Երգիր ստվերից դուրս

06/05/2005

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ստվերային տնտեսության դեմ պայքարն
այս տարի պետք է գերխնդիր լինի, Հարկային ծառայության մարմիններն ընկալել
են տառացիորեն: Տնտեսվարող սուբյեկտներում ստեղծած շիլաշփոթով
չբավարարվելով, Հարկայինը որոշել է բյուջեն լցնելու համար «մտնել» նաեւ
երգիչների գրպանը. հատ-հատ կանչելով կամ այցելելով նրանց՝ տեսուչները
տեղեկացրել են, որ այսուհետ նրանք պետք է երգեն «Հարկայինի թրի տակ»:
Երգիչների շրջանում այս նորամուծությունն առաջացրել է դժգոհություն. նրանք
որոշել են համախմբվել եւ չենթարկվել: Նրանց կարծիքով, հարկ պետք է մուծեն
ոչ թե իրենք, այլ հրավիրող կազմակերպությունները: Հարկային պետական
ծառայության Հասարակայնության հետ կապերի բաժինը չհերքեց այս լուրը եւ
տվեց հետեւյալ պարզաբանումը (ներկայացնում ենք որոշ խմբագրումով). 1. Եթե
արվեստագետը ստանում է աշխատանքային պայմանագրով նախատեսված
վարձատրությունը, ապա վճարվող եկամուտից եկամտահարկի եւ սոցապ վճարների
պարտավորությունը կրում է գործատուն: 2. Եթե տարվա ընթացքում
պայմանագրերից ստացված եկամուտը գերազանցում է 3 մլն դրամը, ապա
արվեստագետն արդեն պետք է վճարի 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): 3. Այն
դեպքում, երբ արվեստագետն իր գործունեությունն անձամբ է կազմակերպում, ապա
պետք է ունենա տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակ եւ իր գործունեությունից
ստացած եկամուտների մասով կրի օրենսդրությամբ սահմանված հարկային եւ սոցապ
վճարների գծով պարտավորությունները:
Տվյալ դեպքում՝ հարկային մարմինը նախընտրելի է համարում պարզեցված հարկի
ռեժիմը, որը փոխարինում է ԱԱՀ-ին եւ յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկվում է
համերգային գործունեությունից ստացված եկամուտների 5%-ի չափով: