Բաթումի ռազմակայանից ամբողջությամբ պետք է դուրս բերվի ծանր տեխնիկան, իսկ Ախալքալաքի ռազմակայանը պետք է փակվի մինչեւ 2007թ. դեկտեմբերի 1-ը: «Փակումից հետո անձնակազմը կտեղափոխվի Բաթումի ռազմակայան, որը կադրերի լուրջ պակաս ունի, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս լրացնել անձնակազմի պակասը Ռուսաստանից բերված կադրերով: 2007թ. ռազմակայանների դուրսբերումը նախատեսված է սկսել մարտին եւ ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները»,- հայտարարեց Պոպովը:

2006թ. Ռուսաստանը Վրաստանից դուրս է բերել ընդհանուր առմամբ 727 միավոր տեխնիկա, 6 տոննա նյութական միջոցներ: Տեխնիկայի եւ զինամթերքի մի մասը տեղափոխվել է Հայաստան` Գյումրի քաղաքի ռուսական ռազմակայան: Բացի այդ, ըստ Պոպովի, վրացական կողմին են հանձնվել մի շարք շինություններ, որ այլեւս չէին օգտագործվում իրենց կողմից: «Մինչեւ հոկտեմբերի վերջը վրացական կողմին կհանձնվեն նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Մախինջաուրի քաղաքի մերձակայքում գտնվող հանգստյան տունը եւ Բաթումի հրետանային գնդի զինվորական ավանը»,- լրագրողներին հայտնեց Պոպովը:

Իսկ Վրաստանում շարունակվում են Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Ներկայացուցչական պատվիրակության այցից հետո, որը Բաթումում մի շարք հանդիպումներ ունեցավ ՊՆ Իրակլի Օքրուաշվիլու հետ եւ երկրից հեռացավ իրադրության մասին տանտերերին հաճոյախոսություններ անելով, Վրաստան ժամանեց ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության փոխհրամանատար, գեներալ Ուիլյամ Վորդը: Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ նա շնորհակալություն հայտնեց վրացական կողմին Արեւելքում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Խորհրդարանի նախագահն իր հերթին ընդգծեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարեւորությունը: Նինո Բուրջանաձեի կարծիքով` Վրաստանում առկա հիմնախնդիրների լուծման հարցում վճռորոշ կարող է լինել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նոր ձեւաչափի` ինտենսիվ երկխոսության (ID) անցնելը: «Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակամիջոցում անցնել ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսության, քանի որ Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրմանը»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը, ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի վեբ-կայքը:

Նախատեսված են նաեւ գեներալ Վորդի հանդիպումները ՊՆ Իրակլի Օքրուաշվիլու, գերատեսչության այլ ղեկավարների հետ, որոնց ընթացքում ենթադրվում է ստորագրել փաստաթուղթ «Կայունության պահպանման օպերացիա»-ի երկրորդ ծրագրի երկարացման մասին, որն իրականացվում է ԱՄՆ-ի` վրացական զինված ուժերին օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում: Այն նախատեսում է Վրաստանի զինված ուժերի առանձին գումարտակների` ռազմական տեխնիկայով զինումը: