Դասագրքերի դեֆիցիտի լուծման բանաձեւեր

29/09/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել է նոր, 2006-2007թթ. ուսումնական տարին, սակայն հանրակրթական հաստատություններում աշակերտներին բաժանված, այսինքն` վարձակալության տրված դասագրքերի դիմաց գումարների գանձումների գործընթացը դեռեւս ավարտված չէ:

Մեր տեղեկություններով, վերջին ժամկետ հայտարարված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը նշում էր, որ իր դպրոցում վարձակալության գումարների հավաքագրումը գրեթե ավարտված է, մնացել է մարել դրանց մի չնչին մասը: Պաշտոնապես այն կոչվում է դասագրքերի վերարտադրման գործընթաց: Այս նպատակով ամեն տարի նախարարության որոշումով դպրոցներին բաժանվում են հատուկ գնացուցակներ: Օրինակ, այս տարի 1-3-րդ դասարաններում բոլոր դասագրքերն անվճար են` բացառությամբ անգլերենի եւ ռուսերենի: Դասագրքերի վարձակալության գները տատանվում են 250-ից մինչեւ 400 դրամի սահմաններում: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» ԾԻԳ-ի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանի խոսքերով, այս տարի, անցյալ տարվա նկատմամբ, գումարների հավաքագրելիությունը կազմում է մոտ 96 տոկոս, գումարային տեսքով այն կազմում է 806 մլն դրամ: Իսկ 45-50 հազար տպաքանակով մեկ առարկայի դասագիրք տպագրելու համար (ամբողջ հանրապետության դպրոցականների համար) պահանջվում է մոտ 50 մլն դրամ:

Ծնող Մ. Հախվերդյանն ասում է, որ դպրոցականներին տրվող դասագրքերը հաճախ վատ պահպանված, անմխիթար վիճակում են լինում: Երկրորդ վատ հանգամանքն էլ այն է, որ վարձակալված դասագրքերը շատ դեպքերում ուսումնական պրոցեսում չեն կիրառվում, եւ ծնողը պարտադրված է լինում սեփական միջոցներով հայթայթել նաեւ տվյալ դպրոցի նախընտրած դասագրքերը: Երրորդ հանգամանքն էլ այն է, որ վարձակալության գումարներով հաճախ չի թարմացվում անհրաժեշտ դասագրքային ֆոնդը: Օրինակ, ինչպես նա նշեց, այս տարի դժվար են ճարվում 9-րդ դասարանի «Հայոց լեզու», «Աշխարհագրություն» առարկաների դասագրքերը: Ընդհանրապես, շուկայական հարաբերություններում գոյություն ունի նաեւ դասագրքերի բիզնես, այսինքն, ազատ վաճառվող գրքերը (մրցույթով շահած հրատարակություններին այդ իրավունքը վերապահված է) անցնելով ձեռքից ձեռք, կրկնակի թանկացման միտում են ունենում, եւ ցածր գնողունակ ազգաբնակչության համար դառնում են անհասանելի: «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ գտնվող գետնանցումում գրքերի առքուվաճառքով զբաղվող երիտասարդ վաճառող Արսենը, որը շատ դժգոհ էր իր բիզնեսից, ասում էր, որ, դասագրքերը շատ վատ են վաճառվում: «Այս տարի շատ են հարցնում 5-րդ դասարանի «Գրականություն», որից ես էլ չունեմ: Առավել մեծ պահանջարկ ունեն ռուսական (ՌԴ-ում տպագրված) դասագրքերը»,- ասում էր գրքերի բիզնեսմենը: Նա անգիր գիտեր Երեւանի դպրոցներից յուրաքանչյուրի «որդեգրած» դասագրքերը: Օրինակ, նրա ասելով, Պուշկինի անվան դպրոցում աշակերտները սովորում են միայն ռուսական դասագրքերով: Ընդ որում, գետնանցման գրքերի աշխարհում դասագրքերի գները գրախանութներում վաճառվողներից 500-600 դրամով թանկ են: Այսպես, 6-րդ դասարանի «ձփպովՌՍ ւՐպրՑՏՎՈՑՌ