Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը Վրաստանին կոչ է արել գործնականում կիրառել ընտանիքներում բռնությունների դեմ պայքարի մասին օրենքը: Կազմակերպությունը հայտարարել է, որ անցած մայիսին դրա ընդունումը կարեւոր քայլ էր եւ «Վրաստանը պարտավոր է առաջնահերթ դիտել ընտանիքներում բռնություններն արմատախիլ անելու խնդիրը»: Վրաստանում հազարավոր կանայք տարատեսակ հալածանքների, ծեծի են ենթարկվում իրենց ամուսինների կողմից: Ըստ «Amnesty International»-ի, Վրաստանի ոստիկանությունը եւ բժշկական ծառայությունները պատրաստ չեն համարժեք արձագանքել ընտանեկան բռնությունների դեպքերին: